• Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Խաղաղության 56-րդ Համաշխարհային օրվա կապակցությամբ

    «Միայն եղբայրական և անձնուրաց սիրուց բխող խաղաղությունը կարող է օգնել մեզ հաղթահարելու անձնական, սոցիալական և համաշխարհային ճգնաժամերը»:


    Ոչ ոք չի կարող միայնակ փրկվել: COVID-19 համավարակից հետո նորից սկսենք՝ միասին խաղաղության ճանապարհ հարթելու համար։

     

    «Եղբայրնե՛ր, բայց ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը գիշերով» (Սուրբ Պողոս առաքյալի առաջին թուղթը Թեսաղոնիկեցիներին 5:1-2):

     

    1. Այս խոսքերով Պողոս առաքյալը հորդորում է թեսաղոնիկեցիների համայնքին մնալ անսասան, կարողանալ ուշադիր նայել իրականությանն ու պատմության իրադարձություններին՝ Տիրոջ հետ հանդիպման ակնկալիքով: Նույնիսկ եթե մեր գոյության իրադարձությունները շատ են ողբերգական թվում, և մենք մեզ ներքաշված ենք զգում անարդարության և տառապանքի մթին ու դժվարին թունելի մեջ, մենք կանչված ենք բաց պահել մեր սրտերը հույսի համար՝ վստահելով Աստծուն, ով բացահայտում է Իրեն, քնքշությամբ ուղեկցում է մեզ, աջակցում է մեզ մեր հոգնածության ժամանակ և ամենից առաջ ուղղորդում է մեր ճանապարհը: Ահա թե ինչու է Սուրբ Պողոս առաքյալն անդադար հորդորում համայնքին լինել զգոն, փնտրել բարություն, արդարություն և ճշմարտություն. «Ուրեմն չքնենք մնանք, ինչպես՝ ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք» (Սուրբ Պողոս առաքյալի առաջին թուղթը Թեսաղոնիկեցիներին 5,6): Սա արթուն մնալու, սեփական վախերի ու տխրության մեջ չպարփակվելու, ընճվածությանը չտրվելու կոչ է, քանզի պետք է նմանվել ժամապահներին՝ կարողանալով հսկել ու որսալ լուսաբացի առաջին շողերը, հատկապես՝ ամենամթին ժամերին:

     

    1. COVID-19 մեզ գցեց գիշերվա խորխորատը՝ապակայունացնելով մեր սովորական կյանքը, խախտելով ծրագրերն ու սովորությունները, խաթարելով նույնիսկ ամենաարտոնյալ հասարակությունների թվացյալ անդորրը, առաջացնելով ապակողմնորոշում և տառապանք, դառնալով մեր բազմաթիվ եղբայրների ու քույրերի մահվան պատճառը:

     

    Հայտնվելով հանկարծակի ի հայտ եկած խնդիրների հորձանուտում և նույնիսկ գիտական ​​տեսանկյունից ոչ լիովին պարզ իրավիճակում, առողջապահական աշխարհը մոբիլիզացվեց շատերի ցավը մեղմելու և իրավիճակը շտկելու համար: Նույն կերպ վարվեցին նաև քաղաքական իշխանությունները, որոնք ստիպված եղան որոշակի քայլեր ձեռնարկել արտակարգ իրավիճակում կազմակերպչական աշխատանքներ տանելու և կառավարելու համար:

     

    Ֆիզիկական դրսևորումներից բացի, COVID-19 հանգեցրեց ընդհանուր տհաճ իրավիճակի, որն իր խորը հետքն է թողել շատ մարդկանց և ընտանիքների սրտերում՝ սնվելով երկարատև մեկուսացման և ազատության տարբեր սահմանափակումներով։

     

    Բացի այդ, չպետք է մոռանալ, որ համավարակը սոցիալական և տնտեսական համակարգերում բացահայտեց մի շարք հակասություններ և անհավասարություններ: Այն սպառնալիք դարձավ շատ մարդկանց զբաղվածության համար և նպաստեց միայնության ավելի լայն տարածմանը հասարակաության մեջ, հատկապես ամենաթույլերի և ամենաաղքատների շրջանում: Ընդգծենք, որ աշխարհի տարբեր մասերում միլիոնավոր ոչ օրինական աշատողներ կան, ովքեր մնացին առանց աշխատանքի և որևէ օգնության՝ իրենց մեկուսացման ողջ ժամանակահատվածում:

     

    Մարդիկ և հասարակությունը հազվադեպ են առաջընթաց գրանցում այնպիսի իրավիճակներում, որոնք առաջացնում են պարտության և դառնության զգացումներ. դա թուլացնում է խաղաղության հասնելու ջանքերը, հրահրում է սոցիալական բախումներ, հիասթափություն և տարատեսակ բռնություններ: Այդ առումով, համավարակը կարծես ցնցեց մեր մոլորակի նույնիսկ ամենախաղաղ անկյունները՝ բացահայտելով անթիվ խոցելիություններ:

     

    1. Երեք տարի անց հարցեր տալու, սովորելու, զարգանալու և փոխվելու ժամանակն է, և սա վերաբերում է ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ համայնքներին, քանզի դա «Տիրոջ օրվան» նախապատրաստվելու արտոնյալ ժամանակն է: Բազմիցս ասել եմ, որ ճգնաժամային իրավիճակներում մարդը երբեք նույնը չի մնում. նա դառնում է լավը կամ վատը: Այսօր մենք պարտավոր ենք հարցնել ինքներս մեզ, թե մեզ ի՞նչ սովորեցրեց այս համավարակը: Ի՞նչ նոր ճանապարհներ պետք է ընտրենք՝ հին սովորությունների կապանքներից ազատվելու համար, որպեսզի ավելի լավ նախապատրստվենք նոր փորձություններին: Կյանքի և հույսի ի՞նչ նշաններ կարող ենք տեսնել՝ առաջ շարժվելու և մեր աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

     

    Անշուշտ, ինքներս մեր վրա զգալով այն խոցելիությունը, որը սահնմանում են մարդկային իրողությունները և մեր անձնական գոյությունը, կարող ենք պնդել, որ COVID-19 ուսուցանած ամենամեծ դասը այն գիտակցումն է, որ մենք բոլորս միմյանց կարիքն ունենք, որ մեր ամենամեծ գանձը, թեև ամենափխրունը, մարդկային եղբայրությունն է՝ հիմնված մեր ընդհանուր Աստվածային որդիության վրա, և որ ոչ ոք չի կարող միայնակ փրկվել: Ուստի չափազանց կարևոր է համախմբված փնտրել և առաջ մղել մարդկային եղբայրության ուղին բնորոշող համամարդկային արժեքները։ Մենք նաև հասկացանք, որ առաջընթացի, տեխնոլոգիայի և գլոբալացման պտուղների հանդեպ հավատը ոչ միայն չափազանցված էր, այլև վերածվել էր անհատապաշտական ​​և կռապաշտական ​​արբեցողության՝ վտանգելով արդարության, ներդաշնակության և խաղաղության ակնկալվող երաշխիքները: Շատ հաճախ մեր արագընթաց աշխարհում անհավասարակշռության, անարդարության, աղքատության և մարգինալացման համատարած հարցերը հրահրում են անկարգություններ և հակամարտություններ, բռնություն և նույնիսկ պատերազմ:

     

    Թեև մի կողմից համավարակը ջրի երես հանեց այս ամենը, սակայն մյուս կողմից էլ մեզ հաջողվեց դրական բացահայտումներ անել. բարենպաստ վերադարձ դեպի խոնարհություն, սպառողների որոշ պահանջների նվազեցում, նորացված համերաշխության զգացում, որը խրախուսում է ազատվել եսասիրությունից, որպեսզի սրտաբաց լինենք ուրիշների տառապանքների և կարիքների համար, ինչպես նաև շատ մարդկանց հերոսաբար կատարած պարտականությունները, ովքեր զոհաբերում էին իրենց, որպեսզի ամեն ոք կարողանար ավելի լավ հաղթահարել արտակարգ դրության այս դրաման:

     

    Այս փորձառությունը հանգեցրեց ավելի խորը փոխըմբռնման՝ հրավիրելով բոլոր ժողովուրդներին և երկրներին կրկին կենտրոնանալ «միասին» բառի շուրջ: Քանի որ մենք միասին հենց եղբայրության ու համերաշխության մեջ ենք կերտում խաղաղություն, ապահովում արդարությունը և հաղթահարում ամենացավալի իրադարձությունները։ Իսկակապես, համավարակին ամենաարդյունավետ պատասխանները տվեցին սոցիալական խմբերը, պետական ​​և մասնավոր հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք միավորվել էին այս խնդրի լուծման համար՝ հրաժարվելով մասնավոր շահերից: Միայն եղբայրական և անձնուրաց սիրուց բխող խաղաղությունը կարող է օգնել մեզ հաղթահարելու անձնական, սոցիալական և համաշխարհային ճգնաժամերը:

     

    1. Միևնույն ժամանակ, հենց մենք համարձակվեցինք հուսալ և մտածել, որ հաղթահարել ենք ամենավատթարագույնը է, մեկ այլ սարսափելի աղետ պատահեց մարդկությանը։ Մենք ականատես ենք մեկ այլ աղետի սկզբի. ևս մեկ պատերազմի, որը որոշ չափով համեմատելի է COVID-19 հետ, սակայն, այնուամենայնիվ, թելադրված է մարդկային կործանարար կամքով: Ուկրաինական պատերազմը դառնում է անմեղ զոհերի պատճառ և անորոշություն է սերմանում ոչ միայն տուժածների շրջանում, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հազարավոր կիլոմետր հեռավորության վրա տառապում են դրա կողմնակի ազդեցություններից. բավական է միայն մտածել այն խնդիրների մասին, որոնք առաջանում են հացահատիկի և վառելիքի գների պատճառով:

     

    Իհարկե, սա ամենևին էլ այն հետքովիդային ժամանակաշրջանը չէր, որը մենք ակնկալում էինք։ Ըստ էության, այս պատերազմը, մեր մոլորակի մյուս բոլոր հակամարտությունների հետ միասին, ներկայացնում է ողջ մարդկության պարտությունը: COVID-19 հաղթահարելու համար պատվաստանյութ հայտնաբերվեց, իսկ պատերազմը շարունակվում է և դեռ չկան համապատասխան լուծումներ ու որոշումներ։ Իհարկե, պատերազմի վիրուսը շատ ավելի դժվար է հաղթահարել, քան այն վիրուսները, որոնք վարակում են մարդու մարմինը, քանի որ այն գալիս է ոչ թե դրսից, այլ մեղքով պղծված մարդու սրտից (տես՝ Մկ. 7,17-23):

     

    1. Ի՞նչ մենք պետք է անենք: Ամենից առաջ թույլ տանք, որ մեր ապրած արտակարգ իրավիճակները փոխեն մեր սրտերը, այսինքն՝ թույլ տանք Աստծուն, որպեսզի այս պատմական պահի միջոցով փոխակերպի աշխարհն ու իրականությունը մեկնաբանելու մեր սովորական չափորոշիչները: Մենք այլևս չենք կարող մտածել միայն անձնական կամ ազգային շահերը պահպանելու մասին, այլ պետք է մեզ տեսնենք ընդհանուր բարօրության լույսի ներքո՝ բաց համաշխարհային եղբայրության համար։ Մենք չենք կարող միայն ինքնապաշտպանության ձգտել. եկել է ժամանակը, որպեսզի բոլորն աշխատեն հանուն մեր հասարակության ու մոլորակի բժշկման՝ ավելի արդար և խաղաղ երկնքով աշխարհի հիմքը դնելու համար:

     

    Այս ամենն իրականացնելու և COVID-19 համավարակի առաջացրած հետևանքներն հաղթահարելու ու ավելի լավ ապրելու համար չի կարելի անտեսել հետևյալ հանգամանքը. մեր բարոյական, սոցիալական, քաղաքական և տնտեսական շատ ճգնաժամեր փոխկապակցված են, և այն, ինչ մենք համարում ենք առանձին խնդիրներ, իրականում մեկ կամ մի այլ ճգնաժամի հետևանքն է: Այդ իսկ պատճառով մենք կանչված ենք պատասխանատվությամբ և սրտացավությամբ դիմակայելու մեր աշխարհի մարտահրավերներին: Մենք պետք է վերանայենք առողջապահությանը վերաբերող շատ հարցեր և ապահովենք բոլորի առողջ լինելու իրավունքը, աջակցենք խաղաղարարական նախաձեռնություններին՝ վերջ դնելով հակամարտություններին և պատերազմներին, որոնք հանգեցնում են զոհերի և աղքատության, միասին պետք է հոգանք մեր ընդհանուր տան կարիքները և իրականացնենք հստակ ու արդյունավետ միջոցներ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, պետք է պայքարենք անհավասարության վիրուսի դեմ և երաշխավորենք սնունդ ու արժանապատիվ աշխատանք բոլորի համար՝ աջակցելով նրանց, ովքեր նույնիսկ նվազագույն աշխատավարձ չունեն և լուրջ դժվարությունների մեջ են։ Սովահար ժողովուրդների խայտառակ վիճակը խորը ցավ է պատճառում: Հարկավոր է մշակել ընդունելության և ինտեգրման համապատասխան քաղաքականություն, հատկապես միգրանտների և մեր հասարակության մեջ որպես լքյալներ ապրողների առնչությամբ: Նման իրավիճակներում գործելով այլասիրական ​​ցանկությամբ՝ ներշնչված Աստծո անսահման և ողորմած սիրով, մենք կարող ենք կառուցել նոր աշխարհ և նպաստել Աստծո Թագավորության կառուցմանը, որը սիրո, արդարության և խաղաղության Թագավորությունն է:

     

    Կիսվելով այս մտորումներով՝ հույս ունեմ, որ նոր տարում մենք կկարողանանք քայլել միասին՝ գնահատելով այն ամենը, ինչ մեզ սովորեցնում է պատմությունը։ Իմ բարեմաղթանքներն են հղում պետությունների և կառավարությունների նախագահներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և տարբեր կրոնական առաջնորդներին։ Բոլոր բարի կամքի տեր մարդկանց մաղթում եմ, որ աշխարհի արհեստավորների նման օր օրի ավելի երջանիկ տարի կերտեն: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ Հիսուսի Մայրը և խաղաղության Թագուհին, բարեխոսի մեզ և ողջ աշխարհի համար։

     

    Վատիկան, 8 դեկտեմբերի 2022թ

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց