• Ռաֆայել Պետրոս ԻԱ շնորհավորական գիրը Ֆրանցիսկոս Պապին Քահանայապետ ընտրության տասնամյակի առիթով

    «Այս տասը տարիների ընթացքում Հայ ժողովրդի զավակները՝ ոչ միայն կաթողիկէ, այլև առաքելական ու բողոքական, իրենք իրենց էլ ավելի մոտ զգացին Սուրբ Պետրոսի հաջորդի սրտին»:


    «Նորին Սրբություն, Սիրեցյալ Հայր, համայն Կաթողիկէ Եկեղեցու այս ուրախալի օրվա առիթով, Ձեր Սուրբ Պետրոսի Աթոռի հաջորդի ընտրության տասներորդ տարեդարձի առիթով, իմ ու համայն հայ Կաթողիկէ Եկեղեցու անունով Ձեզ եմ փոխանցում մեր խնդակցությունները այս հիշարժան օրվա կապակցությամբ»։ Այս տողերով է սկսվում Տանն Կիլիկիո Կաթողիկէ հայոց հայրապետ` Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի շնորհավորական նամակը, ուղղված Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ նրա Քահանայապետության տասներորդ տարեդարձի առիթով, որը հիշատակվում է այսօր` 2023թ. մարտի 13-ին։

     

    Հայ ժողովուրդն իրեն մոտ է զգում Պետրոսի հաջորդի սրտին

     

    «Այս տասը տարիների ընթացքում Հայ ժողովրդի զավակները՝ ոչ միայն կաթողիկէ, այլև առաքելական ու բողոքական, իրենք իրենց էլ ավելի մոտ զգացին Սուրբ Պետրոսի հաջորդի սրտին», գրում է Ամենապատիվ Հոգևոր Տերը՝ հիշելով հատկապես Սուրբ Գրիգոր Նարեկացու «Տիեզերական Եկեղեցու Վարդապետ» տիտղոսի տվչությունը` 2015թ., ինչպես նաև այդ առիթով Քահանայապետի Սուրբ Պետրոսի բազիլիկայում մատուցած պատարագը՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, ու նաև Նորին Սրբության առաքելական ճամփորդությունը Հայաստան` 2016թ-ին, որ եղավ «միանգամայն հովվական և համամիութենական», ապա Առաքելական հաղորդության պատարագը, որ Ֆրանցիսկոս Պապը ցանկացավ կատարել Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրության առիթով։

     

    Եկեղեցու բարեկարգման ու նորոգման տարիները

     

    «Այս տասը տարիները եղան նաև եկեղեցու բարեկարգման ու վերանորոգման համար քաջ ձեռնարկների տարիներ», նշում է Ամենապատիվ Հոգևոր Տերն իր շնորհավորական նամակում, ընդգծելով, թե ինչպես պատմության հոլովույթին հայ Կաթողիկէ Եկեղեցին ևս ջանացել է միշտ լինել իր ժողովրդին մոտիկ, լինել «Հովիվ` որ ունի ոչխարների հոտ»։

     

    Հայ ազգի ճակատագիրը

     

    «Եվ երբ մեր ազգը թիրախ դարձավ Ցեղասպանության արհավիրքներին ու ստիպված եղավ տեղափոխվել նոր հայրենիք, Պատրիարքությունը հետևեց նրան, այսօրվա Լիբանանի մեջ գտնելով հյուրընկալ մի նոր օջախ», գրում է Ռաֆայել Պետրոս ԻԱ՝ ընդգծելով, որ «պատմությունը, սակայն անգամ ևս ստիպեց, որ հայ ժողովուրդը հանձն առնի գաղթականության մի նոր ճամփա» և «այսօր Հայ Կաթողիկէ Պատրիարքությունը զուրկ է իր հոտից», որ տարածված է ամենուրեք։

     

    Աղոթքներ

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը նամակը եզրափակում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վստահեցնելով համայն հայ ժողովրդի աղոթքները, ինչպես նաև, գրում է նա, «միանում է ձեր աղոթքին՝ աշխարհում խաղաղության, արդարության և աղքատների համար»։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց