• Շատացնել «ողորմածության օջախները»

    «Խոստովանահայրը պետք է լինի ողորմածության նախանձախնդիր ծառան»:


    Մարտի 23-ի մասնավոր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահայապետը Պողոս VI սրահում ընդունեց Առաքելական Ապաշխարության ատյանի կողմից կազմակերպված խոստովանահայրերի 32-րդ դասընթացի մասնակիցներին։

     

    Ըստ Նորին Սրբության, Եկեղեցին «ապրում է ողորմածություն ցուցաբերելու անհագ ցանկությամբ, որն իր վերապրածի պտուղն է ՝ շնորհիվ Հոր անսահման ողորմածության և Նրա համապարփակ զորության» (Evangelii gaudium 24): Հետևաբար անխզելի կապ կա Եկեղեցու միսիոներական կոչման և նրա ողորմածության միջև՝ հանուն բոլոր մարդկանց փրկության: Սա հատկապես վերաբերում է խոստովանահայրերի ծառայությանը Մեծ Պահքի ընթացքում, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Խոստովանահոր պատրաստակամությունը դրսևորվում է ավետարանական կեցվածքում: Ամենից առաջ, բոլորին ընդունել առանց նախապաշարմունքների, քանզի միայն Տերը գիտի, թե ինչ կարող է անել շնորհը սրտերում: Այնուհետև մեծահոգաբար լսել եղբայրներին և մեղքերին թողություն տալ՝ առատաձեռնորեն բաշխելով Աստծո ներումը: Ուղեկցել ապաշխարության ճանապարհին և համընթաց քայլել հավատացյալների հետ՝ առանց որևէ հարկադրանքի, համբերությամբ և մշտական ​​աղոթքով»:

     

    Խոստովանահայրը պետք է ինքն իրեն ընդունի որպես մեղավոր և լինի ողորմածության նախանձախնդիր ծառան, քանի որ միայն այդ դեպքում «խոստովարանները մարդկանցով լեցուն կլինեն»։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ տեղական Եկեղեցիների հովվական ծրագրերում միշտ պետք է լինի Հաշտության Խորհրդի ծառայությունը.

     

    «Ես նկատի ունեմ, որ խոստովանահայրեր պետք է լինեն ամեն մի տաճարում և սրբավայրում, ես նախ և առաջ մտածում եմ խոստովանահոր կանոնավոր և երկարատև ներկայության մասին ամեն մի հովվական թաղամասում, ինչպես նաև եկեղեցիներում, որտեղ ծառայում են վանական համայնքները, որպեսզի միշտ հերթապահ խոստովանահայր լինի։ Թո՛ղ խոստովարանները երբեք դատարկ չմնան»։

     

    Իրականացնելով ողորմածության առաքելությունը՝ Եկեղեցին պետք է հավատացյալներին նախապատրաստի «սիրո հանդիպմանը»՝ այդ ամենի մասին հոգալով երեխաների առաջին իսկ խոստովանության ժամանակ: «Անհատական ​​խոստովանությունը արտոնյալ ճանապարհ է, քանի որ այն նպաստում է Աստվածային ողորմածության հետ անձնական հանդիպմանը, որին սպասում է յուրաքանչյուր ապաշխարող սիրտ»: Համայնքային ապաշխարության արարողությունների ժամանակ պետք չէ  հրաժարվել անհատական ​​Խոստովանությունից:

     

    Ժամանակակից աշխարհում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, ցավոք սրտի, «ատելության և վրեժխնդրության օջախների պակաս չկա», ուստի խոստովանահայրերը կանչված են «ողորմածության օջախները» շատացնելու համար, քանզի ոչինչ այնպես չի հալածում և հաղթում չարին, ինչպես Աստվածային ողորմածությունը:

     

    Իր ելույթի ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց Առաքելական Ապաշխարության ատյանին նորից բացահայտել «ողորմածության բնական շարունակության կարևորությունը»՝ 2025թ. մոտալուտ Հոբելյանին ընդառաջ:

     

    «Շնորհակալ եմ ձեր ամենօրյա աշխատանքի և ողորմածության գետերի համար, որոնց ջրերով մարելու եք չարի կրակը և վառելու Սուրբ Հոգու կրակը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց