«Աստծո պատվիրանները չպետք է կատարենք ձևական կրոնականությամբ, քանզի այդ դեպքում կդառնանք «Տեր Աստծո» ստրուկները, և ոչ թե Հայր Աստծո զավակները»:
Փետրվարի 12-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ իսկական սերը՝ Աստծո սերն է մեր հանդեպ, որը սահմաններ չի ճանաչում, քանզի Տերն այլ կերպ չի կարող սիրել:
Նորին Սրբությունը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որը վերցված էր Մատթեոսի Ավետարանից (5,17-37) և մեջբերեց Հիսուսի խոսքերը. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու»:
«Ի՞նչ է նշանակում «լրացնել»: Տերը սկսում է բացատրել այն ամենը, ինչը չի կատարվում: Սուրբ Գիրքն ասում է «մի՛ սպանիր», սակայն Հիսուսի համար այդ բավական չէ, եթե մարդն այնուհետև մի խոսքով վիրավորում է իր եղբայրներին: Սուրբ Գիրքն ասում է «մի՛ շնանար», սակայն դա բավական չէ, եթե մարդու սերը խամրում է երկերեսանության և կեղծիքի պատճառով: Սուրբ Գիրքն ասում է, որ «սուտ մի՛ երդվիր», սակայն հանդիսավոր երդումը բավարար չէ, եթե մարդը կեղծավորությամբ է գործում» (տես՝ Մտթ. 5,21-37):
Որպես կոնկրետ օրինակ, շարունակեց Սրբազան Քահանայապետը, Հիսուսն ընդգծում է «զոհաբերության ծեսը»: Տիրոջ անհատույց պարգևների դիմաց՝ մարդը զոհ էր մատուցում Աստծուն և դա այնքան կարևոր ծես էր, որ արգելված էր ընդհատել այն՝ բացառությամբ լուրջ պատճառների։ Սակայն Հիսուսն ասում է, որ մենք պետք է ընդհատենք այն, եթե եղբայրը մեր դեմ ինչ-որ բան ունի, քանզի, նախ պետք է հաշտվենք նրա հետ (տես՝ Մտթ. 5,23-24), և միայն դրանից հետո կատարենք ծեսը։
«Ուղերձը պարզ է. Աստված առաջինն անշահախնդիր սիրեց և առաջին քայլն արեց դեպի մեզ՝ չակնկալելով, որ մենք արժանի կլինենք այդ սիրուն, հետևաբար, մենք չենք կարող փառաբանել Նրա սերը, եթե մեր հերթին հաշտության առաջին քայլը չանենք նրանց հետ, ովքեր վիրավորել են մեզ: Ահա հենց սա է նշանակում կատարել, լրացնել Աստծո աչքում»:
«Այլ կերպ ասած, – ընդգծեց Նորին Սրբությունը, – Տերը մեզ հասկացնում է, որ կրոնական կանոնները օգտակար են ու լավը, սակայն դա միայն սկիզբն է, քանզի դրանք կատարելու համար հարկավոր է դուրս գալ գրվածի սահմաններից և հասկանալ դրանց իմաստը»։ «Աստծո պատվիրանները չպետք է կատարենք ձևական կրոնականությամբ, քանզի այդ դեպքում կդառնանք «Տեր Աստծո» ստրուկները, և ոչ թե Հայր Աստծո զավակները», – ասաց Սրբազանը։ Քահանայապետը:
Այս խնդիրը եղել է ոչ միայն Նոր Կտակարանի գրման ժամանակ, այլ կա նաև այսօր, շարունակեց Նորին Սրբությունը.
«Երբեմն, օրինակ, մենք լսում ենք (խոստովանության ժամանաակ, երբ զղջացող մարդը ասում է). «Հայր, ես չեմ սպանել, չեմ գողացել, ոչ մեկին չեմ վնասել», կարծես ցանկանում է ասել, որ իրեն կշտամբելու ոչ մի պատճառ չկա»։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ սա պատվիրանների ձևական պահպանումն է, և այն «բավարարվում է անհրաժեշտ նվազագույնով, մինչդեռ Հիսուսը հրավիրում է մեզ ձգտել առավելագույն հնարավորին»։ «Աստված չի տրամաբանում հաշվարկներով և աղյուսակներով, քանզի Նա սիրում է մեզ որպես սիրահար՝ ոչ թե նվազագույն, այլ առավելագույն սիրով: Նա երբեք մեզ չի ասի. «Ես քեզ սիրում եմ միայն որոշակի չափով»։
Իսկական սերը սահմաններ չի ճանաչում և երբեք չի մտածում, որ բավականաչափ բան է արել: Աստծո սերը միշտ ավելի հեռուն է գնում, այն չի կարող թույլ լինել, շարունակեց Նորին Սրբությունը. «Տերը մեզ ցույց տվեց դա՝ Իր կյանքը Խաչի վրա զոհաբերելով և ներելով Իր մարդասպաններին (տես՝ Ղկ. 23,34): Նա մեզ վստահեց այն պատվիրանը, որն ամենից շատ էր սիրում, որպեսզի մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես Նա սիրեց մեզ (տես՝ Հովհ. 15,12): Սա հենց այն սերն է, որ լրացնում է Օրենքը, հավատքն ու կյանքը»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին, որ իրենք իրենց տան հետևյալ հարցերը. «Ինչպիսի՞ն է մեր հավատքը: Արդյո՞ք այնտեղ կա հաշվարկ, ձևականություն, թե՞ այն Աստծո հետ սիրո պատմություն է: Արդյո՞ք մենք գոհ ենք, որ ոչ մի վատ բան չենք անում՝ «փրկելով դեմքը», թե՞ փորձում ենք աճել Աստծո և ուրիշների հանդեպ սիրո մեջ: Արդյո՞ք ժամանակ առ ժամանակ ստուգում ենք ինքներս մեզ Հիսուսի մեծ պատվիրանով, թե՞ «Ես սիրում եմ իմ մերձավորին այնպես, ինչպես Նա է ինձ սիրում»: Միգուցե՞ մենք խստորեն դատում ենք ուրիշներին և մոռանում ողորմած լինել, ինչպես Աստված է ողորմած մեզ հետ»։
«Թո՛ղ Աստծո Խոսքը կատարյալ պահպանող Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ իրականացնելու մեր հավատքն ու սերը», – ասաց Սուրբ Պետրոսի իրավահաջորդը։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը