• Կրոնները մարդուն առաջնորդում են դեպի խաղաղություն

    «Կրոնները կրում են վճռական պատասխանատվություն ժողովուրդների համակեցության համար»:


    Մարդկային եղբայրության III միջազգային օրվա և համամարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի շնորհման կապակցությամբ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը  հատուկ տեսաուղերձ է հրապարակել։

     

    Նորին Սրբությունը ողջունում է գերագույն իմամ Ալ-Ազհարի Ահմադ Ալ-Թայիբին, ում հետ չորս տարի առաջ Աբու Դաբիում ստորագրեց Մարդկային եղբայրության փաստաթուղթը, ապա  շնորհակալություն հայտնում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 2020թ. դեկտեմբերին փետրվարի 4-ը՝ որպես Մարդկային եղբայրության միջազգային օր հռչակելու համար։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ «մենք բոլորս մեր սրտերում կրում ենք եղբայրաբար ապրելու ցանկությունը՝ փոխօգնության և ներդաշնակության մեջ: Այն փաստը, որ հաճախ դա տեղի չի ունենում, և, ցավոք, մենք դրա դրամատիկ նշաններն ունենք, պետք է էլ ավելի խթանի եղբայրության որոնմանը»: Կրոնները խաղաղություն հաստատելու քաղաքական ուժ չունեն, «բայց մարդուն ներսից փոփոխելով և չարից հրաժարվելու կոչ անելով՝ նրան ուղղորդում են դեպի խաղաղություն»։ Դրա համար էլ, ընդգծում է Նորին Սրբությունը, կրոնները կրում են վճռական պատասխանատվություն ժողովուրդների համակեցության համար, քանզի երկխոսությունը նրանց միջև ազատում է կրոնական տարբերությունները քաղաքական նպատակներով օգտագործելուց։

     

    «Կրոնների դերը կարևոր է նաև այն բանի համար, որ միշտ հիշեցնում են մեզ, որ մարդու ճակատագիրը դուրս է երկրային բարօրության սահմաններից և գտնվում է համընդհանուր հորիզոնում, քանզի ամեն մի մարդ Աստծո արարչագործությունն է, մենք բոլորս ստեղծված ենք Աստծուց և վերադառնում ենք դեպի Աստված»։

     

    Մարդկային եղբայրությանը ծառայելու համար կրոնները կոչված են երկխոսության մեջ մտնելու միմյանց հետ, ճանաչելու և լրացնելու միմյանց և, ամենից առաջ, խորացնելու այն, ինչը միավորում է իրենց և նպաստում համընդհանուր բարօրությանը: Տարբերությունները ներդաշնակեցնելը հեշտ չէ, ասում Սրբազան Քահանայապետը, «սակայն դա միակ ճանապարհն է, որն երաշխավորում է կայուն և հարատև խաղաղություն»։ Եղբայրության ճանապարհը երկար է և դժվարին, սակայն այն խրախուսում է ընդունել ուրիշներին և հարգել նրանց անհատականությունը, ոգեշնչում է աշխատել այն հավատով, որ հնարավոր է ապրել ներդաշնակության և խաղաղության մեջ:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում բոլորին նվիրվել խաղաղության գործին և արձագանքել մեր օգնության կարիքն ունեցող ամենաաղքատ, անպաշտպան մարդկանց կոնկրետ խնդիրներին ու կարիքներին։ Հենց այդ նպատակին է ծառայում մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը, որն այս տարի շնորհվել է Սուրբ Էգիդիայի համայնքին և քենուհի Շամսա Աբուբաքարին: «Շատ շնորհակալ եմ ձեր ջանքերի և վկայության համար», – այս խոսքերով տեսաուղերձն եզրափակում է Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց