• Նորին Սրբության ուղերձը հիվանդների Համաշխարհային XXXI օրվա կապակցությամբ

    «Մենք ստեղծված ենք այն լիության համար, որը կարելի է գտնել միայն սիրո մեջ»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց հիվանդների Համաշխարհային XXXI օրվան նվիրված ուղերձը հետևյալ խորագրով՝ «Հոգ տար նրա մասին: Կարեկցանքը, որպես սինոդական բժշկում»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ հիվանդությունը՝ լինելով կյանքի մի մասը, կարող է «անմարդկային» դառնալ, եթե հիվանդը միայնության մեջ է, առանց խնամքի ու կարեկցանքի։ Այլ մարդկանց հիվանդության նկատմամբ վերաբերմունքը լույս է սփռում մեր սինոդական ճանապարհի որակի վրա, որը պետք է նշանավորվի մտերմությամբ, կարեկցանքով և քնքշությամբ: Նորին Սրբությունը մեջբերում է Տիրոջ խոսքերը. «Ես արածացնելու եմ Իմ ոչխարներին. Ես գտնելու եմ կորածին, հետ եմ վերադարձնելու մոլորվածին, փաթաթելու եմ վիրավորվածին և զորացնելու եմ հյուծվածին» (տես՝ Եզեկիել 34,15-16): Հիվանդություներն ու արատները մեզ չեն բացառում Աստծո ժողովրդից. ընդհակառակը, նրանք մեզ դնում են հոգատար Հայր Աստծո ուշադրության կենտրոնում: Հավատացյալները պետք է սովորեն Նրանից՝ իսկական համախմբված համայնք դառնալու համար, որը «վարակված չէ թափոնների մշակույթով»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է Բարի Սամարացու մասին ավետարանական առակի և «եղբայրությունը ժխտելու ժամանակակից բազմաթիվ եղանակների» միջև եղած սերտ կապը: Ծեծված և թալանված տղամարդը ընկած էր ճանապարհին, այս իրավիճակում հայտնվում են շատ եղբայրներ ու քույրեր, երբ ամենաշատն օգնության կարիք ունեն: Երբեմն «դժվար է բացահայտել, թե մարդու կյանքի ու նրա արժանապատվության վրա որ հարձակումներն են բնական պատճառներով տեղի ունենոմ, իսկ որոնք՝ անարդարության ու բռնության»։ Սակայն ցանկացած տառապանք տեղի է ունենում որոշակի «մշակույթի» և դրա հակասությունների համատեքստում՝ սոցիալական անհավասարության և քչերի շահերի գերակայության ֆոնին։ Հետևաբար, «շատ կարևոր է ընդունել միայնության, լքվածության վիճակը»՝ հաղթահարելով այդ դաժանությունը «ցանկացած այլ անարդարությունից առաջ», քանզի, ինչպես ասում է առակը, այն ​​վերացնելու համար անհրաժեշտ է ընդամենը ուշադրության մի պահ, կարեկցանքի ներքին մղում»: Երկու «կրոնավոր» անցորդներ տեսնում են վիրավորին ու անցնում, սակայն երրորդ անցորդը՝ սամարացին հոգ է տանում անծանոթի մասին՝ նրան վերաբերվելով, ինչպես իր եղբորը: «Ընդորում, նա չի էլ մտածում, որ իր արարքով փոխում է իրերի ընթացքը և ավելի եղբայրական աշխարհ է ստեղծում», – ընդգծում է Նորին Սրբությունը:

     

    Մենք երբեք պատրաստ չենք հիվանդության և հաճախ չենք ընդունում մեր տարիքը, «մենք վախենում ենք խոցելիությունից, իսկ համատարած շուկայական մշակույթը ստիպում է այն հերքել»: Հետևաբար, չարի անսպասելի հայտնվելը ցնցում և զարմացնում է: «Պատահում է, որ մեր մերձավորները լքում են մեզ, կամ մեզ թվում է, որ մենք պետք է հեռանանք, որպեսզի բեռ չդառնանք նրանց համար», – գրում է Սրբազան Քահանայապետը: Հենց այսպես էլ առաջանում է մենակությունը. «Մեզ թունավորում է անարդարության դառը զգացումը, որի առաջ նույնիսկ երկնքի դռներն են փակվում»։ Իսկապես, դժվար է խաղաղության մեջ մնալ Աստծո հետ, երբ մեր հարաբերություններն ուրիշների և ինքներս մեզ հետ խզված են: Ուստի, չափազանց կարևոր է, որ «ամբողջ Եկեղեցին իրեն համեմատի Բարի Սամարացու ավետարանական օրինակի հետ՝ դառնալով իսկական «դաշտային հիվանդանոց», քանզի նրա առաքելությունն է հոգ տանել մարդկանց մասին։ Մենք բոլորս փխրուն և խոցելի ենք, քանի որ մենք բոլորս կարեկցանքի, ուշադրության, մտերմության, բժշկվելու և ոտքի կանգնելու կարիք ունենք»: Հետևաբար, մեր մերձավորների հիվանդությունը «կոչ է, որն ընդհատում է անտարբերությունը և դանդաղեցնում նրանց քայլերը, ովքեր շտապում են իրենց գործերով, կարծես թե նրանք քույր ու եղբայր չունեն»։

     

    Հիվանդների համաշխարհային օրը, ընդգծում է Նորին Սրբությունը,  «ոչ միայն խրախուսում է աղոթքն ու տառապյալներին մոտ լինելը, այլ նաև նպատակ ունի Աստծո ժողովրդի, առողջապահական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ընդհանուր ճանապարհի նոր ուղու վրա»: Բարի Սամարացու առակի ավարտը ցույց է տալիս, որ անձնական հանդիպումից սկսված եղբայրությունը կարող է նպաստել կազմակերպված խնամքին: «Իջևանատունը, իջևանատերը, դահեկանը, միմյանց տեղյակ պահելու խոստումը (տես՝ Ղկ. 10,34-35), այս ամենը ստիպում է մեզ մտածել քահանաների ծառայության, բուժաշխատողների և սոցիալական աշխատողների աշխատանքի մասին, հարազատների ու կամավորների նվիրումի մասին, որոնց շնորհիվ բարին ամեն օր և աշխարհի ցանկացած ծայրում դիմադրում է չարին»։

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, COVID-19 համավարակի տարիները մեծացրել են մեր երախտագիտությունը նրանց հանդեպ, ովքեր ամեն օր աշխատում են հանուն բարօրության և գիտության, սակայն նաև ակնհայտ դարձրեց այն սուր մարտահրավերը, որ յուրաքանչյուր երկիր պետք է ակտիվորեն փնտրի ռազմավարություններ և ռեսուրսներ՝ «ապահովելով ամեն մի անձի խնամքը և առողջապահական հիմնարար իրավունքը»:

     

    Առակի վերջում Բարի Սամարացին խնդրում է իջևանատիրոջը հոգ տանել հիվանդի մասին: Հիսուս ևս կրկնում է մեզանից յուրաքանչյուրին. «Գնացե՛ք և արե՛ք նույնը», – ընդգծում է Նորին Սրբությունը՝ մեջբերելով Fratelli tutti շրջաբերականի խոսքերը. «Առակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համայնքը վերականգնել այն մարդկանց ջանքերով, ովքեր նկատում են ուրիշների խոցելիությունը, ովքեր թույլ չեն տալիս կառուցել լքված հասարակություն, այլ ընդհակառակը, նրանք իրենց հարևանների պես են պահում՝ հանուն ընդհանուր բարօրության բարձրացնում և օգնում են ընկածներին» (n. 67): Մենք ստեղծված ենք այն լիության համար, որը կարելի է գտնել միայն սիրո մեջ, և մենք չենք կարող անտարբեր լինել տառապանքի հանդեպ, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և խնդրում Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը բոլոր հիվանդների և նրանց մասին հոգ տանողների համար:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց