«Քրիստոնեությունն անհնար է առանց համայնքի, ինչպես աշխարհն առանց եղբայրության»:
Փետրվարի 1-ի առավոտյան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն իր առաքելական այցի երկրորդ օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մայրաքաղաքի օդանավակայանում մատուցեց սուրբ պատարագ՝ աղոթելով այդ աֆրիկյան երկրում խաղաղության և արդարության համար։ Պատարագին մասնակցեցին ավելի քան մեկ միլիոն ուխտավորներ և մոտ հազար քահանաներ։
Նորին Սրբությունն իր քարոզում հայտնեց իր ուրախությունը Կոնգոյի հավատացյալների հետ երկար սպասված հանդիպման կապակցությամբ և նշեց, որ ավետարանական ընթերցումը (Հվհ. 20,19-23) մեջբերում է հարություն առած Հիսուսի առաջին խոսքերն ուղղված իր աշակերտներին. «Խաղաղությու՜ն ձեզ»: Սա ավելին է, քան պարզ ողջույնը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանզի սա առաջին ուղերձն է աշխարհին: Քրիստոսի զատկական խաղաղությունը մեզ է փոխանցվում սուրբ պատարագի ժամանակ. այն գալիս է հարությամբ, քանզի Տերը նախ պետք է հաղթեր մեր թշնամիներին՝ մեղքին ու մահին, ապա երկիրն հաշտեցներ Հոր հետ:
Երեկոյան՝ հարություն առած Քրիստոսի հետ հանդիպման նախօրեին, վախեցած ու հուսալքված աշակերտների սրտերում տիրում էր մահվան խավարը։ Սակայն, Հիսուսի խաղաղությունը «գալիս է ամենաանսպասելի և անհուսալի պահերին, երբ խաղաղության շողի հույս չկա նույնիսկ»:
Տերը միշտ մեկնում է իր ձեռքը և բարձրացնում մեզ, երբ մենք հայտնվում ենք հատակին, ընդգծեց Նորին Սրբությունը: Եթե մենք Քրիստոսի հետ ենք, ապա չարը երբեք չի հաղթի, ուստի մենք չենք կարող թույլ տալ, որ մեր մեջ իշխեն հուսահատությունը, տխրությունն ու ճակատագրապաշտությունը: «Բռնությամբ և պատերազմով տառապող աշխարհում» քրիստոնյաները պետք է ընդօրինակեն Հիսուսին, որ համառորեն կրկնում էր իր աշակերտներին. «Խաղաղությու՜ն ձեզ»։
«Ինչպե՞ս պահպանենք ու մեծացնենք Հիսուսի խաղաղությունը», – հարցրեց Սրբազան Քահանայապետը: Տերն Ինքն է ցույց տալիս Աստծո խաղաղության երեք աղբյուրները, և դրանցից առաջինը ներումն է: Մինչ առաքյալներին ուրիշներին ներելու իշխանություն տալը, Քրիստոս ներում է նրանց՝ ցույց տալով մարդկանց հանդեպ իր ունեցած սիրո սեփական վերքերը և բացելով նրանց համար ողորմածության աղբյուրը: Տերը տեսնում է նաև մեր վերքերը, երկրի ու ժողովրդի վերքերը, «որոնք այրվում են՝ անընդհատ վարակվելով ատելությամբ ու բռնությամբ»: Նա ցանկանում է բժշկել նրանց: Այսօր Հիսուսը ցանկանում է «օծել մեզ Իր ներողամտությամբ՝ խաղաղություն և ներելու քաջություն տալու համար»։ Նորին Սրբությունը կոչ արեց կոնգոցիներին «իրականացնել սրտի մեծ համաներում», սրտով էլ ավելի մոտենալ Խաչյալին, ընդունել Նրա խաղաղությունը և իրենց տներում, հագուստի վրա, փողոցներում գրել Քրիստոսի պատգամը. «Խաղաղությու՜ն ձեզ»:
Ըստ Սրբազան Քահանայապետի, խաղաղության երկրորդ աղբյուրը համայնքն է: Հարություն առած Հիսուսը հանդիպում է բոլորի հետ, հոգնակիով դիմում նրանց՝ Իր խաղաղությունը փոխանցելով առաջին համայնքին։ «Քրիստոնեությունն անհնար է առանց համայնքի, ինչպես աշխարհն առանց եղբայրության», – ընդգծեց Նորին Սրբությունը: Նախկինում աշակերտները մտածում էին «չափազանց մարդկայնորեն», բայց այդ աշխարհիկ ցանկությունները նրանց դատարկաձեռն թողեցին, համայնքին զրկեցին խաղաղությունից՝ վեճերի և հակառակությունների պատճառ դառնալով (տես՝ Ղկ. 9.46; 22.24): Քրիստոնյաներին նույնպես սպառնում է իշխանություն և փող ձեռք բերելու տենչանքը, ագահությունն ու պաշտոնապաշտությունը: Այդ բոլոր գայթակղությունների լավագույն հակաթույնը աղքատների հետ կիսվելն է, քանզի նրանք ևս մեր համայնքի մի մասն են, իսկ եղբայրությունը համայնքի իսկական հարստությունն է: Ուստի Աստծո օգնությամբ անհրաժեշտ է կառուցել աշխարհիկ ոգուց զերծ Եկեղեցի, որը լի է Սուրբ Հոգով և եղբայրական սիրով։
Խաղաղության երրորդ աղբյուրը առաքելությունն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Հիսուսն ուղարկում է աշակերտներին խաղաղություն հռչակելու, քանի որ Երկնային Հայրն Իրեն ևս ուղարկել էր ծառայելու և կյանքն հանուն մարդկության զոհելու (տես՝ Մրկ. 10,45), բոլորին իր ողորմածությունը ցույց տալու և փնտրելու նրանց, ովքեր հեռու են։ (տես՝ Մտթ. 9,13): Տերը խաղաղություն է շնորհում ոչ միայն արդարներին, այլ բոլորին՝ առանց բացառության: Քրիստոնյաները կանչված են լինելու «աշխարհի միսիոներներ» և այդ առաքելությունը նրանց համակում է Քրիստոսի խաղաղությամբ: Պետք է հավատալ, որ էթնիկական, տարածաշրջանային, սոցիալական և կրոնական տարբերությունները խոչընդոտ չեն դառնա, քանզի քրիստոնյաները պետք է համագործակցեն բոլորի հետ՝ արատավոր բռնությունն ու ատելության դավերը ոչնչացնելու համար: Քրիստոսի աշակերտները կանչված են լինելու «աշխարհի խիղճն այս աշխարհում», սիրո, եղբայրության ու ներողամտության վկաները, «Աստծո անսահման սիրո միսիոներներն ամեն մարդու հանդեպ»։
«’Խաղաղությու՜ն ձեզ’», – ասում է Հիսուսն այսօր այս մեծ ազգի ամեն մի ընտանիքին, համայնքին, էթնիկական խմբերին, թաղամասին և քաղաքին։ «Խաղաղությու՜ն ձեզ», թող մեր սրտերում հնչեն մեր Տիրոջ այս խոսքերը», – իր քարոզի ավարտին կոչ արեց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը