«Տիրոջ խաղաղությունը պարզապես զինադադարը չէ հակամարտությունների միջև, այլ եղբայրական ընկերակցություն, որը բխում է միասնությունից, ներումից, հաշտեցումից»:
«Ձգտե՛լ եղբայրական միասնության», կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ դիմելով տարբեր դավանանքների քրիստոնյաներին էկումենիկ աղոթքի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 4-ին Ջուբայում՝ Հարավային Սուդան առաքելական այցի ընթացքում։
Նորին Սրբությունը պատարագեց Հարավային Սուդանի ազգային հերոս Ջոն Գարանգի դամբարանում՝ արքեպիսկոպոս Քենթերբեր Ջասթին Ուելբիի և Շոտլանդիայի Եկեղեցու Գլխավոր ասամբլեայի մոդերատոր Յան Գրինշիլդսի հետ միասին։ Խաղաղության համար համատեղ ուխտագնացության գաղափարը աշխարհի այս ամենաերիտասարդ երկիրն առաջացավ 2019թ. Վատիկանում հոգևոր պարապմունքների ժամանակ։
«Մենք հենց նոր բազում աղոթքներ բարձրացրեցինք դեպի երկինք այս երկրի համար», – ասաց Սրբազան Քահանայապետը՝ շարունակելով հանուն Հարավային Սուդանի Աստծո բարեխոսության և ողորմածության համար աղոթական դիտավորությունը. «Աղոթելն առաջին և ամենակարևոր բանն է, որ կանչված ենք անելու որպես քրիստոնյաներ՝ լավ աշխատելու և առաջ գնալու ուժ ունենալու համար: Եկե՛ք մտածենք դրա մասին», – շարունակեց Նորին Սրբությունը:
Առանց առ Հիսուս աղոթք բարձրացնելու՝ ապարդյուն կլիներ քրիստոնեական համայնքների համերաշխության և խաղաղության ձգտումը, քանզի այն ամենը, ինչ մենք անում ենք ուրիշների համար և կիսում նրանց հետ, անշահախնդիր պարգև է, որը մենք ստանում ենք Քրիստոսից, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Հիշեցնելով մի կարևոր դրվագ ընտրյալ ժողովրդի պատմությունից, որն էր Կարմիր ծովով անցնելը, Նորին Սրբությունն այս իրավիճակը համեմատեց Հարավային Սուդանի արած առաջին քայլերի հետ, երբ մի կողմից դիմակայում էր ավերիչ ջրհեղեղներին, մյուս կողմից էլ գտնվում էր կատաղի պատերազմի մեջ: Այդ ժամանակ Մովսեսն ասում է ժողովրդին. «Քաջալերվեցե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք Տիրոջ արած փրկությունը»: Մովսեսի այս վստահությունը գալիս էր Տիրոջը հնազանդվելուց, Նրան անդադար աղոթելուց, ինչի շնորհիվ էլ պատրիարքին հաջողվում է ազատել ժողովրդին: Բարեխոսության աղոթքը բնորոշում է Մովսեսի կյանքը (տես՝ Ելք 32,11-14), և ամենից առաջ մենք՝ Աստծո Սուրբ Ժողովրդի հովիվներս, – ասաց Սրբազան Քահանայապետը, կանչված ենք բարեխոսության: Եկեք ջերմեռանդությամբ և միաձայն աղոթենք, որ Հարավային Սուդանը, ինչպես Աստծո Ժողովուրդը Սուրբ Գրքում, «հասնի ավետյաց երկիր», կարողանա տնօրինել իր բերրի հողերը և հաստատվի այդքան երկար սպասված խաղաղությունը:
Հիսուսը ցանկանում է, որ մենք իսկապես խաղաղարար լինենք, որպեսզի Իր Եկեղեցին լինի Աստծո և ողջ մարդկային ցեղի հետ խորը միասնության խորհրդանիշ: Տիրոջ խաղաղությունը «պարզապես զինադադարը չէ հակամարտությունների միջև, այլ եղբայրական ընկերակցություն, որը բխում է միասնությունից, ներումից, հաշտեցումից»:
Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին. «Եկե՛ք միասին հասարակությանը հասցնենք խաղաղության մասին լուրը և բռնություն չգործելու Հիսուսի ուսմունքը, որպեսզի իրենց հավատացյալ համարող մարդկանց մեջ բույն չդնի վրեժխնդրության ոգու վրա հիմնված մշակույթը, քանզի Ավետարանը պարզապես գեղեցիկ կրոնական պատմություն չէ, այլ մարգարեություն, որն իրագործվում է պատմության մեջ»:
Հարավային Սուդանում քրիստոնեական համայնքները տասնամյակներ շարունակ փնտրել են հաշտեցման ճանապարհներ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և շնորհակալություն հայտնեց երկրի քրիստոնյաներին «հավատքի վառ վկայության» համար, որն ավելի զորեղ է, քան պատմական տարաձայնությունները: «Հրաշալի է, որ այդ հակամարտությունները չեն պառակտել քրիստոնյա բնակչությանը, այլ, ընդհակառակը, հենց քրիստոնեական պատկանելությունն է եղել միասնության գործոնը»։
Միասնության այս ճանապարհին կարևոր է հիշել նախնիներին՝ «լիարժեք և տեսանելի հաղորդակցության հասնելու համար», կոչ արեց Նորին Սրբությունը: Քանզի մենք միասնական ենք, երբ սերը կոնկրետ է, երբ միասին օգնում ենք վիրավորներին ու լքյալներին: «Դուք արդեն իսկ անում եք դա շատ ոլորտներում, հատկապես՝ առողջապահության, կրթության, բարեգործության ոլորտներում՝ հրատապ և անփոխարինելի օգնություն ցուցաբերելով մարդկանց: Շնորհակալություն ձեզ այդ ամենի համար: Շարունակեք նույն ոգով. մնացեք ոչ թե մրցակիցներ, այլ ընտանիքի անդամներ, եղբայրներ և քույրեր, ովքեր տառապյալների հանդեպ կարեկցանքի միջոցով փառավորում են Աստծուն և վկայում այն միասնության մասին, որը Նա ցանկանում է»:
Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց. «Սիրելինե՜ր, ես և իմ եղբայրները եկել ենք Աստծո սուրբ ժողովրդի մոտ որպես ուխտավորներ։ Չնայած ֆիզիկական հեռավորությանը, մենք միշտ ձեր կողքին կլինենք: Եկե՛ք յուրաքանչյուր օրը սկսենք միմյանց համար և միասին աղոթելով, համատեղ աշխատնքում լինենք Հիսուսի խաղաղության վկաներն ու միջնորդները, մնալով նույն ճանապարհի վրա, կատարելով ողորմության և միասնության կոնկրետ քայլեր: Եկե՛ք սիրենք միմյանց մաքուր սրտով (տես՝ Ա Պետրոս 1,22):
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը