• Սրբազան Քահանայապետը մարտ ամսին կոչ է անում աղոթել բռնության զոհերի համար

    «Բռնության զոհերից ներողություն խնդրելը ճիշտ և անհրաժեշտ է, սակայն միայն դա բավարար չէ»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2023թ. մարտ ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: «Բռնությունների դիմաց, հատկապես, եթե այն կատարվել է Եկեղեցու անդամների կողմից, բավական չէ ներողություն խնդրելը», – ասում է Նորին Սրբությունն իր տեսաուղերձում և կոչ անում աղոթել սեռական բռնության զոհերի համար:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ բռնության զոհերից ներողություն խնդրելը ճիշտ և անհրաժեշտ է, սակայն միայն դա բավարար չէ. հենց բռնության զոհերը պետք է լինեն ուշադրության կենտրոնում:

     

    «Նրանց ցավն ու հոգեբանական տրավման կբժշկվի, եթե տրվեն պատասխաններ կոնկրետ գործողությունների տեսքով՝ իրենց ապրած սարսափները շտկելու և նորերը կանխելու համար: Եկեղեցին չպետք է փորձի թաքցնել սեռական բռնության ողբերգությունը, ինչպիսին էլ, որ այն լինի: Դաժան վերաբերմունքը ընտանիքներում, ակումբներում և այլ տեսակի հաստատություններում չպետք է թաքցվեն։ Եկեղեցին պարտավոր է օրինակ լինել թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքներում այս խնդիրների լուծման և բացահայտման գործում։ Հենց Եկեղեցին պետք է տրամադրի անվտանգ տարածք սեռական բռնության զոհերին լսելու, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և պաշտպանելու համար»:

     

    Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը կոչ է անում հավատացյալներին աղոթել բոլոր նրանց համար, ովքեր տառապում են եկեղեցական համայնքի անդամների կործանարար արարքների պատճառով.

     

    «Թո՛ղ նրանք Եկեղեցու գրկում գտնեն իրենց ցավի և տառապանքի կոնկրետ պատասխանները»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց