«Արդյո՞ք մենք դիմում ենք Աստծո Խոսքին հոգևոր պատերազմի ժամանակ»:
«Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մատթեոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ (4, 1-11), որտեղ Հիսուսին փորձության է ենթարկում սատանան:
«Սատանա նշանակում է «բաժանում, պառակտում»։ Սատանան միշտ ուզում է պառակտել, և հենց դա է առաջարկում Հիսուսին գայթակղելիս, ընդգծեց Նորին Սրբությունը։ – Եկե՛ք տեսնենք, թե սատանան ումից է ուզում բաժանել Հիսուսին և ինչպես է գայթակղում Նրան»։
Երբ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մկրտեց Հորդանանում, Հայրը Նրան անվանեց «Իմ սիրելի Որդի» (Մտթ. 3,17) և Սուրբ Հոգին իջավ Նրա վրա ինչպես աղավնի (Մտթ. 3,16), հիշեցրեց Սրբազան Քահանայապետը, պարզաբանելով, որ այսպիսով «Ավետարանը մեզ է ներկայացնում երեք Աստվածային հիպոստատները՝ միավորված սիրո մեջ»։ Այնուհետև Հիսուսն Ինքը կասի, որ Նա աշխարհ է եկել, որպեսզի նաև մեզ մասնակից դարձնի Իր և Հոր միասնությանը (տես՝ Հվհ. 17,11): Իսկ սատանան հակառակն է անում. նա փորձում է բաժանել Հիսուսին Հորից և շեղել Նրան մեզ համար նախատեսված միասնության առաքելությունից: Նա միշտ պառակտում է մտցնում:
Եկե՛ք տեսնենք, թե ինչպես է նա փորձում դա անել, շարունակեց Նորին Սրբությունը.
«Սատանան ուզում է օգտվել Հիսուսի մարդկային էությունից, Ով քառասուն օր ծոմ պահելուց հետո տկար է և քաղց է զգում (տես՝ Մտթ. 4,2): Այնուհետև խաբեբան երեք հզոր «թույն» է օգտագործում՝ Նրա միասնության առաքելությունը կաթվածահար անելու համար: Այդ թույներն են կապվածությունը, անվստահությունը և իշխանությունը: Առաջին հերթին կապվածության թույնը իրերի, կարիքների նկատմամբ: Սատանան համոզիչ պատճառաբանությամբ փորձում է ներշնչել Հիսուսին. «Դու քաղցած ես, ինչո՞ւ ես ծոմ պահում: Բավարարիր քո կարիքները, Դու իրավունք ու զորություն ունես. քարերը հաց դարձրու»։ Այնուհետև սատանան փորձում է ներարկել անվստահության թույնը. «Համոզվա՞ծ ես, – ներշնչում է խաբեբան, – որ Հայրդ քեզ բարին է ցանկանում, փորձիր նրան: Քեզ ցած գցիր տաճարի ամենաբարձր կետից և ստիպիր Նրան անել այն, ինչ Դու ես ուզում»: Վերջապես սկսում է ներարկել իշխանության թույնը. «Դու Հորդ կարիքը չունես, ինչո՞ւ ես սպասում Նրա պարգևներին, հետևիր աշխարհի չափանիշներին, վերցրու ամենը քեզ և դու հզոր կդառնաս»: Ահա սրանք են Հիսուսի երեք փորձությունները: Մենք նույնպես միշտ զգում և ապրում ենք այդ փորձութոյւնները: Սարսափելի է, սակայն այդպես է նույնիսկ մեզ համար. կապվածություն իրերին, անվստահություն ու իշխանության փափագ, սրանք երեք տարածված և վտանգավոր գայթակղություններն են, որոնք սատանան օգտագործում է մեզ Հորից բաժանելու համար, որպեսզի մենք եղբայրներ ու քույրեր չլինենք, նա մեզ տանում է դեպի միայնություն և հուսահատություն:
Սակայն Հիսուս հաղթահարում է այս փորձությունները: Նա խուսափում է սատանայի հետ վիճելուց և նրան պատասխանում է Աստծո Խոսքերով.
«Դա շատ կարևոր է: Պետք չէ վիճել սատանայի հետ և երկխոսել» – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և հիշեցրեց, որ Հիսուսը սատանային դիմակայում է Աստծո Խոսքով. «Նա Սուրբ Գրքից մեջբերում է երեք արտահայտություններ, որոնք խոսում են իրերից ազատության (տես՝ Բ Օրինաց 8։3), վստահության (տես՝ Բ Օրինաց 6։16) և Աստծուն ծառայելու մասին (տես՝ Բ Օրինաց 6։13). երեք արտահայտություններ, որոնք դիմադրում են փորձությանը: Նա երբեք երկխոսության մեջ չի մտնում սատանայի հետ, չի բանակցում նրա հետ, այլ հերքում է նրա զպարտությունները Սուրբ Գրքի բարեբեր խոսքերով: Սա հրավերք է նաև մեզ համար, որ պետք չէ վիճել սատանայի հետ։ Եթե մենք բանակցենք և երկխոսենք նրա հետ, ապա նա կհաղթի մեզ, քանի որ մեզանից ուժեղ է: Մենք հաղթում ենք սատանային՝ նրան դիմակայելով Աստվածային Խոսքի հանդեպ ունեցած հավատքով: Ահա հենց այսպես էլ Հիսուս սովորեցնում է մեզ պաշտպանել Աստծո և մեր միասնությունը պառակտել ցանկացողների հարձակումներից: Աստվածային Խոսքը Հիսուսի պատասխանն է սատանայի գայթակղությանը»:
Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ի՞նչ տեղ է զբաղեցնում Աստծո Խոսքը մեր կյանքում, կոչ արեց Նորին Սրբությունը: Արդյո՞ք մենք դիմում ենք Նրան հոգևոր պատերազմի ժամանակ: Եթե մենք ունենք ինչ-որ արատ կամ հաճախակի կրկնվող գայթակղություն, երբ օգնություն ենք խնդրում, ինչու՞ չենք փնտրում Աստծո այն Խոսքը, որը հենց այդ արատի պատասխանն է: Եկե՛ք փորձենք, դա մեզ շատ կօգնի փորձությունների ժամանակ, քանզի խռովեցնող ձայների մեջ կհնչի Աստծո Խոսքի բարեբեր ձայնը։ Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը հայցեց Տիրամոր բարեխոսությունը. «Աստծո Խոսքն ընդունած և իր խոնարհությամբ պառակտողի ամբարտավանությանը հաղթած Սուրբ Կույս Մարիամը, թո՛ղ ուղեկցի մեզ Մեծ Պահքի հոգևոր պայքարում»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը