• Մեր վերքերը կարող են հույսի աղբյուր լինել

    «Համեմատենք մեր վերքերը Հիսուսի վերքերի հետ, որպեսզի մեր վերքերը նույնպես սկսեն լույս ճառագել»:


    Ապրիլի 5-ի՝ Ավագ չորեքշաբթիի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց Տիրոջ Չարչարանքների Ավետարանը (Մտթ․ 26,14-27,66), որը Եկեղեցին կարդացել էր անցյալ կիրակի։

     

    Նորին Սրբությունը հիշեցնում է, որ Սբ․ Մատթեոսը այս դրվագն ավարտում է հետևյալ խոսքերով․ «Եվ վեմը կնքեցին» (տես՝ 27,66)։ Հիսուսի աշակերտների համար այդ քարը նշանակում էր հույսի փլուզում, «հնարավոր ամենավատ ավարտը», և այս մռայլ հուսահատությունն այսօր ևս մեզ խորթ չէ. «Որտեղի՞ այդքան անտարբերություն Աստծո հանդեպ։ Ինչու՞ աշխարհում այդքան շատ չարիք կա։ Ինչո՞ւ է անհավասարությունը շարունակում աճել, սակայն երկար սպասված խաղաղությունը չի գալիս։ Այսօր «հույսը երբեմն անվստահության քարի տակ է թաղված թվում», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Հիսուսի աշակերտների հիշողության մեջ մնաց միայն խաչը, ամեն ինչի վերջը, սակայն շուտով նրանք նոր սկիզբ են հայտնաբերում նրա մեջ։ Հենց այդպես է աճում Աստծո հույսը, որը երբեք չի հիասթափեցնում, ընդգծեց Նորին Սրբությունը։ Չարչարանքների ամենասարսափելի գործիքից՝ խաչից, Աստված դուրս է բերում սիրո ամենամեծ նշանը։

     

    Որպեսզի բժշկվենք տխրության ու դառնության վարակից, որով աղտոտում ենք Եկեղեցին ու աշխարհը, պետք է նայենք խաչելությանը և տեսնենք Հիսուսին՝ մերկ ու վիրավոր։

     

    «Եվ Նրան խաչը հանելով՝ բաժանեցին Նրա զգեստները» (տես՝ Մտթ․ 27,35), – մեկնաբանեց Ավետարանը Սրբազան Քահանայապետը․Աստված, ով ունի ամեն ինչ, թույլ է տալիս իրեն ամեն ինչից զրկել, սակայն Նրա նվաստացումը փրկագնման ճանապարհն է։ Տերը հաղթում է մեր արտաքին շքեղությանը, քանի որ մեզ համար դժվար է ընդունել, թե ով ենք մենք, դեն նետել զարդարված զգեստներն ու դիմակները: Հաճախ մենք պաշտպանվում ենք խաբուսիկ և ավելորդ իրերով, սակայն դրանք խաղաղություն չեն բերում։ Ամեն ինչից զրկված Հիսուս հիշեցնում է, որ հույսը վերածնվում է, երբ մենք հրաժարվում ենք երկերեսանիությունից ու ստից, երբ մենք մեզ տեսնում ենք «ճիշտ այնպես, ինչպես Աստված է սիրում մեզ տեսնել»։ Դրա համար էլ պետք է վերադառնալ գլխավորին՝ սրտին, վերադառնալ զուսպ պարզությանը՝ մաքրվելով սրտի կեղտից և դառնությունից: Նորին Սրբությունը հորդորեց  հավատացյալներին ազատվել ավելորդ իրերից և տալ կարիքավորներին, որպեսզի «իրենք իրենց գտնեն»։

     

    Գողգոթայում մենք տեսնում ենք վիրավոր Հիսուսին: Նրա մարմնական վերքերին ավելանում են հոգու վերքերը: Քրիստոս մենակ է, մատնված ու մերժված, դատապարտված իշխանությունների կողմից և նույնիսկ լքված Աստծո կողմից (տես՝ Մտթ. 27,46): Ամեն մի մարդ վիրավորված է կյանքից, կրում է իր սխալների, ուրիշի թյուրըմբռման, վիրավորանքի ու անարգանքի սպիները։ Սակայն Տերը չի թաքցնում իր վերքերը, այլ ցույց է տալիս դրանք՝ ասելով, որ «Զատիկին կարող ես նոր ճանապարհ բացել՝ սեփական վերքերը լույսի ճանապարհ դարձնելով»։ Հենց այդպես էլ անում է Հիսուս Խաչի վրա. Նա ոչ մեկին չի դատապարտում, այլ սիրում և ներում է Իրեն տանջողներին՝ տառապանքը վերածելով սիրո (տես՝ Ղկ. 23,34):

     

    Խնդիրն այն չէ, թե որքան ենք մենք վիրավորվել կյանքից, այլ այն, թե ինչպես վարվենք այդ վերքերի հետ, որովհետև կարելի է թույլ տալ, որ դրանք թարախակալվեն վրդովմունքի և տխրության պատճառով, սակայն կարելի է նաև համեմատել Հիսուսի վերքերի հետ, որպեսզի մեր վերքերը նույնպես սկսեն լույս ճառագել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մեր վերքերը կարող են դառնալ հույսի աղբյուր, երբ մենք չենք թաքցնում դրանք և հառաչում ինքներս մեզ վրա, այլ սրբում ենք ուրիշների արցունքները, օգնում կարիքավորներին, երբ ինքներս մեզ քննադատելու փոխարեն խոնարհվում ենք չարչարվողների վրա, երբ սիրո ծարավ ունենք, սակայն հագեցնում ենք նրանց ծարավը, ովքեր մեր կարիքն ունեն: Միայն այդ ժամանակ ենք մենք գտնում ինքներս մեզ, երբ դադարում ենք մտածել մեր մասին: Հենց այդ ժամանակ է, ըստ Սուրբ Գրքի, որ մեր վերքերը ապաքինվում են (տես՝ Եսայու 58,8) և հույսը նորից ծաղկում է»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց