«Տերը մեկնում է Իր ձեռքը, որպեսզի բարձրացնի մեզ, երբ մենք անկեղծ սրտով և ոգու աղքատությամբ հանձնվում ենք Նրան»:
Մարտի 17-ի երեկոյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սանտա-Մարիա-դել-Գրացիե-ալ-Տրիոնֆալեի հռոմեական ծխում գլխավորեց ապաշխարության արարողությունը: Ապաշխարության պատարագը տեղի ունեցավ «24 ժամ Տիրոջ համար» աղոթական դիտավորության շրջանակներում, որը Նորին Սրբության որոշմամբ տեղի է ունենում ամեն տարի Մեծ Պահքի ընթացքում աշխարհի կաթողիկէ թեմերում։
Հաշտության Խորհուրդը պետք է լինի «տոնական հանդիպում, որը բժշկում է սիրտը և բերում ներքին խաղաղություն»: Այն պետք է լինի ոչ թե «մարդկային դատաստան, որից պետք է սարսափել», այլ Աստվածային գրկախառնություն, որով կարելի է մխիթարվել, իր քարոզում ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Քրիստոսի աշակերտները չեն կարող թաքնվել «երկերեսանության դիմակի հետևում», այլ պետք է վստահությամբ ապավինեն Աստծո ողորմածությանը՝ ընդունելով իրենց սեփական սխալներն ու թուլությունները։
Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Սուրբ Պողոսը հրաժարվեց ամեն ինչից՝ հեղինակությունից, փառքից, նույնիսկ իր «կրոնական ունեցվածքից»՝ ամեն ինչ համարելով ունայնություն և աղբ, միայն Քրիստոսին շահելու համար (տես՝ Փիլ. 3,7-8): Մաքսավորի և փարիսեցու ավետարանական առակը (Ղկ. 18:9-24), ըստ Սրբազան Քահանայապետի, մատնանշում է «փարիսեցուն» մեզանից յուրաքանչյուրի մեջ և նախազգուշացնում քրիստոնյաների ամբարտավանության մասին, ովքեր հավատում են, որ իրենք արդեն իսկ փրկված են ու արդար, նրանք այլևս Աստծո կարիքը չեն զգում: Նման մարդիկ սովորաբար պարծենում են իրենց կրոնավորությամբ և ասում. «Ես գնում եմ եկեղեցի, մասնակցում եմ պատարագին, ես ամուսնացած եմ, պսակադրված եմ եկեղեցում, իսկ ահա նրանք ամուսնալուծված մեղավորներ են»: Արդյունքում նրանց աղոթքը վերածվում է մենախոսության։
Սակայն պետք է նմանվել մաքսավորին, դիմել Աստծուն և ասել. «Ես մեղավորներից առաջինն եմ»։ Որովհետև Աստված մոտենում է մեզ, երբ մենք անկեղծ ենք ու առանց կեղծավորության ենք խոսում Նրա հետ: Տերը մեկնում է Իր ձեռքը, որպեսզի բարձրացնի մեզ, երբ մենք անկեղծ սրտով և ոգու աղքատությամբ հանձնվում ենք Նրան: «Այսպիսին է մեր Տերը, – ընդգծեց Նորին Սրբությունը, – Նա սպասում է մեզ ներքևում, որովհետև Հիսուս Քրիստոսով Նա ցանկացավ «իջնել հատակը»: Նա չի վախենում իջնել մեր անդունդները, դիպչել մեր մարմնի վերքերին, ընդունել մեր աղքատությունը, կյանքի անհաջողություններն ու սխալները, որոնք մենք բոլորս թույլ ենք տալիս թուլության կամ անփութության պատճառով: Տերը միշտ սպասում է մեզ, հատկապես, երբ մենք խոնարհաբար ներում ենք խնդրում Խոստովանանքի Խորհրդի ժամանակ:
Սրբազան Քահանայապետը խնդրեց հավատացյալներին խղճի ստուգում անցկացնել և Աստծուց ներողություն խնդրել այն բանի համար, որ «մենք մեզ արդար ենք համարում և արհամարհում ենք ուրիշներին», բամբասում ենք մեր մերձավորներին և հոգ չենք տանում նրանց մասին, աղքատների ու տառապյալների, թույլերի ու լքյալների հանդեպ մեր անտարբերության համար, «կյանքի, արարչագործության դեմ գործած մեր մեղքերի ու կեղծ վկայության համար, որն արատավորում է Մայր Եկեղեցու գեղեցիկ դեմքը», մեր խաբեության, կեղծավորության, թափանցիկության և օրինականության բացակայության համար, մեր թաքնված մեղքերի և չարության համար, որոնք, առանց գիտակցելու, պատճառել ենք ուրիշներին, բարություն անելու հնարավորությունները բաց թողնելու համար:
Նորին Սրբությունը կոչ արեց խոստովանազավակներին լինել ողորմած.
«Խնդրում եմ, ներե՛ք ամեն ինչ, միշտ ներե՛ք: Խոստովանանքի Խորհուրդը տանջելու համար չէ, այլ՝ խաղաղություն բերելու: Ներե՛ք այնպես, ինչպես Աստված է ձեզ ներում»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը