«Մարդկութիւնը հրաժարուել է սովորել իր սխալներից».Պապի խօսքը՝ ապրիլի 12-ի պատմական արարողութեանը ներկայ հայերին
Ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սբ. Պատարագ մատուցեց՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի, որի ընթացքում Սբ. Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Վարդապետ Եկեղեցւոյ»: Սբ. Պատարագի սկզբում Սրբազան Քահանայապետն իր խօսքն ուղղեց պատմական արարողութեանը մասնակից հայ հաւատացեալներին՝ գլխաւորութեամբ իր եղբայրակից հայ հովուապետերի՝ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ի, Ամեն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի եւ ասաց հետեւեալը (թարգմանութիւնն՝ ըստ Վատիկանի հրապարակած անգլերեն պաշտոնական տեքստի).
«Մի շարք առիթներով ես խօսել եմ մեր ժամանակի մասին՝ որպէս պատերազմի ժամանակի՝ երրորդ համաշխարհային պատերազմի մասին, որը ծաւալւում է քիչ-քիչ. օրըստօրէ ականատես ենք լինում դաժան հանցանքների, անգութ նախճիրների եւ անիմաստ բնաջնջումների: Տխուր կերպով այսօր եւս լսում ենք լռեցուած ու մոռացուած աղաղակը մեր այնքա՛ն մեծ թւով անպաշտպան եղբայրների ու քոյրերի, ովքեր Քրիստոսի հանդէպ իրենց հաւատքի կամ էթնիկ ծագման համար հրապարակայնօրէն եւ դաժանօրէն սպանւում են՝ գլխատւում են, խաչւում, կենդանի հրկիզւում կամ հարկադրւում լքել իրենց հայրենիքը:
Այսօր էլ ականատես ենք լինում ցեղասպանութեան մի տեսակի, որը հետեւանքն է ընդհանուր կամ հաւաքական անտարբերութեան, Կայէնի մեղսակից լռութեամբ, ով աղաղակում է.«Չգիտեմ, միթէ՞ ես իմ եղբօր պահակն եմ» (Ծննդ.,4:9, Քարոզ՝ Ռեդիփուլիայում, 13 սեպտեմբերի, 2014թ.):
Անցեալ դարում մեր մարդկութիւնն անցաւ երեք զանգուածային եւ աննախադէպ ողբերգութիւնների միջով: Առաջինը, որը շատերի կողմից համարւում է «20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը» (Հովհաննէս Պօղոս եւ Գարեգին Բ, Ընդհանուր հռչակագիր, Էջմիածին, 27 սեպտեմբերի 2001թ.), հարուածեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնեայ ժողովրդին, ինչպէս նաեւ՝ կաթողիկէ եւ ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին եւ յոյներին: Եպիսկոպոսներ եւ քահանաներ, կրոնաւորներ, կանայք եւ տղամարդիկ, տարեցներ եւ նոյնիսկ անպաշտպան երեխաներ ու հաշմանդամներ սպանուեցին: Միւս երկուսը սանձազերծեցին նացիզմն ու ստալինիզմը: Եւ ավելի ուշ ժամանակներում եղան այլ զանգուածային սպանութիւններ, ինչպէս Կամբոջայւոմ, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում: Թւում է՝ մարդկութիւնն անկարող է վէրջ դնել անմեղ արեան հեղմանը: Թւում է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտին յառաջ եկած խանդավառութիւնը ցրւում է եւ անհետանում: Թւում է՝ մարդկութիւնը հրաժարուել է սովորել իր սխալներից, որոնք հետեւանք ենք ահաբեկչութեան օրէնքի, այնպէս որ այսօր էլ կան մարդիկ, ովքեր փորձում են բնաջնջել ուրիշներին սակաւաթիւ այլոց օգնութեամբ եւ մեղսակից լռութեամբ միւսների, ովքեր կանգնած նայում են: Դեռեւս չենք սովորել, որ «պատերազմը խելահեղութիւն է», «անիմաստ սպանդ»:
Սիրելի՛ հայ քրիստոնեաներ, այսօր ցաւով լի սրտերով, բայց եւ միաժամանակ մեծ յոյսով ի Հարուցեալ Քրիստոս, յիշում ենք այդ ողբերգական իրադարձութեան հարիւրամեակը, այս վիթխարի եւ անիմաստ սպանդը, որի դաժանութիւնը ստիպուած եղան տանելու ձեր նախնիները: Անհրաժեշտութիւն է եւ, յիրաւի, պարտաւորութիւն՝ պատուել նրանց յիշատակը, որովհետեւ երբ յիշողութիւնը աղոտանում է, նշանակում է՝ չարը թոյլ է տալիս, որ վերքերը թարախակալեն: Չարիքը քողարկելը կամ մերժելը նման է նրան, որ թոյլ տանք վէրքն արիւնահոսի եւ չվիրակապենք:
Ողջունում եմ ձեզ սիրով եւ շնորհակալ եմ ձեր վկայութեան համար:
Ջերմօրէն ողջունում եմ իմ եղբայր պատրիարքներին եւ եպիսկոպոսներին՝ Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ.Արամ Ա-ին եւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ-ին, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսութիւններին եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքութեանը:
Հաստատապէս վստահ լինելով, որ չարը երբեք Աստծուց չէ, ով անսահմանօրէն բարի է, եւ ամուր կանգնելով հաւատքի մէջ, եկէ՛ք խոստովանենք, որ դաժանութիւնը երբեք չի կարելի համարել Աստուծոյ գործ, եւ, աւելին, բացարձակապէս ոչ մի արդարացում չի կարող գտնել Նրա Սուրբ Անուան տակ: Շարունակե՛նք մեր արարողութիւնը՝ հայեացքներս հառելով Յիսուս Քրիստոսին՝ մեռելներից Հարուցեալին՝ մահուան եւ չարի հաղթողին»:
2015թ. Ապրիլի 12-ին Սրբազան Պապը նաեւ հայ ժողովրդին ուղղուած մի յոյժ կարեւոր ուղերձ հրապարակեց, որը կարող էք ընթերցել այստեղ: