• Քահանայապետությանս տասը տարիների համար նվեր թող լինի խաղաղությունը

    «Խաղաղություն, քանզի խաղաղության կարիք կա»:


    «Չէի մտածում, որ Երրորդ համաշխարհային պատերազմի Քահանայապետը պիտի լինեի»։ Քահանայապետության տասներորդ տարեդարձի առիթով Ֆրանցիսկոս Պապը մասնակցեց Վատիկանի լրատվամիջոցների իրականացրած «podcast»։ Իսկ «La Nación» օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նա ակնարկեց Հայոց Ցեղասպանության մասին:

     

    Վատիկանի լրատվամիջոցները Ֆրանցիսկոս Պապի Քահանայապետության տասներորդ տարեդարձի առիթով իրականացրեցին իտալերեն լեզվով «podcast», որի ժամանակ Սրբազան Քահանայապետը հակիրճ խոսեց իր մասին, նշելով որ «առաջին բառը, որ իր մտքին գալիս է, կարծես թե երեկ արդեն պատահել է….»

     

    Հարցազրույցը «La Nación» օրաթերթին

     

    Արդեն բազմաթիվ են այս իրադարձությունը լուսաբանող զրույցները, արժե հիշատակել Արժանթինի «La Nación» օրաթերթին տրված հարցազրույցը, որտեղ նա հաստատում է, որ Եկեղեցին քայլում է Վատիկանյան Տիեզերական Բ Ժողովի գծած ճանապարհով, ապա ընդգծում է, որ ինքն երազում է ավելի հովվական, ավելի արդար և ավելի բաց Եկեղեցու մասին։

     

    Հարցազրույցի ժամանակ Քահանայապետն ակնարկեց Հայոց Ցեղասպանության մասին, նշելով, որ թեև Թուրքիան չի ընդունում այդ եզրը, «սակայն փաստվեց, որ պատահածը ցեղասպանություն է», ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    «La Nación» օրաթերթին տրված հարցազրույցում Նորին Սրբությունը հաստատում է, որ իր իղձն է այցելել իր ծննդավայր` Արժանթին և որ, այդ ճամփորդություններն արդեն ծրագրավորված էին, սակայն տարբեր պատճառների բերումով հետաձգվեց:

     

    «Podcast»

     

    Վերադառնալով «podcast», ասենք, որ դա ուղղակի հարցազրույց չէ, դրանք պարզ մտքեր են, որոնք իրար են կապում եկեղեցական խիտ ժամանակաշրջանը` Ֆրանցիսկոս Պապի քահանայապետությունը։ Տասը տարի ապրելով «լարվածության» մեջ, նա խոստովանում է մի ժամանակահատվածի մասին, երբ ականատես եղավ իրարահաջորդ հանդիպումների, ճամփորդությունների, դիմագիծերի։

     

    Ֆրանցիսկոս Պապն իր հյուրերին ընդունում է ոտքի, դռան մոտ, գավազանի վրա հենված։ Ժպտում է Վատիկանյան լրատվամիջոցների տարբերանշանը կրող խոսափողի դիմաց ու հարց տալիս «podcast» «ի՞նչ է»։ Եվ ստանալով պատասխանը՝ ասում. «Հիանալի է։ Պատրաստ եմ»։

     

    Ի՞նչ եք ուզում կիսել աշխարհի հետ՝ ձեր կյանքի ու առաքելության հանգրվանային նպատակի առիթով.

     

    Ժամանակն արագ է ընթանում։ Եվ երբ դու ցանկանում ես այսօրն ընկալել երեկ դա արդեն եղած է լինում։ Այսպես ապրելը նորություն է։ Այս տասը տարիներն այսպես եղան` լարված, ապրել լարվածությամբ։

     

    Հազարավոր ունկնդրություններից, թեմերի և ժողովրդապետությունների հարյուրավոր այցելություններից ու երկրագնդի ամեն անկյուն կատարած քառասուն առաքելական ճամփորդություններից հետո՝ Քահանայապետն իր սրտում պահում է ճշգրիտ հիշողություն: Ամենագեղեցիկ պահը համարում է. «Սուրբ Պետրոսի հրապարակում ծերերի հետ հանդիպումը», այսինքն՝ 2014թ. սեպտեմբերի 28-ին ամբողջ աշխարհից ժամանած տատիկ-պապիկների հետ ունկնդրությունը։

     

    «Տարեցները իմաստություն են և ինձ մեծապես օգնում են։ Ես էլ ծեր եմ», ասում է Ֆրանցիսկոս Պապը:

     

    Եղել են բազմաթիվ վատ պահեր ու բոլորն էլ կապված պատերազմի սարսափի հետ։ Նախ և առաջ Ռետիփուլիա և Անցիո զինվորական գերեզմանատներ այցերը, Նորմանդիայի ծովափ ներխուժումը, ապա Սիրիայում պատերազմից խուսափելու համար աղոթքի հսկումը և այժմ, մեկ տարուց ավել, Ուկրաինայի բարբարոս պատերազմը։

     

    «Պատերազմի հետևում կա զենքերի արտադրություն և այդ մեկը սատանայական է», հաստատում է Սրբազան Քահանայապետը:

     

    Ինքը՝ աշխարհի ծայրամասից եկած եպիսկոպոսը, չէր սպասում, որ կդառնար այն Քահանայապետը, որ Եկեղեցին առաջնորդում է երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

     

    «Այս մեկը չէի սպասում… մտածում էի, թէ Սիրայի մեջ պատահածը եզակի իրողություն պիտի լիներ, բայց վերջը եկան նաև մյուս պատերազմները», ասում է Ֆրանցիսկոս Պապն ու հավելում. «Ինձ համար մեծ տառապանք է տեսնել մահերը՝ լինի ուկրաինացի, թե ռուս, կարևոր չէ, քանզի նրանք այլևս պիտի չվերադառնան»։

     

    Խորխե Մարիո Բերգոլիոն տարակուսանք չունի, գիտի թե ինչ է ցանկանում խնդրել աշխարհից՝ որպես նվեր այդ կարևոր տարեդարձի կապակցությամբ. «Խաղաղություն, քանզի խաղաղության կարիք կա», ասում է նա, ապա իր երազներն ամփոփում է երեք բառերի մեջ. «Եղբայրություն, լաց ու ժպիտ»։

     

    «Մարդկային եղբայրություն, մենք բոլորս եղբայրներ ենք, վերակազմենք եղբայրությունը: Սովորենք նաև չվախենալ լացից ու ժպիտից», ասում է Ֆրանցիսկոս Պապը, ապա շնորհակալություն է   հայտնում՝ շնորհելով իր օրհնությունը։ Օրհնություն, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր Ռադիովատիկանի ալիքների միջոցով հետևում և ունկնդրում են նրա խոսքերը։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց