«Ամեն մի «կորածի» համար Տերն ունի բարի խոսք, որը նրանց փոխանցելը մեր պատիվն ու բեռն է»:
Հունվարի 18-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ, որը պետք է ոգեշնչի Եկեղեցուն և յուրաքանչյուր քրիստոնյայի:
Սրբազան Քահանայապետը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց ավետարանացման անգերազանցելի օրինակի՝ Հիսուս Քրիստոսի վրա, Ում Սուրբ Ծննդյան Ավետարանն անվանում է Աստծո Խոսք։ Տեր Հիսուսը միշտ դիմում է Երկնային Հորը և մարդկանց, չէ որ «Բանն, այսինքն՝ Խոսքն, ըստ էության գոյություն ունի փոխանցելու համար», – ընդգծեց Նորին Սրբությունը: Ավետարանում մենք տեսնում ենք Տիրոջ աղոթական մոտիկությունը Հոր հետ, դրա համար էլ Նա վեր է կենում լույսը բացվելուց առաջ և գնում աղոթելու «ամայի վայրերում» (տես՝ Մկ. 1,35; Ղկ. 4,42): Նա բոլոր կարևոր որոշումները կայացնում է աղոթքից հետո (տես՝ Ղկ. 6,12; 9,18): «Հենց այդ աղոթական հարաբերությամբ, որը Հիսուսին Սուրբ Հոգով կապում է Հոր հետ, Նա բացահայտում է Իր մարդեղությունը և աշխարհում Իր գոյության իմաստը, որպես մեզ նվիրված առաքելություն», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և մատնանշեց Հիսուսի «առաջին հրապարակային արարքը» Նազարեթում երկար տարիներ թաքուն կյանքից հետո. «Տերը մեծ հրաշք չի գործում, որևէ սենսացիոն պատգամ չի հայտնում, այլ հաղորդակցվում է մարդկանց հետ, ովքեր եկել են Հովհաննեսի ձեռքով մկրտվելու»։ Ահա հենց սա է Տիրոջ առաքելությունը հասկանալու բանալին. Նա Իրեն նվիրում է մեղավոր մարդկանց՝ լիովին կիսելով նրանց կյանքը: Որովհետև «Նա չեկավ, որպեսզի Իրեն ծառայեն, այլ, որ Ինքը ծառայի և տա Իր հոգին» (Մկ. 10,45), դրա համար էլ Նա Իր ողջ երկրային օրերը նվիրում է ավետարանացմանն ու մարդկանց, հատկապես ամենաաղքատներին և ամենաթույլներին, մեղավորներին և հիվանդներին (տես՝ Մկ 1,32-39):
Հիսուսի երկրային կյանքի կերպարը կարելի է պատկերացնել Նրա իսկ խոսքերով, – ընդգծեց Նորին Սրբությունը. Տերն Ինքն Իրեն անվանում է Բարի Հովիվ, ով «իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հվհ. 10,11): Հովվի տքնաջան աշխատանքը մեծ նվիրում էր պահանջում. «Դա իսկական կենսակերպ էր»՝ ապրել հոտի հետ, արածեցնել այն, քնել ոչխարների մեջ, հոգ տանել թույլերի մասին: «Այլ կերպ ասած, Հիսուս մեզ համար ինչ-որ փոքր ծառայություն չի անում, այլ Իր ամբողջ կյանքը տալիս է հանուն մեզ։ Նա հովվի սիրտ ունի» (տես՝ Եզեկիել 34,15):
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Եկեղեցին նույնպես կոչված է հովվելու, հետևաբար, մեր աշխատանքը գնահատելու համար մենք պետք է մեզ համեմատենք մեզ Հիսուսի՝ Բարի Հովվի հետ՝ ինքներս մեզ տալով հետևյալ հարցերը. «Արդյո՞ք մենք ընդօրինակու՞մ ենք Նրան, խմու՞մ աղոթական աղբյուրներից, որպեսզի մեր սրտերը համահունչ լինեն Նրա սրտին»: Նրա հետ մոտիկությունը ցանկացած առաքյալի հոգին է, քանի որ Տերն Ինքը հստակ ասաց իր աշակերտներին. «Առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հվհ. 15:5): Լինելով Հիսուսի հետ՝ կարելի է լսել, որ Նրա հովվի սիրտը միշտ բաբախում է կորածների, մոլորվածների համար:
Հիսուս ոչ միայն պատմում է կորած ոչխարի առակը (տես՝ Ղկ. 15.4-7), այլ նաև խոսում է կորած դրամի և անառակ որդու մասին, ընդգծեց Նորին Սրբությունը:
«Եթե մենք ուզում ենք մեր մեջ առաքելական եռանդ դաստիարակել, ապա միշտ պետք է մեր աչքի առաջ ունենանք Ղուկասի Ավետարանի 15-րդ գլուխը: Այնտեղից մենք իմանում ենք, որ Աստված չի լքում Իր ոչխարներին: Նա տառապում է կորած ոչխարի համար և վտանգի տակ է դնում Իր կյանքը: Նա չի ասում. «Ինքն է գնացել, դա իր մեղքն է, իր գործը»: Հովվական սիրտն այլ կերպ է արձագանքում՝ այն տառապում է և ռիսկի դիմում»։
Տերը տանջվում է բոլոր նրանց համար, ովքեր հեռացել են Իրենից և սգալով նրանց՝ ավելի շատ է սիրում։ Նա տառապում է, երբ մենք հեռանում ենք Նրա սրտից, և նա ռիսկի է դիմում. նա թողնում է իննսունինը ոչխարին ապահով տեղում և դուրս գալիս կորածին փնտրելու:
«Նրա մեջ չկա բարկություն կամ վրդովմունք, սակայն կա անդիմադրելի կարոտ մեր հանդեպ: Այսպիսին է Աստծո նախանձախնդրությունը»:
Սրբազան Քահանայապետը կոչ է անում քրիստոնյաներին պատասխանել հետևյալ հարցին. «Արդյո՞ք մենք ևս ունենք նման զգացողություններ»։ Գուցե մենք հոտը լքածին համարում ենք հակառակորդ կամ թշնամի։ Այնուամենայնիվ, նրանց հետ հանդիպումը «հրաշալի հնարավորություն է Հոր ուրախության մասին վկայելու համար, Ով սիրում է և երբեք չի մոռացել նրանց»։
Ամեն մի «կորածի» համար Տերն ունի բարի խոսք, որը նրանց փոխանցելը մեր պատիվն ու բեռն է: Հենց սա է մեզանից խնդրում է Հիսուսն Ինքը՝ Աստծո Խոսքը: Խոսքը հավատորսության մասին չէ, որպեսզի մյուսները դառնան «մերոնք», այլ սիրո, որպեսզի նրանք բոլորը դառնան Աստծո երջանիկ զավակները, ընդգծեց Նորին Սրբությունը և կոչ արեց քրիստոնյաներին աղոթել «հովվական սրտի» շնորհի համար. «Առանց այդ սիրո, որը տառապում է և խիզախել գիտի, մենք միայն ինքներս մեզ կհովվենք»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը