«Արդյո՞ք կարողանում ենք անկեղծորեն ուրախանալ մարդկանց ձեռքբերումների համար»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց օրվա ավետարանական ընթեցման շուրջ, որտեղ Հովհաննես Մկրտիչը վկայում է Հիսուսի մասին. «Իմ հետևից գալիս է մեկը, որ ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար»:
Այս խոսքերն արտացոլում են Հովհաննես Մկրտչի ծառայության ոգին, – ընդգծեց Նորին Սրբությունը, նա դա արեց առանց իրեն խնայելու և այժմ պատրաստ է մի կողմ քաշվել։ Մարդկային տեսանկյունից կարելի է ենթադրել, որ նա ինչ-որ պարգևի իրավունք ունի՝ նշանավոր տեղ ունենալով Հիսուսի հասարակական կյանքում։ Սակայն ոչ: Ավարտելով իր առաքելությունը՝ Հովհաննեսը հասկանում է, որ այժմ պետք է մի կողմ քաշվի և տեղ ազատի Հիսուսի համար.
«Հովհաննեսը տեսավ, թե ինչպես Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա (տես՝ Հովհ. 1,33-34), նա մատնանշում է Նրան որպես Աստծո Գառ, Ով իր վրա է վերցնում աշխարհի մեղքը, իսկ հիմա, ինքն իր հերթին, խոնարհաբար լսում է: Մարգարեից նա դառնում է աշակերտ: Նա քարոզում էր ժողովրդին, աշակերտներ հավաքում, երկար ժամանակ սովորեցնում նրանց, սակայն ոչ մեկի մոտ Իր հանդեպ կախվածություն չի առաջացնում: Դժվար է, սակայն հենց դա է իսկական ուսուցչի նշանը. մի՛ կապիր մարդկանց քեզ հետ: Հովհաննեսն այդպես էլ անում է և ուղարկում իր աշակերտներին հետևելու Հիսուսին: Նրան չի հետաքրքրում հետևորդներ, հեղինակություն և հաջողություն ձեռք բերելու փափագը, նա վկայություն է տալիս և մի քայլ հետ գնում, որպեսզի շատերը զգան Հիսուսի հետ հանդիպելու բերկրանքը: Կարելի է ասել, որ նա բացում է դուռը և հեռանում»։
Իր ծառայության ոգով և մի կողմ քաշվելու ունակությամբ՝ Հովհաննես Մկրտիչը քրիստոնյաներին սովորեցնում է ձերբազատվել կապվածությունից, շարունակեց Սրբազան Քահանայապետը: «Հեշտությամբ կարող է կապվածություն առաջանալ դիրքի ու պաշտոնի, գնահատվելու, ճանաչվելու և պարգևատրվելու ցանկության հետ: Դա բնական է, սակայն լավ չէ, քանի որ ծառայությունը ենթադրում է անշահախնդրություն, հոգատարություն ուրիշների մասին՝ առանց սեփական շահի, թաքնված նպատակների, որևէ ակնկալիքի, ընդգծեց Նորին Սրբությունը: Մենք նույնպես պետք է, ինչպես Հովհաննեսը, զարգացնենք ճիշտ պահին մի կողմ քաշվելու առաքինությունը՝ վկայելով, որ Հիսուսն է մեր կյանքի մեկնարկային կետը»։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քահանայի առաքելության մեջ հենց նման առաքինությունն է կարևոր. նա երբեք չպետք է աչքի ընկնի կամ օգուտ քաղի իր ծառայությունից, այլ լուռ և պատասխանատվությամբ ուղեկցի մյուսներին դեպի Հիսուսի ճանապարհը։ Նման առաքինությունը կարևոր է նաև ծնողների համար. մեծ դժվարությամբ մեծացնելով երեխաներին, նրանք պետք է նրանց ազատություն տան իրենց կյանքի ճանապարհով անցնելու համար և ոչինչ չպարտադրեն: Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ ընկերությունը և սոցիալական հարաբերությունները, ընդգծեց Նորին Սրբությունը:
Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք ունակ ենք ուրիշներին զիջել: Արդյո՞ք կարողանում ենք լսել և ընդունել ուրիշների ազատությունը՝ դրա դիմաց ոչինչ չպահանջելով: Արդյո՞ք մենք կարողանում ենք ուրախանալ, երբ մարդիկ ընտրում են իրենց ճանապարհը և հետևում իրենց կոչմանը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ մենք պետք է բաց թողնենք նրանց: Արդյո՞ք կարողանում ենք անկեղծորեն ուրախանալ նրանց ձեռքբերումների համար: «Ահա թե ինչ է նշանակում թույլ տալ, որպեսզի ուրիշներն աճեն», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և իր խորհրդածության ավարտին խնդրեց Աստվածամոր բարեխոսությունը.
«Թող Մարիամը՝ Տիրոջ աղախինը, օգնի մեզ ձերբազատվել կապվածություններից, որպեսզի ճանապարհ բացենք Տիրոջ համար և տեղ տանք ուրիշներին»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը