• ԱՒԵՏՈՒՄՆ ԱՍՏԾՈՅ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆՆ Է

    «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կըհղիանաս եւ կըծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կըդնես» (Ղուկ. 1, 30–31)


    Շաբաթ, 25 մարտ, 2023 թուական.

    Տօն Աւետման Սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի

     

    Տօնի առիթով Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Սուրբգրային ընթերցումներից յետոյ Հայր Սուրբը խօսեց տօնի մասին եւ ներկայացրեց օրուայ խորհուրդը.

     

    «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

     

    Այսօր Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնում է Մարիամ Աստուծածնի Աւետման տօնը: Աւետումը քրիստոնէական տօն է, որը նուիրուած է Սուրբ Աստուածածնին, երբ Գաբրիէլ հրեշտակապետն այցելում է Սուրբ Կոյս Մարիամին եւ յայտնում մարդկութեան փրկութեան աւետիսը: Աւետումը Սուրբ Աստուածածնին նուիրուած ութ տօներից մէկն է: Աւետման այս հրաշագեղ պատմութիւնը մեզ է աւանդել Ղուկաս աւետարանիչը. «Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մոտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է… Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կը հղիանաս եւ կը ծնես մի որդի եւ նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: … Ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: (Ղուկ. 1, 26:33):

     

    Հրեշտակապետի աւետիսը շփոթմունք է առաջացնում Մարիամի մօտ, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչում: Սակայն, իմանալով իրողութիւնն, ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38): Սա է աւետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Ղուկաս աւետարանիչը:

     

    Աւետումը Կաթողիկէ Եկեղեցու անշարժ տօներից է, որը միշտ տօնուում է մարտի 25-ին։

     

    Սուրբ Աստուածամայրը համարուում է մեր բոլորի մայրը եւ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ծնողը, քանզի Նա է սկիզբը Սուրբ Ծննդեան Աւազանի»:

     

     

    Համաձայն եկեղեցիներում տօնական Սուրբ Պատարագի աւարտին կատարվուող օրհնութեան կարգի՝ Գերյարգելի վարդապետը կատարեց Պատարագին մասնակցող կանանց օրհնութեան կարգ եւ տօնի առիթով նրանց նուիրեց գեղեցիկ վարդեր՝ փոխանցելով իր սրտի բարեմաղթանքը.

     

     

     

     

    «Սիրելի՛ մայրեր, քոյրեր եւ դուստրեր,

     

    Թոյլ տուէք ջերմօրէն շնորհաւորել ձեզ Աւետման տօնի օրուայ առիթով։

     

    Խրիմեան Հայրիկը մօրը համարում էր ընտանիքի թագուհի. «Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրայ նստում են ծնողները՝ հայրն իբրեւ թագաւոր, մայրն իբրեւ թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը: Այս ընտանեկան պալատում եւ թագաւորութիւնում ո՛չ ոստիկան կայ, ո՛չ սուր, ո՛չ բռնութիւն, ո՛չ գաւազան. ամէն տեղ հայրական սէր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը»:

     

     

    Մաղթում եմ, որ Սուրբ Կոյսի հաւատը, խոնարհութիւնը եւ Նրա մայրական պայծառ կերպարը մշտաբուխ ներշնչման աղբիւր լինեն ձեզ համար։ Թո՛ղ, որ Ամենասուրբ Երրորդութիւնը Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ պարգեւի ձեզ քաջառողջութիւն, երկար տարիներ, անսպառ երջանկութիւն եւ անսահման սեր։ «Եւ թո՛ղ խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։ (Հռոմ. 15:32)։»

     

     

     

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց