• Վերաօծուեց Կարտիկամի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցին

    «Եկեղեցին ոչ միայն Աստծոյ տունն է երկրի վրայ, այլեւ այն փրկարար տապանը, որտեղ կարող ենք գտնել մեր փրկութիւնը»:


    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան եւ Վրաստանի Կարտիկամ գիւղի բնակիչների անմիջական ջանքերով աւարտին հասցուեցին գիւղի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

     

    Կիրակի, 8 յունուար, 2023 թուական. տեղի ունեցաւ Եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողութիւնը:

    Օծման կարգից յետոյ մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագը, որ մատուցուեց ձեռամբ Առաքելական կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի, առընթերակայութեամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Արժ. Տէր Ռուբէն Քհն. Միսիսեանի, ներկայութեամբ՝ Հայաստանում եւ Վրաստանում Պապական Նուիրակի խորհրդական Գերպծ. Ճուզեպպէ Լատերցայի: Արարողութիւններին մասնակցում էր նաեւ հաւատացեալների հոծ բազմութիւն:

     

    Գերպ. Հայր Միքայէլը` Կարտիկամ գիւղի բնակչութեանն ուղղուած իր շնորհաւորական խօսքում ընդգծեց մեր համայնքներում գործող եկեղեցիներ ունենալու կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը: Գերապատիւ Վարդապետն իր խօսքում մասնաւորապէս ասաց. «Ամէն օր, տարուած մեր աշխարհիկ գործերով ու մտահոգութիւններով, մոռանում ենք, որ ինչպէս մեր մարմինն ունի կարիքը հանապազօրեայ հացի, այնպէս էլ մեր հոգին կարիքն ունի հոգեւոր սնունդի: Մաքուր մտքով եւ հոգու ամբողջ զօրութեամբ կարող ենք աղօթել ամենուր եւ ամէն ժամ, սակայն յոյժ կարեւոր է, որ քրիստոնեան յաճախի Եկեղեցի, մասնակցի Սուրբ Պատարագներին եւ հաղորդակից լինի Եկեղեցու խորհուրդներին: Միայն Եկեղեցու միջոցով է, որ կարող ենք հանդիպել Քրիստոսին եւ հաղորդուել Նրա փրկարար Մարմնին ու Արեանը»: Ուստի, Գերապատիւ Վարդապետը յորդորեց ներկաներին յաճախ այցելել Եկեղեցի, լիովին ներգրաւուել հոգեւոր կեանքի մէջ եւ աղօթքի կանգնել՝ ինչպէս առանձնական, այնպէս էլ միասնական, քանզի աղօթքի միջոցով է, որ հնարաւորութիւն ենք ստանում երկխօսելու Տիրոջ հետ եւ վերստին հոգեպէս նորոգուելու: Եկեղեցին է, որ պահպանում է մեր սերտ կապը Աստծոյ հետ եւ իմաստաւորում մեր կեանքը:

     

    Պատարագի աւարտին ներկաները մասնակցեցին պատրաստուած հիւրասիրութեանը:

     

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան   

Օրացույց

Օրացույց