• Նորին Սրբությունը կոչ արեց երիտասարդներին պայքարել ժամանակակից ստրկավաճառության դեմ

    «Մի՛ հոգնեք ուղիներ փնտրելուց՝ մեր հասարակությունը փոխելու և մարդավաճառության ամոթալի արհավիրքը կանխելու համար»:


    Փետրվարի 8-ին՝ Սբ. Բախիտայի ծիսական հիշատակի օրը, նշվում է մարդավաճառության դեմ պայքարի IX Համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հատուկ տեսաուղերձ հրապարակեց, որի թեման էր. «Շարժում հանուն արժանապատվության»:

     

    Այս տարի մարդասիրական նախաձեռնության գլխավոր հերոսները երիտասարդներն են, ընդգծում է Նորին Սրբությունը, և դա «մատնանշում է մարդավաճառության դեմ պայքարելու նրանց հանձնառության մեծ հորիզոնը՝ մարդկային արժանապատվությունը»։ Երիտասարդությունն օգնում է պահպանել հույսը և «ուրախությունը, որը պետք է Աստծո Խոսքի հետ միասին պահել սրտերում, քանզի իսկական ուրախությունը Քրիստոսն է», – ընդգծում է Սրբազան Քահանայապետը:

     

    «Մարդավաճառությունը աղավաղում է մարդու արժանապատվությունը։ Շահագործումն ու ստրկացումը սահմանափակում են ազատությունը և մարդկանց դարձնում առարկաներ, որոնք կարելի է օգտագործել և դեն նետել: Մարդավաճառության համակարգը օգտվում է անարդարությունից և անօրինությունից, որը ստիպում է միլիոնավոր մարդկանց ապրել խոցելիության պայմաններում։ Իսկապես, տնտեսական ճգնաժամի, պատերազմների, կլիմայի փոփոխության և անկայունության շատ այլ դրսևորումների պատճառով աղքատացած մարդիկ հեշտությամբ են հավաքագրվում։ Ցավոք սրտի, մարդավաճառությունն աճում է տագնապալի տեմպերով, որի զոհերն են դառնում հիմնականում ներգաղթյալները, կանայք ու երեխաները, արժանապատիվ կյանքի երազանքներով լի երիտասարդները»:

     

    Այս դժվարին ժամանակներում, մենք բոլորս՝ հատկապես նոր սերունդը, պետք է համատեղենք մեր ջանքերը՝ աշխարհը բարիացնելու և Քրիստոսի և Նրա Ավետարանի լույսը տարածելու համար: Այդ լույսը այս օրերին Հռոմում խորհրդանշական կերպով կփոխանցվի այն կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչներին, ովքեր երկար տարիներ համագործակցում և պայքարում են մարդավաճառության դեմ. հաջորդ տարի այս երիտասարդները կդառնան «մարդկային արժանապատվության միսիոներներ, ովքեր դեմ են մարդավաճառությանը և շահագործման բոլոր ձևերին»։

     

    «Մի՛ հոգնեք ուղիներ փնտրելուց՝ մեր հասարակությունը փոխելու և մարդավաճառության ամոթալի արհավիրքը կանխելու համար»:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում մարդավաճառության դեմ պայքարի IX Համաշխարհային օրվա երիտասարդ մասնակիցներին ուշադրությամբ քննել այն գործընթացները, որոնք միլիոնավոր մարդկանց ստրկության և դաժան շահագործման պատճառ են դառնում, գտնել և աջակցել նրանց դեպի ազատություն և արժանապատվություն տանող իրենց ճանապարհին, հուսադրել միմյանց և «հանդիպման մշակույթ ստեղծել, որը դարձի կբերի սրտերը և կառաջացնի ներառական հասարակություն, որը կկարողանա պաշտպանել ցանկացած մարդու իրավունքներն ու արժանապատվությունը»:

     

    Սրբազան Քահանայապետը հույս է հայտնում, որ շատ հոգատար ու սրտացավ մարդիկ կբռնեն ժամանակակից ստրկավաճառության դեմ պայքարի ուղին և կառաջնորդեն նրանց, ովքեր դարձել են «սեռական և աշխատանքային շահագործման բռնության զոհեր», ներգաղթյալներին, վերաբնակիչներին և վերջապես բոլոր նրանց, ովքեր փնտրում են արժանապատիվ վայր ընտանիքում խաղաղ կյանքով ապրելու համար:

     

    Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը փոխանցում է իր առաքելական օրհնությունը և քաջալերում երիտասարդներին՝ վստահեցնելով մարդավաճառության զոհերի պաշտպան Սբ. Բախիտայի բարեխոսությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց