• Աստծո արդարությունը չի դատապարտում, այն փրկում է

    «Աստծո իսկական արդարությունն այն սերն է, որը մտնելով մեր խավարի մեջ՝ լուսավորում է այն»:


    Հունվարի 8-ին՝ Սուրբ Մկրտության տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, դիմեց հավատացյալներին և մեկնաբանեց հետևյալ ավետարանական հատվածը վերցված Մատթեոսի Ավետարանից. Հիսուսին մկրտում է Հովհաննես Մկրտիչը (3,13-17):

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հորդանան գետի ափին մարդիկ խոնարհաբար զղջում էին իրենց մեղքերի համար և ապաշխարում, ուստի զարմանալի էր, որ Աստծո անմեղ Որդին նման ընտրություն կատարեց: Տերը բացատրում է Հովհաննեսին. «Այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն մի արդարոթյուն» (տես՝ Մտթ. 3,15).

     

    Մկրտվելով՝ Հիսուսն աշխարհին բացահայտում է Աստծո ճշմարտությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ նշելով, որ մենք հաճախ սահմանափակ պատկերացում ունենք արդարության մասին և կարծում ենք, որ կատարված չարիքը պետք է փոխհատուցվի: Սակայն Աստծո արդարության նպատակը «մեղավորի դատապարտումը չէ, այլ նրա փրկությունն է, վերածնունդն ու արդարացումը»: Նման արդարությունը բխում է սիրուց՝ «Աստծո կարեկցանքից և ողորմածությունից», մեր Հայրն անհանգստանում է, երբ չարը տանջում է մեզ և մենք ընկնում ենք մեղքի տակ: Հորդանանի ափին Տերը բացահայտում է Իր առաքելության իմաստը. Նա եկավ, որպեսզի կատարի Աստծո արդարությունը, այսինքն՝ փրկի մեղավորներին՝ իր վրա վերցնելով ողջ աշխարհի մեղքը: Աստծո իսկական արդարությունն այն սերն է, որը «մտնելով մեր խավարի մեջ՝ լուսավորում է այն»:

     

    Նորին Սրբությունը մեջբերեց Բենեդիկտոս XVI խոսքերը. «Աստված ցանկացավ փրկել մեզ՝ իջնելով մահվան անդունդի հենց հատակը, որպեսզի յուրաքանչյուր մարդ, նույնիսկ նրանք, ովքեր այնքան ցածր են ընկել, որ այլևս չեն տեսնում դրախտը, գտնեն Աստծո ձեռքը, բռնեն այն և դուրս գան խավարից, տեսնեն այն լույսը, որի համար նա ստեղծվել է» (Քարոզ 13 հունվարի, 2008 թ.):

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քրիստոնյաները կանչված են մերձավորների հետ հարաբերություններում, Եկեղեցում և հասարակության մեջ իրականացնելու հենց այս նույն արդարությունը. չդատել՝ մարդկանց բաժանելով լավի և վատի, այլ ողորմածությամբ կիսել նրանց տառապանքն ու օգնել վեր բարձրանալ: Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին լինել Հիսուսի նման. «Կրենք միմյանց բեռը, կարեկցանքով նայենք միմյանց, օգնենք միմյանց»։

     

    Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին. «Աստվածամայրը ծնելով Հիսուսին՝ Նրան ընկղմեց մեր եղծականության մեջ, որպեսզի մենք նորից կյանք ունենանք»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց