«Անարդարությունից, պառակտումներից ու պատերազմներից վիրավորված այսօրվա մարդկությունը Քրիստոսով խաղաղության և Բարի լուրի կարիքն ունի»:
Հրապարակվել է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 97-րդ ուղերձը առաքելությունների համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այս տարի նշվելու է հոկտեմբերի 22-ին։ Հունվարի 6-ին՝ Աստվածահայտնության տոնին ստորագրված այդ Օրվա և ուղերձի թեման է. «Սրտերը կրակի մեջ, ոտքերը ճանապարհին» է (տես՝ Ղկ. 24.13-35):
Նորին Սրբությունը խորհրդածում է Էմմավուսի աշակերտների ավետարանական պատմության երեք կարևոր հանգամանքների շուրջ. ամենից առաջ խոսքը նրանց «այրվող սրտի» մասին է։ Երուսաղեմից Էմմավուս վերադառնալիս աշակերտները տխուր էին Հիսուսի մահվան պատճառով, Ում նրանք հավատում էին (տես՝ Ղկ. 24,17), Փրկչի հանդեպ նրանց հույսը փլուզվեց (տես՝ Ղկ. 24,21): Սակայն նրանց զրույցի ընթացքում «Հիսուսն Ինքը մոտեցավ և գնաց նրանց հետ» (տես՝ Ղկ. 24,15): «Իր մեծ ողորմածության շնորհիվ Նա չի հոգնում մեզ հետ լինելուց՝ չնայած մեր թերություններին, կասկածներին, թուլություններին, չնայած այն հանգամանքին, որ հուսահատությունն ու հոռետեսությունը ստիպում են մեզ դառնալ թերահավատ, «հիմար ու դանդաղաշարժ» (տես՝ Ղկ. 24,25), – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Ավետման առաքելությունը պատկանում է Քրիստոսին, իսկ մենք պարզապես Նրա խոնարհ գործակիցներն ենք, «անպիտան ծառաները» (տես՝ Ղկ. 17.10): Նորին Սրբությունը հոգևոր մոտիկություն է հայտնում աշխարհի բոլոր միսիոներներին, հատկապես նրանց, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում. հարություն առած Տերը միշտ նրանց հետ է, հեռավոր վայրերում տեսնում է նրանց առատաձեռնությունն ու զոհաբերությունները հանուն ավետարանացման:
«Մեր կյանքի բոլոր օրերը չէ, որ լի են արևով, սակայն եկեք միշտ հիշենք Տեր Հիսուսի խոսքերը, որոնք ասաց ընկերներին չարչարանքներից առաջ. ‘Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին’» (Հվհ. 16,33)։
Սրբազան Քահանայապետը հիշեցնում է, որ աշակերտներին լսելուց հետո հարություն առած Հիսուսը «սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված էր Իր մասին բոլոր Գրքերում» (Ղկ. 24,27): Հենց այդ ժամանակ է, որ աշակերտների սրտերը սկսում են «այրվել», քանզի «Հիսուս կենդանի Խոսքն է, և միայն նա կարող է վառել սիրտը, լուսավորել և փոխակերպել այն»։ Առանց Տիրոջ անհնար է խորապես հասկանալ Սուրբ Գիրքը, ինչպես որ առանց Սուրբ Գրքի անհասկանալի է Քրիստոսի և Նրա Եկեղեցու առաքելությունն աշխարհում։ Ուստի Աստվածաշնչի իմացությունը շատ կարևոր է քրիստոնյայի կյանքի համար, հատկապես Տիրոջ և Նրա Ավետարանի հռչակման համար: Արդյո՞ք կարող է սառը սիրտը այրել ուրիշների սիրտը: Ուստի հարություն առած Տերը թո՛ղ միշտ ուղեկցի մեզ՝ մեկնելով Սուրբ Գրքի իմաստը, գրում է Նորին Սրբությունը:
Ավետարանական պատմության երկրորդ հանգամանքն այն է, որ աշակերտների աչքերը «բացվեցին, և նրանք ճանաչեցին Նրան» հացը կտրելու ժամանակ. «Այստեղ կարևոր է Հիսուսի գործողությունների հաջորդականությունը՝ վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց և բաժանեց»։ «Հացը կտրած Քրիստոսն է այժմ դառնում կտրված հաց, որը կիսում է աշակերտների հետ և ճաշակվում նրանց կողմից»: Տերն անհետանում է տեսադաշտից, քանի որ այժմ Նա մտնում է աշակերտների սրտերը՝ ստիպելով նրանց էլ ավելի այրվել և առանց հապաղելու նորից ճամփորդել, որպեսզի բոլորին փոխանցեն Հարուցյալի հետ հանդիպման եզակի փորձառությունը, ընդգծում է Սրբազան Քահանայապետը.
«Հետևաբար, յուրաքանչյուր աշակերտ-միսիոներ կոչված է դառնալու հաց կտրող և կտրվող հաց հանուն աշխարհի»:
Սակայն նույնիսկ հանուն Քրիստոսի քաղցածների հետ նյութական հացի հասարակ կտրումն արդեն իսկ միսիոներական արարք է քրիստոնյայի համար, ընդգծում է Նորին Սրբությունը, հատկապես Հաղորդության հացը կտրելը բացառիկ միսիոներական փորձառություն է, որովհետև Հաղորդությունն է աղբյուրն ու Եկեղեցու կյանքի և առաքելության գագաթնակետը: Պտուղ տալու համար պետք է բնակվել Հիսուսի մեջ (տես՝ Հովհ. 15,4-9) ամենօրյա աղոթքի և Հաղորդության երկրպագության միջոցով։
Իսկ երրորդ հանգամանքն այն է, որ միսիոներների ոտքերը ճանապարհին են, և հենց դա է «Եկեղեցու հավերժական երիտասարդության գաղտնիքը»: Աշակերտները Հիսուսին ճանաչեցին «հացը կտրելու» ժամանակ և «անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան» (տես՝ Ղկ. 24,33): Նրանք շտապում էին, որպեսզի ուրիշների հետ կիսեին Տիրոջ հետ հանդիպելու ուրախությունը:
«Անհնար է իրականում հանդիպել Հիսուսին և չվառվել բոլորին այդ մասին պատմելու ցանկությամբ: Հետևաբար, առաքելության առաջին և հիմնական ռեսուրսը նրանք են, ովքեր ճանաչել են հարություն առած Քրիստոսին Սուրբ Գրքում և Հաղորդության մեջ, ովքեր կրում են Նրա կրակն իրենց սրտերում և Նրա լույսն իրենց աչքերում: Նրանք կարող են վկայել հավերժական կյանքի մասին նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ամենամութ պահերին»:
«Ոտքերը ճանապարհին» պատկերը հիշեցնում է հարություն առած Տիրոջ Եկեղեցուն արված missio ad gentes կարգադրության մշտական արդիականության մասին, որն է քարոզել ավետարանը ամեն մի մարդու և բոլոր ժողովուրդներին երկրի մի ծայրից մինչև մյուսը, ընդգծեց Սրբազան Քահանահայապետը: Անարդարությունից, պառակտումներից ու պատերազմներից վիրավորված այսօրվա մարդկությունը Քրիստոսով խաղաղության և Բարի լուրի կարիքն ունի: Ամեն մի քրիստոնյա պարտավոր է հռչակել Ավետարանը՝ առանց որևէ մեկին բացառելու:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ «յուրաքանչյուր ոք կարող է անձնական ներդրում ունենալ միսիոներական շարժման մեջ՝ իր աղոթքով ու արարքներով, դրամական նվիրատվությամբ, տառապանքով, վկայությամբ»։ Պապական միսիոներական ընկերությունները հոգևոր և նյութական իմաստով նման համագործակցության ընտրված գործիքներն են. հենց սա է սինոդական ճանապարհի ամենակարևոր նպատակը, որով անցնում է Եկեղեցին՝ առաջնորդվելով հետևյալ կարգախոսով. «միասնություն», «մասնակցություն», «առաքելություն»:
Ինչպես աշակերտներն ոգեշնչված վկայեցին Էմմավուսի ճանապարհին տեղի ունեցածի մասին (տես՝ Ղկ 24,35), «այնպես էլ մեր հռչակումները պետք է լինեն ուրախ պատմություն Տեր Քրիստոսի, Նրա կյանքի, տանջանքների, մահվան և հարության, հրաշքների մասին, որ Նրա սերն էր գործել մեր կյանքում»։
Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին ճանապարհ ընկնել վառվող սրտերով և բաց աչքերով՝ «ուրիշների սրտերը Աստծո Խոսքով վառելու, Հաղորդության ժամանակ Հիսուսին այլ աչքերով նայելու և միասին խաղաղության ու փրկության ճանապարհն անցնելու համար, որն Աստված Քրիստոսով տվել է մարդկությանը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը