• Հիսուսի հետ մնալու համար հետևենք Նրան և թողնենք ամեն ինչ

    «Կյանքում կայանալու համար պետք է ինչ-որ բանից հրաժարվելու քաջություն ունենալ»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց առաջին աշակերտների կոչման մասին, որը նկարագրված է օրվա ավետարանական ընթերցման հատվածում (Մտթ. 4,12-23): Հանդիպելով Հիսուսին Գալիլիայի ծովի ափին, նրանք անմիջապես, թողնելով ամեն ինչ, գնացին Նրա հետևից:

     

    Տիրոջ հետ առաջին այս հանդիպումը նրանք հիշելու են իրենց ողջ կյանքի ընթացքում, ընդգծեց Նորին Սրբությունը: Հավատքի ճանապարհի սկզբում մենք «կարող ենք զգալ Հիսուսի ձգողականությունը, գուցե ուրիշների շնորհիվ, սակայն հետո այդ ծանոթությունը դառնում է ավելի անձնական և լույս է վառում սրտում», մենք ցանկանում ենք ուրիշների հետ կիսվել այդ հրաշալի ապրումներով, որն զգացել են նաև առաջին աշակերտները (տես՝ Հվհ. 1.40-42): Սակայն վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ մենք պետք է որոշում կայացնենք. թողնե՞նք այն, ինչում վստահ ենք և հետևենք Հիսուսի կոչին, թե՞ մնանք մեր տեղում: «Սա վճռորոշ պահ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, քանզի վտանգված է մնացած ամեն ինչի իմաստը: Եթե ​​մենք ճանապարհ ընկնելու համարձակություն չունենանք, ապա մեզ կսպառնա սեփական գոյության հանդիսատեսը դառնալու և ոչ լիարժեք հավատքով ապրելու վտանգը», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Հիսուսի հետ մնալու համար պետք է հեռանալու քաջություն ունենալ: Սակայն ինչի՞ց մենք պետք հեռանանք կամ հրաժարվենք: Իհարկե, արատներից ու մեղքերից, որոնք խարիսխների նման, գամում են մեզ ափին և թույլ չեն տալիս ծով դուրս գալ: Սակայն մենք նաև պետք է թողնենք այն, ինչը մեզ հետ է պահում լիարժեք կյանքով ապրելուց. վախեր, եսասիրական հաշվարկներ, անհոգ կյանքով ապրելու դեպքում՝ ապահով տեղում մնալու երաշխիքներ: Պետք է նաև հրաժարվենք մի շարք անպետք բաներից, որոնց վրա շատ ժամանակ ենք վատնում: Որքա՜ն հրաշալի է թողնել այդ ամենը՝ ծառայության դժվարին, սակայն ուրախ փորձառությունը զգալու համար, կամ էլ ավելի երկար ժամանակ հատկացնել աղոթքին՝ Տիրոջ հետ ընկերանալու և ավելի լավ ճանաչելու համար»:

     

    Սա նաև երիտասարդ ընտանիքի փորձառությունն է, երբ նրանք թողնում են իրենց հանգիստ կյանքը՝ մայրության և հայրության անկանխատեսելի և հրաշալի արկածները բացահայտելու համար, շարունակեց Նորին Սրբությունը: Սա բժշկի կամ բուժաշխատողի փորձառությունն է, ով իր ամբողջ ժամանակը նվիրել է սովորելուն ու պատրաստվելուն, իսկ հիմա բարություն է անում՝ շատ էներգիա տալով հիվանդներին: Կյանքում կայանալու համար պետք է ինչ-որ բանից հրաժարվելու քաջություն ունենալ, ինչպես Հիսուսն է կոչ անում մեզանից յուրաքանչյուրին այսօր, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Արդյո՞ք մենք հիշում ենք Հիսուսի հետ հանդիպման այդ «հզոր պահը»։ Արդյո՞ք մենք հիշում ենք ինչ-որ գեղեցիկ և նշանավոր բան, որը տեղի է ունեցել նրա շնորհիվ, որ մենք հրաժարվել ենք ոչ այնքան կարևոր բաներից: Արդյո՞ք այսօր կա որևէ բան, որից Հիսուս խնդրում է մեզ հրաժարվել: Ի՞նչ նյութական արժեքներից, մտածելակերպից, սովորություններից պետք է հրաժարվենք, որպեսզի անկեղծորեն համաձայնվենք Նրա հետ:

     

    Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթեց և ասաց հետևյալը. «Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ անվերապահորեն «այո» ասել Աստծուն և սովորել ինչ-որ բանից հրաժարվել՝ Նրան ավելի հավատարմորեն հետևելու համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց