«Սեր խնդրելով՝ Տերը սիրով է հագեցնում մեր ծարավը»:
Ավետարանը Հիսուսին ներկայացնում է ծարավ և հոգնած. սամարացի կինը գտնում է Նրան ջրհորի մոտ ամենաշոգ ժամին՝ կեսօրին, և Նա, ինչպես մուրացկանը, ջուր է խնդրում կնոջից, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Սա Աստծո նվաստացման պատկերն է: Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով նվաստացնում է Իրեն մեր փրկության համար: Նա խոնարհվում է մեզ՝ Հիսուս Քրիստոսով դառնալով մեզանից մեկը, Նա ծարավում և տառապում է ծարավից, ինչպես մենք: Ընդորում, Հիսուս միայն ֆիզիկական ծարավ չի զգում: Իր ծարավով Նա ներկայացնում է մարդկային կյանքի ամենախոր կարիքները, ամենից առաջ՝ սիրո ծարավը: Տերն ավելին է, քան մուրացկանը, Նա ցանկանում է մեր սերը, և այդ ծարավը Նա զգում է Իր Չարչարանքների ժամանակ՝ խաչի վրա: Մահվանից առաջ Նա ասում է. «Ծարավ եմ» (տես՝ Հվհ. 19,28): Հենց մեզանից մեկը դառնալու համար՝ Նա խոնարհվեց և նվաստացրեց Ինքն Իրեն»:
Սակայն Տերը մյուսներին է խմելու ջուր տալիս, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Հանդիպելով սամարացի կնոջը՝ Քրիստոս նրան ասում է Սուրբ Հոգու կենդանի ջրի մասին, իսկ Խաչից արյուն և Իր կողից ջուր է հոսեցնում (տես՝ Հվհ. 19,34): Սեր խնդրելով՝ Տերը սիրով է հագեցնում մեր ծարավը և մեզ հետ վարվում է այնպես, ինչպես սամարացի կնոջ հետ. Նա գալիս է մեր առօրյա կյանք, կիսում մեր ծարավը և խոստանում կենդանի ջուր, որը մեր մեջ կդառնա դեպի հավիտենական կյանք հոսող ջրի աղբյուր (տես՝ Հվհ. 4,14):
«Ջուր տուր ինձ» – սա պարզապես խնդրանք չէ սամարացի կնոջը, այլ նաև ուրիշների ծարավը հագեցնելու կոչ, շարունակեց Նորին Սրբությունը: Մեզ խնդրում են իրենց ծարավը հագեցնել նրանք, ովքեր ունեն մտերմության, ուշադրության կարիք ընտանիքում, աշխատավայրում և այն բոլոր տեղերում, որտեղ մենք հաճախ ենք լինում: Սա խնդրում են Աստծո Խոսքը փնտրողները, ովքեր ցանկանում են Եկեղեցում ջրային օազիս գտնել: «Ջուր տուր ինձ» – սա մեր հասարակության կոչն է, որտեղ շտապողականությունը, սպառողականության մրցավազքը և, ամենից առաջ, անտարբերությունը ծնում են չորություն և ներքին դատարկություն։
«Սա մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի ճիչն է, ովքեր չունեն բավարար ջուր ապրելու համար, մինչդեռ մեր ընդհանուր տունը շարունակում է աղտոտվել և այլանդակվել: Հյուծված ու թառամած՝ նա նույնպես տառապում է ծարավից»։
Նեկայիս օրհասական մարտահրավերներին դիմակայելով՝ այսօրվա Ավետարանն առաջարկում է կենդանի ջուր, որը կարող է մեզ դարձնել ուժերի վերականգման աղբյուր ուրիշների համար, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Հետևաբար, ինչպես սամարացի կինը, ով թողեց իր սափորը ջրհորի մոտ և գնաց մարդկանց կանչելու (տես՝ Հվհ. 4,28), եկե՛ք մենք նույնպես չմտածենք միայն մեր նյութական, մտավոր կամ մշակութային ծարավը հագեցնելու մասին։ Ուրախանալով Տիրոջ հետ հանդիպումից՝ մենք կկարողանանք հագեցնել ուրիշների ծարավը, այսինքն՝ իմաստավորել նրանց կյանքը, սակայն ոչ թե որպես տերեր, այլ որպես՝ Աստծո Խոսքի ծառաներ: Մենք կկարողանանք հասկանալ նրանց ծարավը և կիսել այն սերը, որը Հիսուս տվել է մեզ»։
Իր խորհրդածության ավարտին՝ Նորին Սրբությունը կոչ արեց հարցնել ինքներս մեզ. արդյո՞ք մենք կարողանում ենք հասկանալ մեր շրջապատող մարդկանց ծարավը: Արդյո՞ք մենք Աստծո ծարավ ունենք: Արդյո՞ք մենք զգում ենք Նրա սիրո կարիքն այնպես, ինչպես կյանքի ջրի կարիքը: Արդյո՞ք մենք հոգում ենք ուրիշների հոգևոր և նյութական ծարավը հագեցնելու մասին:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը բարեխոսի և աջակցի մեզ մեր ճանապարհին», – հայցեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը