«Արդյո՞ք ապրում եք նրանով, ինչին հավատում եք»:
Մարտի 22-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուոսուցումների շարքը ջերմեռանդ ավետարանացման վերաբերյալ և խորհրդածեց ժամանակակից աշխարհում ավետարանացման «առաքելական հորդորագրի» մասին, որը 1975թ. դեկտեմբերի 8-ին հրապարակել է երջանկահիշատակ Սուրբ Պողոս VI (Evangelii Nuntiandi):
Ավետարանացումը միայն վարդապետության և բարոյականության փոխանցումը չէ, ընդգծեց Նորին Սրբությունը: Ամենից առաջ, դա անձնական հանդիպման վկայությունն է Հիսուս Քրիստոսի՝ մարմնավորված Խոսքի հետ, որի միջոցով իրականացվեց փրկությունը: Անձնական վկայությունն անփոխարինելի է, քանզի աշխարհը «պահանջում է, որ ավետարանիչները խոսեն Այն Աստծո մասին, Ում ճանաչում են և Ով մոտ է իրենց» (Evangelii Nuntiandi 76), ինչպես նաև այն պատճառով, որ «ժամանակակից մարդն համակ ուշադրությամբ է լսում վկաներին, քան ուսուցիչներին, <…> կամ էլ լսում է ուսուցիչներին, որովհետև նրանք վկաներ են»։ Այսպիսով, Քրիստոսի մասին վկայությունը ավետարանացման առաջին ուղին է, ինչպես նաև նրա արդյունավետության անհրաժեշտ պայմանը, որպեսզի Ավետարանի հռչակումը պտղաբեր լինի։
Պետք է հիշել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, որ վկայություն է նաև ջերմեռանդ հավատքն առ Սուրբ Երրորդություն, Եռամիասնական Աստված, Ով ստեղծեց և փրկեց մեզ մեր հանդեպ ունեցած սիրո շնորհիվ: Հավատքը փոխակերպում է մարդկանց, նրանց հարաբերությունները, չափանիշներն ու արժեքները, որոնք ազդում են կայացրած որոշումների վրա: Այսպիսով, վկայությունը հավատքի և հռչակման միջև եղած հետևողականության անբաժանելի մասն է:
Ըստ Նորին Սրբության, ամեն մի քրիստոնյա պետք է պատասխանի Սուրբ Պողոս VI կողմից ձևակերպված երեք հիմնարար հարցերին. «Արդյո՞ք դուք իսկապես հավատում եք այն ամենին, ինչ քարոզում եք: Արդյո՞ք ապրում եք նրանով, ինչին հավատում եք: Արդյո՞ք դուք իսկապես քարոզում եք այն, ինչով ապրում եք»: Չպետք է բավարարվել պարզ, պատրաստի պատասխաններով, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. պետք է կարողանալ ռիսկի դիմել և փնտրել՝ լիովին վստահելով Սուրբ Հոգուն, Որը գործում է մեզանից յուրաքանչյուրի մեջ:
Այս առումով քրիստոնեական կյանքի վկայությունը ենթադրում է սրբության ուղի՝ հիմնված Մկրտության վրա, որը մեզ դարձնում է «աստվածային բնության մասնակիցներ, հետևաբար՝ սրբեր» (տես՝ Lumen Gentium 40): Սրբությունը վերապահված չէ քչերին, այն Աստծո պարգև է, որը պետք է ընդունել ու պտղաբեր դարձնել մեզ և ուրիշների համար: Պողոս VI սովորեցնում է, որ ջերմեռանդ ավետարանացումը բխում է սրբությունից: Աղոթքով սնված և Սուրբ Հաղորդության հանդեպ սիրով լցված քարոզչությունը պետք է բարձրացնի քարոզչի սրբությունը (տես՝ Evangelii Nuntiandi 76). Միևնույն ժամանակ, առանց սրբության այս կնիքի, ավետարանչի խոսքը «հազիվ թե ճանապարհ հարթի դեպի ժամանակակից մարդու սիրտը», որին կսպառնա «անիմաստ ու անպտուղ» դառնալու վտանգը:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ավետարանացման հասցեատերերը նաև հավատացյալներն են ի Քրիստոս, Աստծո Ժողովրդի ակտիվ անդամները, հետևաբար Եկեղեցին պետք է սկսի «ինքն իրեն ավետարանելուց»: Ըստ էության, «նա պետք է անընդհատ լսի, ինչին հավատում է, ամրապնդի իր հույսի հիմքերը և առաջնորդվի սիրո նոր պատվիրանով»: «Լինելով Աստծո Ժողովուրդ, ապրելով այս աշխարհում և հաճախ գայթակղվելով կուռքերով, Եկեղեցին անընդհատ կարիք է զգում լսելու Աստծո գործերի հռչակումը: Այլ կերպ ասած, հենց Եկեղեցին կարիք ունի անընդհատ ընկալելու Բարի Լուրը, աղոթելու և զգալու սրտերը փոխակերպող Սուրբ Հոգու զորությունը» (տես՝ Evangelii Nuntiandi 15):
Ավետարանող Եկեղեցին կոչված է Սուրբ Հոգու առաջնորդությամբ քայլելու, ընդգծեց Նորին Սրբությունը: Քրիստոսի Եկեղեցին ամբողջությամբ ուղղված է դեպի Աստծուն, քանզի նա մարդկության փրկության Նրա ծրագրի մասնակիցն է, և միևնույն ժամանակ ամբողջովին ուղղված է դեպի մարդկությունը: Այդ ճանապարհին քրիստոնեական համայնքը պետք է երկխոսություն վարի ժամանակակից աշխարհի հետ, կառուցի եղբայրական հարաբերություններ, հանդիպումներ անցկացնի, լինի հյուրընկալ, կարողանա ճանաչել և ներգրավել ուրիշներին, հոգ տանել ընդհանուր տան՝ Աստծո արարչագործության մասին:
Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին ընթերցել կամ վերընթերցել Evangelii Nuntiandi առաքելական հորդորագիրը՝ Սուրբ Պողոս VI գլուխգործոց ժառանգությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը