• Բոլոր մկրտված մարդիկ Եկեղեցու առաքելության մի մասն են

    «Հոր սերը հասանելի է մեզ բոլորիս՝ Որդու առաքելության միջոցով»:


    Մարտի 8-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց կանանց իրենց նորարարությունների ու քնքուշ սրտերի համար և կոչ արեց չմոռանալ Ուկրաինայի տառապյալ ու ծանր փորձությունների ենթարկվող ժողովրդի մասին: Նորին Սրբությունը շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ՝ այս անգամ անդրադառնալով Վատիկանի Երկրորդ ժողովի հրամանագրին, որը վերաբերում է Եկեղեցու միսիոներական գործունեությանը Ad gentes:

     

    Սրբազան Քահանայապետն իր ելույթը սկսեց Եկեղեցու պատմության մեջ «առաջին ժողովի» հիշատակմամբ, որը գումարվել էր Երուսաղեմում՝ հենց ավետարանացման հարցը քննարկելու համար, այսինքն՝ բարի լուրի հռչակումը ոչ միայն հրեաներին, քանի որ այն ժամանակ համարվում էր, որ միայն հրեաները պետք է լինեն Ավետարանի հասցեատերերը: Տասնինը դար անց Վատիկանի Երկրորդ Ժողովը Եկեղեցին հռչակեց՝ որպես Աստծո Ժողովուրդ, որը ճամփորդում է ժամանակի միջով և խոսեց նրա միսիոներական բնույթի մասին: «Առաջին ու վերջին ժողովների միջև կա մի կամուրջ, – ընդգծեց Նորին Սրբությունը, – որի ճարտարապետը Սուրբ Հոգին է»:

     

    «Եկեք այսօր ունկնդրենք Վատիկանի Երկրորդ ժողովը, և կտեսնենք, որ ավետարանացումը միշտ եկեղեցական ծառայություն է, այն երբեք չի կարող կատարվել միայնակ, մեկուսացված և անհատական»։

     

    Ավետարանացումը այն հավատքի փոխանցումն է, որը մենք ինքներս ենք ստացել. «Ուղերձի փոխանցման այս եկեղեցական դինամիկան պարտադիր է, քանզի այն երաշխավորում է քրիստոնեական հռչակումների իսկությունը»: Ավետարանացման եկեղեցական նախանձախնդրությունը առաքելական եռանդը բացահայտելու չափանիշն է։ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հաճախ է քրիստոնյաներին գայթակղում միայնակ կամ ավելի հեշտ՝ «կեղծ-եկեղեցական» ճանապարհներով գնալու միտքը, որի ժամանակ կիրառում են թվերի և հարցումների աշխարհիկ տրամաբանությունը՝ հենվելով սեփական գաղափարների, ծրագրերի, կառույցների և կապերի ուժի վրա։ Այս ամենը կարող է օգտակար լինել, պարզաբանեց Նորին Սրբությունը, սակայն ավետարանացման հիմքում Սուրբ Հոգու զորությունն է, մնացած ամեն ինչը երկրորդական է։

     

    Սրբազան Քահանայապետն առաջարկեց վերընթերցել Ad gentes հրամանագրի որոշ բաժիններ՝ ամենից առաջ մեջբերելով դրա երկրորդ պարբերությունը՝ Հոր մասին, Ով «իր անսահման և ողորմած բարությամբ ազատորեն ստեղծեց մեզ և ավելին, մեծ սիրով կանչեց մեզ Իր հետ հաղորդակից լինելու կյանքում և փառքի մեջ, առատաձեռնորեն և շարունակաբար հեղելով Իր աստվածային բարությունը, որպեսզի Նա, Ով ստեղծեց ամենը, վերջապես դառնա ամեն ինչ ամենքի մեջ (տես՝ Ա Կորնթ. 15,28)՝ ապահովելով միանգամից և՛ Իր փառքը, և՛ մեր օրհնությունը»։ Այսպիսով, Հոր սերը հասանելի է մեզ բոլորիս՝ Որդու առաքելության միջոցով, որ մեր փրկության միջնորդն ու մեզ փրկողն եղավ, ինչպես նաև Սուրբ Հոգու միջոցով, որ գործում է յուրաքանչյուր մարդու մեջ՝ լինի մկրտված և չմկրտված, պարզաբանեց Նորին Սրբությունը: Վատիկանի Երկրորդ ժողովը նաև հիշեցնում է, որ Եկեղեցու պարտականությունն է շարունակել Քրիստոսի առաքելությունը, և դրա համար նա կոչված է գնալու այն նույն ճանապարհով, որով գնաց Հիսուս, այսինքն՝ աղքատության, հնազանդության, ծառայության և անձնազոհության ճանապարհով:

     

    Այսպիսով, ամփոփեց Սրբազան Քահանայապետը, առաքելական եռանդը խանդավառության հոմանիշը չէ, դա «Աստծո շնորհն է», որը մենք պետք է պահպանենք: Եկեղեցում չեն կարող լինել այնպիսի մարդիկ, «ովքեր այսպես, թե այնպես ​​հռչակում են Ավետարանը, և այնպիսիք, ովքեր լռում են». բոլոր մկրտվածները «ավետարանացման ակտիվ սուբյեկտներ են»:

     

    Այսօր անհրաժեշտ է փնտրել «վիրավոր մարդկության հետ հանդիպման նոր ուղիներ, որոնք Քրիստոսն իր վրա վերցրեց», – ընդգծեց Նորին Սրբությունը, կոչ անելով հավատացյալներին՝ խնդրել Տիրոջից շնորհ՝ քրիստոնեական այս կոչմանը հետևելու և շնորհակալություն հայտնել մեզ տրված պարգևի համար՝ այն կիսելով ուրիշների հետ:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Կանանց միջազգային օրը ես մտածում եմ բոլոր կանանց մասին և շնորհակալություն հայտնում նրանց՝ ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու ջանքերի համար՝ իրականությունը ստեղծագործ աչքերով և քնքուշ սրտով ընկալելու ունակության շնորհիվ: Այդ առանձնաշնորհը ունեն միայն կանայք»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց