• Քաղաքականությունը ծառայություն է, այլ ոչ թե իշխանություն

    «Պատերազմը քաղաքականության ձախողումն է»:


    Մարտի 18-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում մասնավոր ունկնդրության ժամանակ ընդունեց Policoro հասարակական-քաղաքական նախագծի երիտասարդ մասնակիցներին, որը կազմակերպել էր Իտալիայի Եպիսկոպոսությունը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս տարվա նախագծի թեման՝ խաղաղությունը, հատկապես օրախնդրական է, քանի որ պատերազմը քաղաքականության ձախողումն է. «Այն սնվում է թույնով՝ դիմացինի մեջ թշնամի տեսնելով։ Պատերազմը ցույց է տալիս սպառազինությունների մրցավազքի անհեթեթությունը և դրանց օգտագործումը հակամարտությունները լուծելու համար: Հետևաբար, պահանջվում է «ավելի կատարյալ քաղաքականություն» (տես՝ Fratelli tutti 5), որը դաստիարակում է խաղաղարարի ոգով:

     

    Այսօր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քաղաքականությունը բարի համբավ չի վայելում՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Դրա բազմաթիվ պատճառներից են կոռուպցիան, անարդյունավետությունը, մարդկանց իրական կյանքից հեռու լինելը: Նորին Սրբությունը որպես օրինակ մեջբերեց աստվածաշնչյան մի դրվագ Սամարացի Աքաաբ թագավորի մասին, ով ցանկանում էր տիրանալ արժեքավոր խաղողի այգուն և դրա համար կեղծ մեղադրանքի օգնությամբ սպանեց իր օրինական տիրոջը՝ Նաբոթին (Գ Թագ. 21,1-16):

     

    «Աքաաբը քաղաքական գործչի ամենավատ տեսակն է, ով հետապնդում է ոչ թե ընդհանուր բարօրություն, այլ անձնական շահ՝ կիրառելով ցանկացած միջոց՝ դրան հասնելու համար։ Աքաաբը հայր չէ, այլ տիրակալ է, իսկ նրա թագավորությունը իշխանություն է»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ «քաղաքականությունը, որն իր իշխանությունը դարձնում է տիրապետություն և ոչ թե ծառայություն, ի վիճակի չէ հոգ տանել, քանզի այն ոտնահարում է աղքատներին, շահագործում է հողը և հակամարտությունները լուծում պատերազմի միջոցով»։

     

    Որպես աստվածաշնչյան դրական կերպար՝ Նորին Սրբությունը բերեց Հին Կտակարանի Հովսեփի՝ Հակոբի որդու օրինակը: Եղբայրների չար կամքով հայտնվելով Եգիպտոսում և դառնալով կառավարիչ, նա իրեն հոր պես է պահում: Նա հոգ է տանում երկրի և ժողովրդի բարեկեցության մասին, սովի ժամանակ հացահատիկ է մատակարարում, դառնում է խաղաղության արհեստավոր՝ հանուն հասարակության նորոգման հարաբերություններ հաստատելով:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, քաղաքականությունը սնուցող հոգևորության երկու ասպեկտներն են «հեզությունն ու արգասավորությունը»։ Հեզությունը «սերն է, որը մոտեցնում է և դառնում իրական: <…> Հեզությունն ամենաուժեղ և ամենահամարձակ տղամարդկանց և կանանց ընտրած ճանապարհն է: Քաղաքական կյանքի առօրյա հոգսերի մեջ ամենափոքրը, ամենաթույլը, ամենաաղքատը պետք է դիպչի մեր սրտերին, և իսկապես, նրանք «իրավունք» ունեն խոսելու մեր սրտի և հոգու հետ» (Fratelli tutti 194): Արգասավորությունը ենթադրում է «աջակցություն, հեռատեսություն, երկխոսություն, վստահություն, փոխըմբռնում, լսելու ունակություն: Դա նշանակում է նայել դեպի ապագա և ներդրումներ կատարել ապագա սերունդների մեջ, գործընթացներ սկսել»:

     

    Նորին Սրբությունն առաջարկեց հարցեր, որոնք յուրաքանչյուր լավ քաղաքական գործիչ պետք է տա ​​ինքն իրեն. «Որքա՞ն սեր եմ դրել իմ աշխատանքի մեջ: Ի՞նչ եմ արել ես մեր ժողովրդի առաջընթացի համար։ Ի՞նչ հետք եմ ես թողել հասարակության կյանքում։ Ի՞նչ իրական կապեր եմ ստեղծել: Սոցիալական խաղաղության քանի՞ սերմ եմ ցանել: Ինձ վստահված ոլորտում ի՞նչ օգուտներ եմ բերել» (տես՝ Fratelli tutti 197):

     

    Սրբազան Քահանայապետը Policoro նախագծի երիտասարդ մասնակիցներին ուղղված իր խոսքի ավարտին ընդգծեց.

     

    «Դուք չպետք է մտածեք ընտրական կոնսենսուսի կամ անձնական հաջողության մասին, այլ՝ մարդկանց ներգրավելու, ձեռներեցության զարգացման, երազանքների իրականացման, մարդկանց օգնելու մասին, որպեսզի նրանք զգան համայնքին պատկանելու գեղեցկությունը: Մասնակցությունը բալասան է ժողովրդավարության վերքերին: Ես կոչ եմ անում ձեզ ձեր ներդրումն ունենալ, մասնակցել և հրավիրել ձեր հասակակիցներին՝ միշտ նպատակադրված և ծառայության ոճով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց