«Քրիստոսի վկայությունը ցույց է տալիս նպատակի գեղեցկությունը, այլ ոչ թե ճանապարհի հոգնածությունը»:
Հունվարի 25-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ ասաց, որ Տիրոջն ընդունելու համար պետք է «ներքնապես աղքատանալ»:
Նորին Սրբությունն ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց «Հիսուս ավետման վարդապետ» թեմայի շուրջ, որպես հիմք ընդունելու ավետարանական դրվագը, որտեղ Տերը քարոզում է հայրենի Նազարեթի ժողովարանում: Հիսուս կարդում է մի հատված Եսայի մարգարեությունից (61:1-2), այնուհետև բոլորին զարմացնում է Իր հետևյալ արտահայտությամբ. «Այսօր այս գրվածքները կատարվեցին, երբ լսում էիք ձեր ականջներով» (Ղկ. 4,21): «Այս մարգարեական հատվածն արտահայտում է այն էությունը, ինչ Տերն է կամենում ասել Իր մասին», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և սկսեց մանրամասն մեկնաբանել Քրիստոսի այս առաջին քարոզչության հինգ տարրերը:
Նախ, Նրա ուղերձն ուրախալի է: Հիսուս հռչակում է. «Տիրոջ Հոգին Իմ վրա է, <…> Նա օծեց Ինձ, որպեսզի ավետարանեմ աղքատներին» (տես՝ Ղկ. 4,18): Նորին Սրբությունն ընդգծեց, որ «չի կարելի խոսել Հիսուսի մասին առանց ուրախության, քանի որ հավատքը սիրո գեղեցիկ պատմություն է, որով պետք է կիսվել», քանզի հենց Ավետարան բառը նշանակում է բարի լուր, ուրախության ավետում:
Հիսուսի քարոզչության երկրորդ տարրն ազատագրումն է, որը Նա ավետեց «գերիներին»: Ավետաբերը չի կարող ճնշում գործադրել ուրիշների վրա և զբաղվել հավատորսությամբ. Նա չի ծանրաբեռնում ուրիշներին, այլ բարձրացնում է նրանց, Նա Իր հետ խաղաղություն է բերում, այլ ոչ թե մեղքի դատապարտում: Քրիստոսի վկայությունը «ցույց է տալիս նպատակի գեղեցկությունը, այլ ոչ թե ճանապարհի հոգնածությունը», ուստի Քավիչին արժանի ցանկացած հռչակում պետք է փրկություն բերի:
Հիսուսի քարոզչության երկրորդ տարրը լույսն է, քանզի Հիսուսն ասում է, որ եկել է «կույրերին տեսողություն տալու»։ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այստեղ խոսքը ոչ միայն ֆիզիկական տեսողության մասին է, այլ նաև այն լույսի, որը դրդում է մարդուն նորովի նայել կյանքին: Հիսուսի՝ Աստծո Որդու շնորհիվ, «կյանքը դադարում է լինել կույր շարժում դեպի անգոյություն, հաջողակ բախտ կամ ճակատագիր, քանի որ այն այլևս կախված չէ պատահականությունից կամ աստղերից, առողջությունից և ֆինանսներից, այլ Հոր սիրուց, ով հոգ է տանում մեր՝ Իր սիրելի զավակների մասին»: «Որքա՜ն հրաշալի է այդ լույսը կիսել ուրիշների հետ», – ընդգծեց Նորին Սրբությունը:
Հիսուսի քարոզչության չորրորդ տարրը բժշկումն է: Տերը հայտարարում է, որ Ինքն եկել է «ազատելու տանջվածներին»: Տառապյալները նրանք ենք, ովքեր «ընկճված են հիվանդության, հոգնածության, մեղքերի, սխալների, արատների պատճառով»։ Ամենից առաջ, մարդուն ընկճում է մեղքի չարիքը, որը չունի բժշկում երկրի վրա: Բարի լուրն այն է, որ, հաղթելով չարին, Տերն «ընդմիշտ ու անհատույց» բժշկում է մեր մեղքերը: Նա Իր մոտ է հրավիրում բոլոր «հոգնածներին և բեռնավորվածներին», ուստի որևէ մեկին առաջնորդել դեպի Հիսուսը, նշանակում է նրան տանել սիրտ բժշկողի մոտ՝ ասելով. «Եղբայր, քույր, ես քո շատ խնդիրների պատասխանները չունեմ, սակայն Հիսուս գիտի և սիրում է քեզ, Նա կարող է բժշկել և հանգստացնել քո սիրտը»:
Ցանկալի ներումը շնորհելով՝ Քրիստոսն ազատում է մարդու հոգին բոլոր պարտքերից։ Աստվածաշունչն հայտնում է հատուկ հոբելյանական տարվա մասին, երբ մարդուն ներվում էին նրա բոլոր պարտքերը։ Այսպիսով, Հիսուսի քարոզչության հինգերորդ տարրը շնորհն է: Հիսուսն ասում է, որ Նա եկել է «Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղկ. 4,19), որը հրաշալի կերպով նորոգում է մարդկանց կյանքը։ Հիսուսի հռչակումն ու ավետումը միշտ շնորհքի սքանչելիք պետք է բերի, որովհետև մենք չենք, որ մեծ բաներ ենք անում, այլ Տիրոջ ողորմածությունը: «Ավետարանն ուղեկցվում է զարմանքի և նորության զգացումով, որն ունի անուն՝ Հիսուս», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց քրիստոնյաներին հռչակել Քրիստոսին այնպես, ինչպես Ինքն է ցանկանում՝ բերելով ուրախություն, ազատագրում, լույս, բժշկություն և զարմանք։
Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Ավետարանի համաձայն, Բարի լուրն ուղղված է «աղքատներին» (Ղկ. 4,18):
«Մենք հաճախ մոռանում ենք նրանց մասին, սակայն հենց նրանց մասին է Հիսուս խոսում, քանի որ նրանք Աստծո սիրելիներն են: Եկե՛ք հիշենք նրանց և չմոռանանք, որ Տիրոջն ընդունելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է «ներքնապես աղքատանա», այսինքն՝ հաղթահարենք ինքնաբավության ցանակացած պահանջ, որպեսզի մենք միշտ շնորհի կարիք ունենանք, լինենք Նրա շնորհի մշտական կարիքավորը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը