«Քրիստոսի անսահման սերն ի զորու է մեր քարե սրտերը վերածել մարմնական սրտերի»:
Ապրիլի 2-ի առավոտյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորեց Ծաղկազարդի ավանդական արարողությունը, որը սկսվեց արմավենու և ձիթենու ճյուղերի օրհնությամբ ու շարունակվեց հանդիսավոր երթով։ Սուրբ պատարագին ներկա էին շուրջ 60 հազար հավատացյալներ ու ուխտավորներ ամբողջ աշխարհից։
«Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ» (Մտթ. 27,46): Սրանք միակ խոսքերն են, որ այսօրվա Ավետարանում դուրս եկան Խաչյալի շուրթերից, որոնք ցույց են տալիս մեզ Քրիստոսի տանջանքների ու չարչարանքների գագաթնակետը, որոնք նա կրեց մեր փրկության համար», – ընդգծեց Նորին Սրբությունը: Խաչելության ժամին Տերն անհամար ֆիզիկական և հոգևոր տանջանքներ ապրեց ու զգաց, սակայն ամենից տխուրը Աստծո կողմից լքված լինելն էր. Քրիստոս տեսնում է փակ երկինքն ու դառը կործանում ապրում: Նա կանչում է Ամենակարողին. «Ինչո՞ւ թողեցիր ինձ»:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստվածաշնչում «թողնել» բայը հայտնվում է ծայրահեղ ցավի՝ մերժման և դավաճանության, այրիության և որբության, անարդարության, միայնության և հիվանդության ժամանակ: Քրիստոս այս ամենը զգաց Խաչի վրա՝ իր վրա վերցնելով ողջ աշխարհի մեղքերը: Աստծո միածին և սիրելի Որդին ապրեց Իր համար շատ խորթ մի իրավիճակ՝ լքվածություն Աստծուց: Տերը դա միայն մեզ համար արեց՝ ցանկանալով մարդկանց հետ լինել մինչև վերջ, որպեսզի ոչ ոք իրեն միայնակ և կորած չհամարի։ Հիսուսն Աստծո կողմից Իրեն լքված զգաց, որպեսզի մեզ հետ լինի կյանքի ամենաանտանելի և անհույս պահերին, ընդգծեց Նորին Սրբությունը: Խաչի վրա Իրեն ամբողջովին լքված զգալով, Հիսուս չի տրվում հուսահատությանը, այլ աղոթում է և Իրեն ավանդում Հոր ձեռքը (տես՝ Ղկ. 23,46): Նույնիսկ այդ ժամանակ Նա շարունակում է սիրել յուրայիններին, ովքեր Իրեն մենակ թողեցին և մեծահոգաբար ներում է Իր դահիճներին (տես՝ Ղկ. 23,34): «Այստեղ մեր չարի անդունդը ընկղմվում է ավելի մեծ սիրո մեջ», և մեր տառապանքները պարփակվում են Աստծո ողորմածության սիրառատ գրկում:
Քրիստոսի անսահման սերն ի զորու է մեր քարե սրտերը վերածել մարմնական սրտերի, որոնք ընդունակ են կարեկցանքի և քնքշության, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Լքյալ Քրիստոսը խրախուսում է մեզ Իրեն փնտրել և սիրել լքված մարդկանց մեջ», քանի որ Ինքը բնակվում է նրանց մեջ՝ մեր Փրկիչը, Ով մեզ փրկելու համար իջավ մեր մարդկային էության խորքերը: Ահա թե ինչու Նա ցանկանում է, որ մենք հոգ տանենք մեր այն եղբայրների ու քույրերի մասին, ովքեր իրենց ծայրահեղ ցավով և միայնությամբ նման են Իրեն: Այսօր ժողովուրդներ ու ազգեր են կեղեքվում և նրանց մասին ոչ ոք չի հիշում, կան մեծաթիվ լքված աղքատներ, գազթականներ, բանտարկյալներ, անօթևաններ: Մերժվածների շարքում են նաև դեռ չծնված երեխաները, միայնակ ծերերը, բոլորի կողմից մոռացված հիվանդները, հաշմանդամները, «երիտասարդությունը, որը ներսում խորը դատարկություն է զգում, քանի որ ոչ ոք չի լսում նրա ցավի ճիչը»:
Մեզ՝ Լքվածի աշակերտներիս համար, ընդգծեց Նորին Սրբությունը, ոչ ոք չի կարող թողնվել բախտի քմահաճույքին: Հիշենք, որ մերժվածները «Քրիստոսի կենդանի սրբապատկերներն են», որոնք հիշեցնում են Նրա անսահման սիրո և լքվածության մասին, որն էլ մեզ փրկում է միայնությունից և բարոյալքումից:
Եկե՛ք սիրենք Հիսուսին ամեն մի լքյալ ու մերժված մարդու մեջ, քանզի միայն այդպես կարող ենք նմանվել Նրան, ով հանուն մեզ «խոնարհեցրեց Ինքն Իրեն» (Փիլիպ. 2,7), խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը