«Միայն ամեն մի մարդու արդարությունից է ծնվում խաղաղություն համայն մարդկության համար»:
«Բռնությունը խաբեություն է, քանզի այն հակասում է մեր հավատքի ճշմարտությանը, մեր մարդկայնության ճշմարտությանը: Բռնությունը ոչնչացնում է այն, ինչը իբր ձգտում է պաշտպանել՝ մարդկանց արժանապատվությունը, կյանքը, ազատությունը» (Հովհաննես Պողոս II):
Չնայած աշխարհը տանջող բազմաթիվ դրամաներին՝ քրիստոնյաները խոնարհ վստահությամբ խոստովանում են, որ միայն Տեր Աստվածն է հնարավորություն տալիս մարդկանց և ազգերին հաղթահարել չարը՝ բարուն հասնելու համար:
Աշխարհը բարեկեցիկ դարձնելու համար անհրաժեշտ է մաքուր խղճով պնդել, որ բռնությունն անընդունելի չարիք է, որը երբեք խնդիրներ չի լուծում։
«Մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք» (Հռոմ. 12,17): Այս արատավոր շրջանակից դուրս գալու համար պետք է ընդունենք առաքյալի խոսքերը. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12,21):
Ազգային և միջազգային մակարդակներով քաղաքական հանդիպումները ծառայում են խաղաղության գործին միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը հարգում են իրենց ստանձնած պարտավորությունները։ Հակառակ դեպքում, այդ հանդիպումները կարող են դառնալ վտանգավոր և անիմաստ, ինչի արդյունքում մարդիկ անվստահություն կհայտնեն երկխոսությանը և կապավինեն ուժի կիրառմանը՝ որպես վեճերի լուծման միջոց:
Քանի դեռ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն համարձակվում կասկածի տակ դնել իշխանության ղեկավարման և ժողովուրդների բարեկեցությունն ապահովող իրենց կերպարը, ապա դժվար կլինի պատկերացնել դեպի խաղաղություն տանող իրական առաջընթացի հնարավորությունը:
Խաղաղության և առաջընթացի կարելի է հասնել միայն մարդու սրտում գրված համընդհանուր բարոյական օրենքների նկատմամբ տածած հարգանքով:
Թո՛ղ մեր աղոթքի լույսի շողը չշրջանցի նաև նրանց, ովքեր խստագույնս վիրավորում են Աստծուն և մարդկանց այդ անողոք վայրագություններով. թո՛ղ նրանք նորից վերագտնեն իրենք իրենց և գիտակցեն իրենց արած չարիքը, որպեսզի դա նրանց ստիպի հրաժարվել ամեն տեսակ դաժան մտադրություններից և ներման ուղիներ փնտրել:
Հանուն խաղաղության աղոթել նշանակում է աղոթել Աստծո ներման և առավել համարձակ դառնալու համար, որը պահանջվում է յուրաքանչյուրից, ով պատրաստ է իր հերթին ներել իրեն հասցված վիրավորանքները:
Ներումը կարող է թուլություն թվալ, սակայն իրականում ներումը խոսում է մեծ հոգևոր և բարոյական անսասան ներուժի մասին։
Արդարությունն ու ներումը հաճախ ընկալվում են որպես հակադիր հասկացություններ։ Սակայն ներումը հակադրվում է չարին ու վրեժին, այլ` ոչ թե արդարությանը: Ներումն ամենից առաջ ենթադրում է այնպիսի լիարժեք արդարություն, որը հանգեցնում է այնպիսի խաղաղության, որը վեր է բախումների փխրուն և ժամանակավոր դադարեցումից, քանզի դա հոգիներում արյունահոսող վերքերի խորը բժշկում է: Ե՛վ արդարությունը, և՛ ներումը կենսական նշանակություն ունեն նման բժշկման համար:
Ինչ վերաբերում է մշակութային նորմերին, որոնց կրողները ներգաղթյալներն են, ապա դրանք պետք է հարգվեն և ընդունվեն, սակայն պայմանով, որ դրանք չեն հակասում համընդհանուր էթիկական, բարոյական արժեքներին:
Մշակույթը, որը հրաժարվում է դիմել Աստծուն, կորցնում է իր հոգին և մոլորվում՝ վերածվելով մահվան մշակույթի, ինչի մասին վկայում են ХХ դարի ողբերգական իրադարձությունները և ինչպես ցույց են տալիս նիհիլիզմի հետևանքները, որոնք այսօր էլ հանդիպում են արևմտյան աշխարհի նշանավոր շրջանակներում։
Հայրենիքի հանդեպ սերը՝ որպես արժեք, պետք է խրախուսվի, սակայն առանց նեղմտության՝ սիրելով ողջ մարդկային ընտանիքը և զերծ մնալով հիվանդագին դրսևորումներից, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այդ զգացումը դառնում է ինքնագովեստ և ուրիշի մերժում՝ վերածվելով ազգայնականության, ռասիզմի և այլատյացության տարբեր ձևերի։
Հավատքի և բանականության, կրոնական և բարոյական զգացմունքների հանդիպումից բխում է վճռորոշ ներդրումը ժողովուրդների, մշակույթների և կրոնների միջև երկխոսության ու համագործակցության ուղղությամբ:
Ցանկացած հակամարտության ժամանակ չպետք է ոտնահարվեն քաղաքացիական անձանց անվտանգության իրավունքները:
Պատերազմները, որպես կանոն, չեն լուծում այն խնդիրները, որոնց դեմ պայքարում են և, բացի այդ, անօգուտ են ու սարսափելի վնասներ են պատճառում:
Ցանկանում եմ մի քանի խոսք ասել ԶԼՄ-ների մասին, որոնք կարևոր դեր են խաղում հասարակական կարծիքի ձևավորման գործում և, որպես հետևանք, քաղաքացիների վարքագիծը կողմնորոշելու հարցում։ Ինչպես չի կարելի ժխտել մարդու իրավունքների ոտնահարման հարցում նրանց պատասխանատվության բաժինը… այնպես էլ անհնար է անտեսել երկխոսության և համերաշխության ոլորտում վեհ նախաձեռնություններ առաջ մղելու նրանց վաստակը, որոնք հասունացել են փոխըմբռնման և խաղաղության համար արված նրանց կոչերի շնորհիվ:
«Խաղաղության իրավունքի խթանումը որոշ չափով ապահովում է մնացած բոլոր իրավունքների պահպանումը, քանի որ նպաստում է այնպիսի հասարակության կառուցմանը, որտեղ հարաբերությունները կառուցվում են ոչ թե հաշվի առնելով ուժային դիրքերը, այլ՝ ընդհանուր բարեկեցությունն ու համագործակցությունը:
Մարդու կյանքը սուրբ և անձեռնմխելի է իր բեղմնավորման պահից մինչև բնական մահը:
«Մենք բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ հետևանքներ ունեցան այնպիսի գաղափարախոսությունները, ինչպիսիք են մարքսիզմը, նացիզմը և ֆաշիզմը, կամ էլ ռասայական գերազանցության, ազգայնականության և էթնիկ մեկուսացման վերաբերյալ առասպելները։ Թեև այդքան էլ ակնհայտ չեն, սակայն ոչ պակաս վտանգավոր են նյութապաշտական սպառողականության հետևանքները, որի շրջանակներում կյանքի բարձրագույն նպատակն է դառնում անհատի փառաբանումը և անձնական կարիքների եսակենտրոն բավարարումը:
«Փափագեք արդարն ու ճշմարիտը, նույնիսկ եթե այդ հավատարմությունը պահանջում է զոհաբերություն և պարտավորեցնում գնալ հակառակ հոսանքին: Միայն ամեն մի մարդու արդարությունից է ծնվում խաղաղություն համայն մարդկության համար:
Ողորմած սիրուց զատված արդարությունը դառնում է սառն ու ցավոտ։
Նա, ով չի ցանկանում ներել, ինքն իրեն զրկում է Աստվածային ներումից:
Ներողություն խնդրելն ու այն շնորհելը՝ իսկապես մարդու արժանի ուղին է, երբեմն դա միակ ճանապարհն է, որը թույլ է տալիս դուրս գալ երկարամյա ու դաժան ատելությամբ նշանավորվող իրավիճակներից… Ներման ազատագրող փորձառությունը, որը թեև զերծ չէ դժվարություններից, կարող է ընկալել նույնիսկ տանջված սիրտը՝ սիրո բուժիչ զորության շնորհիվ, որի առաջնային աղբյուրը Աստված-Սերն է:
Շատ կարևոր է… կարդալ ու սովորել այլ ժողովուրդների պատմությունը՝ միաժամանակ խուսափելով չմտածված կամ կանխակալ դատողություններից և ձգտելով հասկանալ բոլոր նրանց տեսակետները, ովքեր պատկանում են այդ ժողովուրդներին: Հենց այստեղ է թաքնված մանկավարժական ու մշակույթային կարգի իրական մարտահրավերը՝ քաղաքակրթության մարտահրավերը: Եթե ընտրվի այս ճանապարհը, ապա կբացահայտվի, որ սխալները երբեք միակողմանի չեն լինում, պարզ կդառնա, թե ինչպես է երբեմն ներկայացված պատմությունը խեղաթյուրվում և նույնիսկ շահարկվում ողբերգական հետևանքներով։
Ես լիովին գիտակցում եմ, թե ինչպես կարող է ներողամտությունը հակասել մարդկային տրամաբանությանը, որը հաճախ ենթարկվում է ժխտման կամ վրեժխնդրության դինամիկային… Սակայն եթե Եկեղեցին համարձակվում է հռչակել այն, ինչը կարող է խելագարություն թվալ համամարդկային ընկալմամբ, ապա դա արվում է Աստծո անսահման սիրո հանդեպ Եկեղեցու անսասան հավատքի պատճառով:
Մենք բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք՝ ոչ միայն պատերազմի ողբերգությունը հասարակությունից հեռացնելու, այլ նաև մարդու իրավունքների ցանկացած խախտում կանխարգելելու համար, որն ունի մարդկային անհատականությունը հենց իր բեղմնավորման պահից:
Եթե հարաբերությունները ծնողների ու ընտանիքի մյուս անդամների հետ ջերմ, մտերմիկ և փոխըմբռնված են, ապա երեխաները կենդանի օրինակով սովորում և ընկալոմ են այն արժեքները, որոնք նպաստում են խաղաղության գործին. սեր ճշմարտության և արդարության հանդեպ, պատասխանատու ազատության զգացում, հարգանք և ուշադրություն մերձավորի նկատմամբ:
Երեխաներն արդեն իսկ մեր ներկա ապագան են և հանուն նրանց խաղաղ ապագա ստեղծելու համար՝ մենք պետք է այնպես անենք, որ երեխաները զգան և հասկանան, թե ինչ է նշանակում «խաղաղություն»:
Ընտանիքը կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության պահպանման և ամրապնդման գործում: Այդ ներդրումն այնքան կարևոր է ու վճռական, որ Ընտանիքի միջազգային տարվան ընդառաջ՝ ես ցանկանում եմ օգտվել ինձ ընձեռված հնարավորությունից, որպեսզի այս Ուղերձը նվիրեմ Խաղաղության Համաշխարհային օրվան և խորհեմ ընտանիքի ու խաղաղության միջև եղած սերտ հարաբերությունների մասին:
Թո՛ղ հարուստներն ու աղքատները կարողանան միմյանց ընդունել որպես եղբայրներ և քույրեր՝ կիսելով այն ամենը, ինչ ունեն, որպես Աստծո զավակներ, Ով սիրում և բարիք է ցանկանում բոլորին, Ով բոլորին առաջարկում է խաղաղության պարգևը:
Խաղաղությունը հիմնարար բարօրություն է, որը ենթադրում է մարդկային իրական արժեքների հարգանք և առաջխաղացում՝ կյանքի իրավունք նրա զարգացման բոլոր փուլերում։
Միջկրոնական շփումները, էկումենիկ երկխոսության հետ միժամանակ, ներկայումս կարծես պարտադիր միջոց լինեն, որպեսզի հարյուրամյակներ տևած դժբախտ պառակտումներն այլևս չկրկնվեն, իսկ եղածներն էլ շուտափույթ լուծում ստանան:
Խաղաղությունը ոչ միայն քաղաքական և դիվանագիտական հմուտ բանակցությունների կամ տնտեսական փոխզիջումների արդյունք է, այլ ամենից առաջ կախված է Նրանից, թե Ով է կարդում մարդկանց սրտերը և ուղղորդում նրանց քայլերը։ Մենք պետք է կենդանի պահենք Ասսիզիի իսկական ոգին, ոչ միայն որպես հետևողականության և հավատարմության պարտականություն, այլ նաև ապագա սերունդներին հույսի երաշխիք առաջարկելու համար:
Մեր անհատույց հասանելիությունը ճշմարտությանը մեզ տալիս է թանկարժեք պատասխանատվություն՝ հռչակելու միայն այն ճշմարտությունը, որը տանում է դեպի ազատություն և խաղաղություն բերում բոլորին, որը Քրիստոս Հիսուսով մարմնավորված ճշմարտությունն է:
Ցանկացած փորձ, որի նպատակն է ճնշելու կամ ոչնչացնելու այն ամենը, ինչը թանկ ու սիրելի է մարդու համար, կարող է վերածվել բացահայտ կամ քողարկված ապստամբության:
Կրոնական համոզմունքները հրապարակայնորեն և քաղաքացիական կյանքի ցանկացած ոլորտում արտահայտելու երաշխավորված իրավունքը ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության անհրաժեշտ տարր է։ Անձի խղճի ամբողջական ազատության և, մասնավորապես, ճշմարտությունը փնտրելու ազատության մերժումը, ինչպես նաև ճշմարտությունն այս կամ այն ձևով ընկալելու պարտադրումը, հակասում է անհատի նվիրական իրավունքին:
Վերականգնել ճշմարտությունը, ամենից առաջ, նշանակում է բռնության ակտերն անվանել իրենց անուներով, ինչպիսին էլ, որ դրանք լինեն: Անհրաժեշտ է խոշտանգումներն իրենց անունով անվանել ու պատշաճ կերպով որակավորել բոլոր ոտնձգությունները, մարդու շահագործումը մարդու, պետության և ժողովրդի շահագործումն էլ ժողովրդի կողմից:
«Մի՛ վստահեք բռնությանը, մի՛ աջակցեք դրան։ Բռնությունը քրիստոնեական ճանապարհ չէ, դա Կաթողիկէ Եկեղեցու ուղին չէ։ Հավատացե՛ք խաղաղությանը, ներողամտությանը և սիրուն, քանզի դրանք պատկանում են Քրիստոսին»։
Բռնությունն ու անարդարությունը խորապես արմատացած են ամեն մի մարդու, մեզանից յուրաքանչյուրի սրտում՝ մեր ամենօրյա տրամաբանության և վարքագծի մեջ: Բավական է հիշել այն դեպքերը, երբ կոպտորեն խախտվում է ամենաթույլ և անպաշտպան մարդկանց կյանքի հիմնարար իրավունքը։
Չի կարելի ուրիշներից և հասարակությունից ինչ-որ բան պահանջել, իսկ հետո քեզ ամեն ինչ թույլ տալով՝ միայն քեզ համար ապրել:
Առաջընթացի և զարգացման ընթացքում, որը մենք անվանում ենք խաղաղություն և արդարություն, պետք է կիրառվեն այն նույն արժեքները, որոնք ի հայտ են գալիս մեր այն պատկերացումներից, թե ինչպես են մարդն ու Աստվածը իրենց դրսևորում ողջ մարդկային ցեղի հետ հարաբերություններում:
Խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ երիտասարդների միջև ընդգծված և համատարած համաձայնություն, միասնություն կա, և դա զարմանալի ներուժ է համընդհանուր բարօրության համար: Բայց երիտասարդությունը չպետք է բավարարվի խաղաղության բնազդային ցանկությամբ. այդ ցանկությունը պետք է վերածվի ամուր բարոյական համոզմունքի, որն ընդգրկում է մարդկային խնդիրների ողջ շրջանակը և ստեղծում բարձր արժեքներ:
Խաղաղությունն ու զարգացումը խեղաթյուրող հակասությունների ու լարվածության ամենախոր արմատները պետք է փնտրել մարդու սրտում։ Ամենից առաջ պետք է փոխել մարդկանց սիրտն ու վարքագիծը, իսկ դա պահանջում է նորացում, առանձին մարդկային անհատականությունների հոգևոր դարձ։
Ուղիղ ճանապարհը դեպի համաշխարհային հանրություն, որտեղ արդարությունն ու խաղաղությունը անսահմանորեն թագավորելու են բոլոր ժողովուրդների և մայրցամաքների միջև, համերաշխության, երկխոսության և համընդհանուր եղբայրության ճանապարհն է: Եվ սա միակ հնարավոր ճանապարհն է:
Երկխոսությունը կարող է բացել բազմաթիվ դռներ, որոնք փակվել են լարվածության պատճառով, որն էլ բնորոշել է Արևելքի և Արևմուտքի միջև եղած հարաբերությունները:
Մարտահրավերը, որը մենք բոլորս պետք է ընդունենք, դա սոցիալական համերաշխության դիրքորոշումն է ողջ մարդկային ընտանիքի նկատմամբ, որն էլ հենց բնորոշում է մեր մոտեցումը բոլոր սոցիալական և քաղաքական խնդիրներին:
Ժողովրդի կամ ազգի առողջության հիմնական չափանիշն այն է, թե նրանք ինչ կարևորությունն են տալիս ընտանիքի բնականոն զարգացման պայմաններին։ Ընտանեկան կյանքի բարենպաստ պայմանները նպաստում են հասարակության ներդաշնակությանը և իրենց հերթին ամրապնդում խաղաղությունը երկրում և ամբողջ աշխարհում:
Արդյո՞ք ինձ կլսեն նրանք, ովքեր բռնություն և ահաբեկչություն են գործոմ: Բոլոր նրանց, ովքեր կլսեն իմ ձայնը, ես նորից եմ խնդրում հրաժարվել այն նպատակներից, որոնց հասնելու համար պետք է բռնություն գործել, նույնիսկ եթե այդ նպատակներն ինքնին արդար են: Ես խնդրում եմ ձեզ այլևս չսպանել ու չվիրավորել անմեղ մարդկանց։ Ես խնդրում եմ ձեզ չխարխլել հասարակության հիմքերը: Քանզի բռնության միջոցով չկա իրական արդարություն ոչ ձեզ, ոչ էլ մեկ ուրիշի համար: Դուք դեռ կարող եք փոխվել, եթե, իհարկե, ցանկանում եք: Դուք դեռ կարող եք ցույց տալ ձեր մարդկայնությունը և ընդունել մարդկային համերաշխությունը:
Արդյո՞ք հնարավոր է ուղղել այն վնասը, որն արդեն հասցվել է (արարչագործությանը): Հասկանալի է, որ ճշգրիտ լուծումը չի կարող լինել պարզապես ավելի լավ կառավարումը կամ երկրագնդի ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործումը: Գիտակցելով նման միջոցառումների գործնական օգտակարությունը՝ անհրաժեշտ է վերադառնալ ակունքներին և ընդունել գոյություն ունեցող բարոյական խորը ճգնաժամը, որի անհանգստացնող կողմերից մեկը շրջակա միջավայրի դեգրադացիան է։
Անհնար է խորը անհանգստությամբ չնայել կենսաբանական հետազոտությունների սարսափելի հնարավորություններին։ Հնարավոր է, որ մենք դեռևս ի վիճակի չենք բնության մեջ չափել այն բոլոր խախտումները, որոնք առաջացել են կամայական գենետիկական մանիպուլյացիաների պատճառով, էլ չենք խոսում մարդկային կյանքի սկզբնաղբյուր ներխուժուման մասին: Անհնար է չնկատել, որ անտարբերությունը կամ էթիկայի հիմնարար նորմերի մերժումը մարդուն տանում է դեպի ինքնաոչնչացում:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը