«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթ. 22,39): Սա մեծագոյն պատգամն է, որ մենք ապրելու ենք այս մտայնութեամբ, եւ եթէ մենք իսկապէս սիրենք միմեանց, աւելի հեշտ կը լինի ապրել մեր կեանքը ․․․»:
Ուրբաթ, 23 դեկտեմբեր, 2022 թուական.
Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանի նախաձեռնութեամբ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցաւ Հոգեւոր Կրթութիւն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ գրասենեակի եւ կենդրոնների անձնակազմի համար:
Հանդիպումը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով, որը մատուցուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Արժ. Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանի եւ Արժ. Տէր Ռուբէն Քհն. Միսիսեանի: Սուրբ գրային ընթերցումներից յետոյ Գերյ. վարդապետը հաւուր պատշաճի ներկայացրեց օրուայ քարոզը եւ փոխանցեց Սուրբ Ծննդեան եւ Ամանորեայ իր պատգամը: Ստորեւ մէջբերում ենք յատուած պատգամից.
« Սիրելի՛ գործընկերներ,
Սուրբ Ծնունդի նախաշէմին թոյլ տուէք ի սրտէ շնորհաւորել ձեզ եւ ձեր ընտանիքներին աշխարհի փրկութեան համար մարդեղացած Աստուածորդու Սուրբ Ծննդեան եւ գալիք Ամանորի կապակցութեամբ: Քանի որ 2022 թուականը մոտենում է աւարտին, մեր աշխարհն աւելի քան երբեւէ կարիքն ունի Աստծոյ ներկայութեան՝ Նրա որդու ծննդեան միջոցով, եւ ձեր առաքելութիւնը լինելու է մարդկանց հետ Աստուծոյ մասին խօսելը: Անհրաժեշտ է լիովին գիտակցել ձեր առաքելութիւնը, հպարտանալ դրանով, որպէսզի ձեր գործը ներդնելով Աստուծոյ մեծ գործի մէջ՝ կարողանաք խօսել ներկա ժամանակի մարդկանց հետ: Ամբողջ աշխարհում Կարիտասի աշխատակիցներն ու կամաւորներն եղել եւ մնում են Քրիստոսի սիրոյ կրողները:
Տարուայ աւարտին, երբ մեր կեանքում գերակշռում է տառապանքն ու մահը՝ մենք անհամբեր սպասում ենք մեր Տիրոջ գալուստին: Մինչ կը պատրատուենք հրաժեշտ տալ 2022 թուականին, ես ցանկանում եմ աղօթել որպէսզի Բարին Աստուած մարդկանց սրտերից հեռացնի բռնութեան եւ ատելութեան որոմները եւ սերմանի սիրոյ եւ համերաշխութեան շնորհները` իրագործելու Աստուծոյ կամքը՝ ընդունելու ծնուելիք նոր կեանքը:
Մաղթում եմ ձեզ օրհնութիւններով լի Սուրբ Ծնունդ:
Շնորհաւոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր»:
Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ, Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը փոխանցեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահ Ամեն. եւ Գերերջ. Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի Հայրապետական օրհնութիւնը եւ շնորհաւորանքը գալիք Սուրբ Ծննդեան եւ Ամանորի կապակցութեամբ.
«Պատուական Եղբարք եւ սիրեցեալ Որդեակք ի Քրիստոս,
Մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ Աստուածորդու Սուրբ Ծննդեան տօնի նախաշէմին ձեզ եմ յղում իմ սիրոյ ուղերձը՝ իբրեւ քրիստոնէական եղբայրութեան գրաւական՝ մաղթելով աստուածային առատ շնորհներ ձեր եւ ձեր ընտանիքների վրայ։ Գալիս եմ իւրաքանչիւրիդ առանձնակի շնորհաւորելու մեր Տէր Յիսուս Քրիստոսի փրկարար Սուրբ Ծննդեան եւ գալիք Ամանորի առիթով՝ բոլորիդ մաղթելով Սուրբ Ծննդեան բերկրանք եւ աստուածային անսպառ շնորհներ՝ նոր եռանդով ու մաքուր սրտով սկսելու գալիք Նոր Տարին: Աղօթում եմ ձեր աստուածանուէր առաքելութեան, բոլոր մանուկների եւ ծերերի, ծնողների եւ զաւակների, հիւանդների եւ առողջների, կարիքաւորների եւ կարիքաւորներին օգնողների դիտաւորութեամբ՝ խնդրելով մարդասէր Աստծուց իւրաքանչիւրիդ բարի իղձերի իրականացում եւ անսպառ Սէր»:
Այնուհետեւ Տէր Գրիգորը ներկայացրեց իր խորհրդածութիւնը Սուրբ Ծննդեան խորհրդի եւ «Հայկական Կարիտաս»-ի առաքելութեան վերաբերեալ: Ստորեւ մէջբերում ենք յատուած խորհրդածութիւնից.
«Սիրելի՛ «Հայկական Կարիտասի» անձնակազմ,
Նախ եւ առաջ այս առիթով ցանկանում եմ եւս մեկ անգամ ըմբռնենք եւ մտապահենք, որ «Հայկական Կարիտասի» գործունէութիւնը միտուած է լինելու մի «Բարի Սամարացի»: Սա այնպիսի մի պատմութիւն է, որն իսկապէս վերաբերւում է մեզ բոլորիս:
Ընթերցելով «Բարի Սամարացու» առակը փորձենք խորհրդածել, թէ ինչ կապ ունի «Բարի Սամարացին» «Հայկական Կարիտասի» բուն առաքելութեան հետ:
Ինչպէս «Բարի Սամարացին» գթած եւ ամեն ինչ արեց որպէսզի այս վիրաւոր մարդը կարողանա բուժուել, այնպէս էլ դուք՝ որպէս «Հայկական Կարիտասի» աշխատակիցներ անհրաժէշտ է, որ ձեր շահառուներին վերաբերուէք այնպէս ինչպէս այս «Բարի Սամարացին», քանի որ «Հայկական Կարիտասը» միտուած է անխտիր ծառայելու բոլոր խոցելի խմբերին: Հետեւաբար, երբ նեղութիւն էք կրում որեւէ բան անելուց՝ յիշէք, որ դա անում էք ոչ թէ ձեր՝ այլ Աստուծոյ համար:
Գիտեմ, որ ձեզանից իւրաքանչիւրն էլ հաւատում է Աստծուն, ապրում Աստուծոյ շնչով, նեղութիւնների մէջ փնտռում Նրան, սակայն մեր խնդրանքն է, որ ոչ միայն նեղութիւնների պահին յիշէք Աստծուն, այլ նաեւ ձեր ուախութեան պահին գոհանաք մեր Տէր Աստծուց: Մի քանի օրից ուրախութեամբ եւ ցնծութեամբ դիմաւորելու ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, եւ ցանկանում եմ, որ մեզ ամբողջութեամբ նուիրենք Իրեն, քանի որ այս նուիրումը լինելու է մեր փրկութեան գրաւականը:
Եւ այստէղ է, որ պէտք է յիշենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի պատգամը. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթ. 22,39): Սա մեծագոյն պատգամն է, որ մենք ապրելու ենք այս մտայնութեամբ, եւ եթէ մենք իսկապէս սիրենք միմեանց, աւելի հեշտ կը լինի ապրել մեր կեանքը ․․․»:
Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան