«Առաքյալը Սուրբ Հոգու զորությունը հագած ու Քրիստոսի կողմից առաքելությամբ կանչված և ուղարկված անձնավորություն է»:
Մարտի 15-ին շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց մի թեմայի շուրջ, որպես հիմք ընդունելով «Վատիկանի Երկրորդ ժողովի» փաստաթղթերը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում լինել «առաքյալ» մեր օրերում, Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս բառը սովորաբար վերաբերում է Հիսուսի ընտրած տասներկու աշակերտներից մեկին, երբեմն այդպես են կոչվում որոշ սրբեր կամ, ընդհանրապես, եպիսկոպոսներ։ Սակայն, ամեն մի քրիստոնյա կոչված է առաքյալ լինելու Եկեղեցում, «որը Հավատաբանության մեջ մենք դավանում ենք որպես առաքելական»:
Առաքյալը Սուրբ Հոգու զորությունը հագած ու Քրիստոսի կողմից առաքելությամբ կանչված և ուղարկված անձնավորություն է՝ (տես՝ Հովհ. 20:21-22, Մկ. 3:14, Մտթ. 10:1-42), ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սուրբ Պողոսն իր թղթերում ներկայացված է հետևյալ կերպ. «Պողոսը՝ Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը լինելու կոչվածը» (Ա Կորնթ. 1,1), «Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքյալ, ընտրված քարոզելու Աստծո Ավետարանը» (Հռոմ. 1,1): Տերը կանչեց նրան, «ընտրել էր նրան դեռ մոր որովայնից», Ավետարանը հեթանոսների մեջ հռչակելու համար (տես՝ Գաղ. 1,15-16):
«Տասներկուսի փորձառությունը և Պողոսի վկայությունը այսօր մարտահրավեր են մեզ համար», – ասաց Նորին Սրբությունը: – Նրանք խրախուսում են մեզ, որպեսզի մենք ստուգենք մեր գործերն ու որոշումները՝ հիմնվելով այս հիմնական դրույթների վրա, քանզի ամեն ինչ կախված է Աստծո անհատույց կանչից: Տերը նաև ընտրում է մեզ մի ծառայության համար, որը երբեմն թվում է, թե մեր հնարավորություններից կամ սպասումներից վեր է, սակայն կոչման անհատույց պարգևին պետք է անհատույց պատասխանել»։
Այնուհետև, Սրբազան Քահանայապետն անդրադարձավ Վատիկանի Երկրորդ ժողովի ուսմունքին. «Քրիստոնեական կոչումն իր բնույթով նաև առաքելական կոչում է», և այն ներառում է Քրիստոսի բոլոր աշակերտներին՝ քահանաներին, վանականներին և աշխարհականներին (տես՝ Lumen gentium 32): Տիրոջ կոչը նրանց ուժ է տալիս արդյունավետորեն և ստեղծագործաբար կատարելու իրենց առաքելությունն Եկեղեցում, որն ունի բազմազան ծառայություններ, սակայն նպատակը մեկն է: Առաքյալների և նրանց իրավահաջորդների վրա Քրիստոսը դրեց ուսուցանելու, օրհնելու և կառավարելու պատասխանատվությունը` Իր անունով և Իր իշխանությամբ: Սակայն աշխարհականները նույնպես՝ դառնալով Քրիստոսի քահանայական, մարգարեական և թագավորական ծառայության մասնակիցները, Եկեղեցում և աշխարհում կատարում են Աստծո ողջ ժողովրդի առաքելության իրենց մասը (Apostolicam actuositatem 2):
Խարիզմաների և սպասավորությունների բազմազանությունը չպետք է եկեղեցական մարմնում առաջացնեն արտոնյալ կատեգորիաներ. «Չնայած Քրիստոսի կամքով ոմանք դառնում են ուսուցիչներ, խորհրդատուներ և հովիվներ, այնուամենայնիվ, բոլորի միջև տիրում է իսկական հավասարություն՝ արժանապատվության և բոլոր հավատացյալների համար Քրիստոսի Մարմինը կառուցելու ընդհանուր աշխատանքի առումով» (Lumen gentium 32):
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հավասար արժանապատվության հարցը քրիստոնյաներից պահանջում է «վերանայել ու վերաիմաստավորել մեր հարաբերությունները, քանի որ առանցքային դեր ունեն ավետարանացման գործում».
«Արդյո՞ք գիտակցում ենք, որ մեր խոսքերով կարող ենք վիրավորել ուրիշների արժանապատվությունը, դրանով իսկ քանդելով հարաբերությունները Եկեղեցում: <…> Արդյո՞ք մենք ունենք լսելու ունակություն՝ ուրիշի փաստարկները հասկանալու համար, թե՞ փորձում ենք պարտադրել մեր կարծիքը»։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ չպետք է վախենալ այս հարցերը ինքներս մեզ տալուց. «Այս ամենն օգնում է մեզ ստուգել, թե մենք ինչպես ենք իրականացնում մեր մկրտության կոչումը և ինչպես ենք դառնում առաքյալներ առաքելական եկեղեցում, այսինքն՝ սպասավորներ ուրիշների համար»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը