• Աստծո սիրո լույսը տեսնենք մեր առօրյա կյանքում

    «Աստված սեր է»:


    «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Պայծառակերպության  Ավետարանի շուրջ, որը մեզ սովորեցնում է, թե որքան կարևոր է լինել Հիսուսի հետ: «Հիսուսի կողքին մենք սովորում ենք Նրա դեմքին տեսնել անձնազոհ սիրո գեղեցկությունը, նույնիսկ եթե այն կրում է խաչի նշաններ», – ասաց Նորին Սրբությունը:

     

    Հիսուս Իր հետ վերցնում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նրանք բարձրանում են լեռը ու Հիսուսն իր ողջ գեղեցկությամբ պայծառակերպվում է՝ որպես Աստծո Որդի (տես՝ Մտթ. 17,1-9), հիշեցրեց Սրբազան Քահանայապետը և մտորելու կոչ արեց. ո՞րն է այդ գեղեցկության իմաստը: Ի՞նչ են տեսնում աշակերտները: «Նրանք Հիսուսի դեմքին ու շորերին տեսնում են Աստծո սրբության լույսը՝ Հոր կատարյալ պատկերը»:

     

    «Աստված սեր է, – շարունակեց Նորին Սրբությունը, – դրա համար էլ  աշակերտներն իրենց աչքերով տեսան Քրիստոսի մեջ մարմնավորված Աստվածային սիրո գեղեցկությունն ու շքեղությունը: Դա դրախտի նախաճաշակն էր»: «Ինչպիսի՜ անսպասելի բացահայտում աշակերտների համար, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Այդքան ժամանակ նրանց աչքերի առաջ Սիրո պատկերն էր, սակայն նրանք երբեք չեն հասկացել նրա գեղեցկությունը: Միայն հիմա նրանք դա հասկացան անսահման ուրախությամբ»։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ առաքյալներին թույլ տալով ունենալ այս փորձառությունը՝ Հիսուս նրանց նախապատրաստում է ավելի կարևոր մի բանի. որոշ ժամանակ անց նրանք Նրա մեջ պետք է տեսնեն հենց այդ նույն գեղեցկությունը, երբ Նա խաչվի և Նրա դեմքը այլանդակվի: Պետրոսը փորձում է հասկանալ. նա կցանկանար կանգնեցնել ժամանակը, մնալ այնտեղ և երկարացնել այս հրաշալի փորձառությունը, սակայն Հիսուս թույլ չի տալիս նրան դա անել, քանի որ Նրա լույսը «կախարդական ակնթարթ չէ»: Քանզի այդ ժամանակ նա կդառնար կեղծ, արհեստական ​​մի բան, կլուծվեր անցողիկ զգացմունքների մշուշի մեջ։ Իսկ Քրիստոս ճանապարհը ցույց տվող լույս է, ինչպես հրե սյունը մարդկանց համար անապատում (տես՝ Ելք 13,21): Հիսուսի գեղեցկությունը չի հեռացնում աշակերտներին իրական կյանքից, այլ նրանց ուժ է տալիս հետևելու Նրան դեպի Երուսաղեմ, դեպի Խաչ:

     

    «Այս Ավետարանը ճանապարհ է ցույց տալիս նաև մեզ համար: Այն մեզ սովորեցնում է Հիսուսի հետ լինելու կարևորությունը, նույնիսկ երբ դժվար է հասկանալ այն ամենը, ինչ Նա ասում և անում է մեզ համար, – շարունակեց Սրբազան Քահանայապետը: – Հիսուսի կողքին մենք սովորում ենք Նրա դեմքին տեսնել անձնազոհ սիրո գեղեցկությունը, նույնիսկ եթե այն կրում է խաչի նշաններ: Մենք սովորում ենք այդ նույն գեղեցկությունը տեսնել մարդկանց դեմքերին, ովքեր ամեն օր քայլում են մեր կողքին և հոգ տանում մեր մասին. ընտանիքի անդամներ, ընկերներ, գործընկերներ»:

     

    «Որքան լուսավոր դեմքեր, որքան ժպիտներ, որքան կնճիռներ, որքան արցունքներ և սպիներ են խոսում մեր շուրջը սիրո մասին: Եկե՛ք սովորենք տեսնել և դրանցով լցնենք մեր սրտերը: Եկե՛ք ուրիշների հետ կիսենք այն լույսը, որը ստացել ենք սիրո կոնկրետ գործողություններով (տես՝ 1 Հովհ. 3,18), ավելի առատաձեռնորեն ընկղմվենք մեր ամենօրյա գործունեության մեջ, ավելի մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ սիրենք, ծառայենք և ներենք»:

     

    Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, շարունակեց Նորին Սրբությունը, թե արդյո՞ք մենք ճանաչում ենք Աստծո սիրո լույսը մեր կյանքում: Արդյո՞ք ուրախությամբ և երախտագիտությամբ տեսնում ենք այն մեզ սիրողների դեմքերին: Արդյո՞ք այդ լույսի նշանները փնտրում ենք մեր շուրջը, որը լցնում է մեր սրտերը և բացում դրանք սիրո ու ծառայության համար: Թե՞ մենք նախընտրում ենք կուռքերի ծղոտե խարույկները:

     

    Իր Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը աղոթեց Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա, Ով «իր Որդու լույսը պահեց Իր սրտում նույնիսկ Գողգոթայի խավարում, միշտ ուղեկցի մեզ սիրո ճանապարհին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց