• Ավետարանական եռանդի հիմքն Աստծո սերն է

    «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է»:


    Մարտի 29-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման ու առաքելական եռանդի վերաբերյալ և խոսեց ավետարանական եռանդի «առաջին վկայի»՝ Պողոս առաքյալի մասին:

     

    Նորին Սրբությունը դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին՝ ընդգծեց, որ տարսոնցի Պողոսի պատմությունը խորապես խորհրդանշական է. Գաղատացիներին ուղղված նամակի առաջին գլխում, ինչպես նաև Գործք Առաքելոց գրքում, մենք տեսնում ենք, որ «Ավետարանի հանդեպ նրա եռանդն ի հայտ է գալիս իր դարձից հետո, նա կիրք ու եռանդ էր դրսևորում նաև հուդայականության մեջ»: Սողոսն արդեն իսկ «եռանդուն» էր, սակայն Քրիստոս նրա եռանդը Օրենքից դարձնում է դեպի Ավետարանը: Սկզբում նա ձգտում էր քանդել Եկեղեցին, սակայն հետո ջանասիրաբար կառուցում է այն: Ըստ Սրբազան Քահանայապետի, այստեղ մի քանի հարցեր են առաջանում. «Ի՞նչ պատահեց: Ի՞նչ փոխվեց Պողոսի մեջ։ Ի՞նչ իմաստով փոխակերպվեց նրա եռանդը»։

     

    Նորին Սրբությունը, որպես օրինակ, մեջբերեց Սբ. Թովմա Աքվինացու տեսությունը, որի համաձայն կրքերը բարոյականությունից դուրս են. առաքինի վերբերմունքը դրանք դարձնում է բարոյապես բարի ու լավը, իսկ մեղքը՝ վերածում է չարիքի (տես՝ Quaestio “De veritate” 24,7): Սավուղին փոխեց ոչ թե գաղափարը կամ համոզմունքը, այլ հանդիպումը հարություն առած Տիրոջ հետ, որը փոխեց նրա ողջ էությունը: Պողոսի մարդկայնությունը, կիրքն Աստծո և Նրա փառքի հանդեպ չէր ոչնչացվել, այլ փոխակերպվել էր, «դարձի բերվել» Սուրբ Հոգու շնորհիվ: Սա վերաբերում է առաքյալի կյանքի բոլոր ասպեկտներին, ընդգծեց Նորին Սրբությունը՝ զուգահեռներ անցկացնելով Սուրբ Հաղորդության հետ. «Հացն ու գինին չեն անհետանում, այլ դառնում են Քրիստոսի Մարմինն ու Արյունը։ Պողոսի եռանդը մնում է, սակայն դառնում է դեպի Քրիստոսը»: Նման արմատական փոփոխությունների պատճառը գաղափարը չէ, այլ հենց կյանքը, ինչի մասին ասում է Պողոսը. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (2 Կորնթ. 5,17):

     

    Ավետարանացման գործում առաքելական եռանդը հասկանալու կամ ուսումնասիրելու հարց չէ, որն օգտակար է, սակայն չի պարզաբանում ծագումը, քանզի, ավելի շուտ, դա «անկման և հարության» փորձառությունն է, որն ապրեց Պողոսը, և որն ընկած է նրա առաքելական եռանդի վերափոխման հիմքում: Այս համատեքստում Սրբազան Քահանայապետը մեջբերեց է Սբ. Իգնատիոս դե Լոյոլային. «Առատ գիտելիքը չէ, որ սնուցում և հագեցնում է հոգին, այլ տվյալ իրադարձության կամ դեպքի ներքին ընկալումն ու զգացողությունը» (Հոգևոր վարժություններ 2,4):

     

    Նորին Սրբությունն ընդգծեց Պողոսի տարիմաստ բոլոր փոփոխությունները, երբ նա հալածչից դարձավ Քրիստոսի առաքյալ. «Քանի դեռ նա իրեն արդար է համարում Աստծո առաջ,  իրեն իրավունք է վերապահում հալածելու, ձերբակալելու և նույնիսկ սպանելու, ինչպես Ստեփանոսի դեպքում»: Սակայն, Տիրոջ լույսով լուսավորվելուց հետո, հասկանում է, որ եղել է «հայհոյիչ, հալածիչ և անարգող (տես՝ 1 Տիմոթ. 1.13), այնուհետև իսկապես սիրելու կարողություն է ձեռք բերում:

     

    «Թո՛ղ Տերը օգնի մեզ գտնել Հիսուսին, հանդիպել Հիսուսին: Թո՛ղ Հիսուսը փոխի մեր կյանքը և օգնի մեզ օգնելու ուրիշներին», – աղոթեց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց