«Հիսուս նայում է հենց սրտին, տեսնելով էությունը, ոչ թե պիտակը»:
Եթե քրիստոնեությունը դադարի Ավետարանի հռչակումը, ապա «կհիվանդանա». հունվարի 11-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց ավետարանացման և առաքելական եռանդի կարևորությունը՝ այդպիսով սկսելով քրիստոնեական ուսուցումների նոր շարք:
Ավետարանացումը Եկեղեցու կենսական հարթությունն է. Քրիստոսի աշակերտների համայնքը լինում է առաքելական և միսիոներական, Սուրբ Հոգին այն ձևավորել է որպես «հեռացող Եկեղեցի», այսինքն՝ Եկեղեցի, որն ինքն իր մեջ պարփակված չէ, այլ Հիսուս Քրիստոսի վկան է: Քրիստոնեական կյանքն իր տեսադաշտից կորցնելով ավետարանացման հորիզոնը՝ հիվանդանում է, իսկ հավատքը թառամում է: Առաքելությունը «քրիստոնեական կյանքի կազդուրող և մաքրող թթվածինն է»։
Առաքելական եռանդի ակունքներին վերադառնալու համար Նորին Սրբությունը՝ որպես առաջին ավետարանական պատմություն, ներկայացրեց Մատթեոսի առաքելական կոչումը: Այս օրինակով Սրբազան Քահանայապետը պարզաբանում է, որ «ամեն ինչ սկսվում է Հիսուսից, Ով մարդ է տեսնում». «Հիսուս տեսավ մարդու, որ նստել էր մաքսատանը»: Քչերն էին Մատթեոսի մեջ «մարդ» տեսնում, – ընդգծեց Նորին Սրբությունը, քանի որ նա հարկահավաք էր, այսինքն՝ հռոմեական զավթիչների համար տուրքեր հավաքող։ Այլ կերպ ասած, նա համարվում էր ժողովրդի դավաճան: Մարդիկ նրան արհամարհանքով էին վերաբերվում, սակայն Հիսուսի աչքում նա «մարդ էր՝ իր թշվառությամբ ու մեծությամբ»։ Հիսուս նայում է հենց սրտին, տեսնելով էությունը, ոչ թե պիտակը. «Հիսուսը մոտենում է նրան, որովհետև Աստված սիրում է յուրաքանչյուր մարդու, ներառյալ ամենաանպետքներին»։ Ավելին, Նա եկել է հենց այդպիսի մարդկանց համար. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին»։ Հիսուս տեսնում է մարդուն որպես այդպիսին, ով էլ որ նա լինի, և հենց սա է բարի լուրի հռչակման սկիզբը:
Սրբազան Քահանայապետը հարցրեց. «Իսկ մենք ինչպե՞ս ենք տեսնում մարդկանց: Որքա՞ն հաճախ ենք մենք տեսնում ոչ թե կարիքները, այլ թերությունները, որքա՞ն հաճախ ենք մարդկանց պիտակավորում այն ամենի համար, ինչ նրանք անում և մտածում են: Եվ մենք՝ քրիստոնյաներս, օգտագործում ենք «մերոնք» – «ոչ մերոնք» արտահայտությունները։ Սա Հիսուսի տեսակետը չէ», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Տերը եկել է մեղավորների, ոչ թե արդարների մոտ, և եթե մենք մեզ արդար ենք համարում, ապա Հիսուս հեռու է մեզանից:
Հիսուսի այս հայացքին հաջորդում է երկրորդ քայլը՝ ի պատասխան Իրեն հետևելու կոչին, Մատթեոսը «վեր կացավ և հետևեց»: Սրբազան Քահանայապետն ընդգծեց այն կարևոր հանգամանքը, որ Մատթեոսը «վեր կացավ». Փաստն այն է, որ այդ օրերին նստածն իշխանություն էր դրսևորում. նրանք, ովքեր իշխանություն ունեին ուրիշների վրա, մնում էին նստած, իսկ մյուսները կանգնում էին նրանց դիմաց։ Այսպիսով, առաջին բանը, ինչ Հիսուս անում է Մատթեոսին, դա նրան իշխանությունից զրկելն էր, որպեսզի նա հավասարվեր իր եղբայրներին և անցներ ծառայության հորիզոները բացահայտելուն: Քրիստոնյաների համար սա մեծ նշանակություն ունի, քանզի մենք որպես Եկեղեցի չենք կարող «նստել ու սպասել, որ մարդիկ գան մեզ մոտ», այլ պետք է կարողանանք «վեր կենալ, մարդկանց հետ ճամփա ընկնել, մարդկանց փնտրել»։
Մատթեոսի կոչման երրորդ հանգամանքն այն է, թե ուր է նա գնում: Սակայն ամենից առաջ Հիսուսն Ինքն է գնում նրա տուն, որտեղ Մատթեոսը Նրա համար մեծ ճաշկերույթ էր պատրաստել, որին մասնակցում էին մաքսավորներն ու մեղավորները, այսինքն՝ իր նման մարդիկ։
«Մատթեոսը վերադառնում է իր տունը, սակայն վերադառնում է բարեփոխված և Հիսուսի հետ միասին: Նրա առաքելական եռանդը չի սկսվում ինչ-որ նոր, մաքուր, կատարյալ վայրից, ինչ-որ հեռու տեղից, այլ սկսվում է հենց իր տնից, որտեղ նա ապրում է և այն մարդկանց հետ, ում նա ճանաչում է: Սա ուղերձ է նաև մեզ համար. վկայություն տալու համար պետք չէ սպասել՝ մինչև մենք կատարյալ կդառնանք և Հիսուսի հետ երկար ճանապարհ կանցնենք. մեր վկայությունը սկսվում է այսօր և հենց այնտեղից, որտեղ մենք ապրում ենք»:
Այդ վկայության նպատակն ինքներս մեզ, ինչ-որ կուսակցություն կամ գաղափարախոսություն հռչակելը չէ, քանզի մենք չենք փորձում ուրիշներին ինչ-որ բանում համոզել, այլ վկայում ենք Սիրո գեղեցկության մասին, ընդգծեց Նորին Սրբությունը՝ մեջբերելով Բենեդիկտոս XVI խոսքերը. «Եկեղեցին դավանափոխություն չի անում: Այն զարգանում է գրավչությամբ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը