• «ՕՐՀՆԵԱԼ ԼԻՆԻ ՆԱ, ՈՎ ԳԱԼԻՍ Է ՏԻՐՈՋ ԱՆՈՒՆՈՎ» ԳԵՐՅ. ՀԱՅՐ ԳԱՌՆԻԿ Ծ. ՎՐԴ. ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

    «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն բարձունքներում» (Մատթ. 21:9)


    Կիրակի, 02  ապրիլ, 2023 թուական.

     

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցին մեծ շուքով տօնեց Ծաղկազարդը: Տօնի առիթով Եկեղեցում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ տեղի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Եկեղեցին լեցուն էր հաւատացեալներով եւ մանուկներով, ովքեր օրուա խորհրդի համաձայն եկել էին ստանալու մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրհնութիւնը:

    Սուրբ գրային ընթերցումներից յետոյ գերյարգելի վարդապետը ներկայացրեց օրուա ուղերձը.

     

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

     

    Այսօր Հայոց Եկեղեցին տօնում է Ծաղկազարդը կամ, ինչպէս ժողովրդի մօտ է ընդունուած ասել՝ Ծառզարդարը: Ծաղկազարդը հռչակուել է նաեւ մանուկների օրհնութեան օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղէմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն» (Մատթ. 21:15):

     

    Այդ օրը եկեղեցիներում կատարուում է Մանուկների օրհնութեան կարգ, որպէսզի նրանք ճանաչեն, սիրեն ու վստահեն մեզ անչափ սիրող, խնամող ու բարի Աստծուն: Եւ այդ օրհնութեամբ նրանց հանձնում ենք Քրիստոսի հոգատար խնամքին՝ վստահ լինելով, որ կը մեծանան բարի զաւակներ առաջին հերթին Աստծոյ, ապա եւ մեզ համար:

     

    Ըստ Եկեղեցու՝ Յիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճիւղեր ընծայելն առանձնակի պատիւներ եւ հանդիսաւորութիւն է նշանակել: Ձիթենին ընկալուել է որպէս իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանիշ: Ծաղկազարդը խորհրդանշում է նաեւ արարչութեան առաջին օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ լոյսը տարածելով՝ հալածեց խաւարը:

     

    Յիսուսն ուզեց երկրային կեանքի վերջին օրերն ապրել իր աշակերտների հետ եւ խրախուսել նրանց, որպէսզի կարողանան գալիք դժուար ու փոթորկալից օրերին յաղթանակել, ուստի, նրանց խոստացաւ ասելով. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20):

     

    Երուսաղէմից սկիզբ առաւ փրկագործութեան ծրագիրը Աստուծոյ արարածների հանդէպ եւ Դաւիթ մարգարէն իր սաղմոսների մէջ ասում է. «Սա է օրն այն, որ Տէրը ստեղծեց. եկէք ցնծա՛նք եւ ուրախանանք այսօր» (Սաղմ. 117:24):

     

    Եւ, Երուսաղէմի ժողովուրդը, ծերերը, երիտասարդները եւ մանուկները «ոստովք եւ ձիթենէօք» դիմաւորեցին թագաւորին թագաւորաց՝ երգելով սաղմոսները. «Օվսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում» (Մարկ. 11, 9-10):

     

    Աշխարհի փրկիչն ու թագաւորը՝ մարմնացեալ Աստուծոյ Որդին, մահացաւ անարգ մահով խաչափայտի վրայ, որպէսզի Իր յարութեամբ մարդկանց շնորհի յաւիտենական կեանքի անգին պարգեւը։ Այս մեծագոյն խորհուրդը դժուար ընկալելի եւ դժուար ըմբռնելի է շատերի համար։

     

    Եւ արդ, այս յաղթական տօնը հրաւէր է՝ ընդառաջ գնալու Երկնաւոր Թագաւորին, ով գալիս է կատարելու Իր Հօր կամքը՝ ազատագրելու մեզ մեղքի խաւարից եւ մահուան արհաւիրքից, այսօր Նա գալիս է թագաւորելու մեր սրտերին եւ փարատելու մեր վախերն ու կասկածները։ Ընդունե՛նք Նրան մեր սրտերում եւ հաւատարիմ մնանք Նրան, ով Իր կեանքն անգամ չխնայեց մեզ համար։ Սրտաբուխ աղօթքով փառաբանենք մեր Տէր Յիսուս Քրիստոսին՝ ասելով. «Օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութիւն` բարձունքներում»։

     

    Սիրելինե՛րս ձեզ հրաւիրում եմ, Ծաղկազարդի այս տօնին լայն բացելու մեր սրտերի դռները Քրիստոսի դիմաց, նրա ոտքերի առջեւ փռելու մեր հին զգեստները, այսինքն՝ մեր մեղքերը, հոգսերը եւ առօրեայ դժուարութիւնները, որպէսզի մեր Տէրը՝ Խաղաղութեան Իշխանը, վերանորոգի մեր հոգիները, ծաղկազարդի մեր կեանքը, առաջնորդի մեզ դէպի խաղաղութեան նաւահանգիստը: Եւ թո՛ղ որ Քրիստոս Իր յաղթական մուտքով հրավառի բոլորիս հոգիները, ցանի սիրոյ կենարար հունդերը իւրաքանչիւրիս սրտերի մէջ եւ պարգեւի փրկարար, գթառատ ու հոգեշահ ներշնչանքներ՝ ի բարօրութիւն մեր Հայ Կաթողիկէ Եկեղեցու:

     

    Բարի Ծաղկազարդ համայն հայութեան: Ամէն:»

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ

     

Օրացույց

Օրացույց