• Ֆաթիմայի Տիրամայրը՝ հայ պատանու աչքերով

    «Իմ Անարատ Սիրտը ձեզ պիտի առաջնորդի դէպի Աստուած»:


    2022 թուականը Հայաստանի եւ Վրաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութեան մէջ նշանաւորուեց Ֆաթիմայի Տիրամօր արձանի պատմական այցով, որը տեղի ունեցաւ հոկտեմբեր 21-ից նոյեմբեր 3-ը:

     

    Հայ Կաթողիկէ համայնքներում մատուցուեցին Սուրբ եւ Անմահ Պատարագներ, տեղի ունեցաւ Հսկում եւ Վարդարանի Ջերմեռանդութիւն՝ նուիրուած Ֆաթիմայի Տիրամօր այցելութեանը:

     

    Աստուածամօր արձանի այցելութիւնը Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցի տեղի ունեցաւ ուրբաթ, հոկտեմբեր 28-ին: Եկեղեցին լի էր հաւատացեալներով, ովքեր մեծ խանդավառութեամբ դիմաւորեցին Տիրամօր արձանը: Մասնակիցների թուում էր նաեւ 11-ամեայ Սիրանուշը: Տիրամօր արձանի այցելութեանը նուիրուած միջոցառումներից յետոյ՝ վերջինս տպաւորուած եւ մեծ հետաքրքրութեամբ սկսեց ուսումնասիրել Ֆաթիմայում Աստուածամօր երեւման պատմութիւնը, ապա՝ միտք յղացաւ իր պատկերացմամբ ներկայացնել Տիրամօր կերպարը:

    Ներկայացնում ենք Ֆաթիմայի Տիրամօր արտանկարը՝ Սիրանուշ Բոյաջեանի կրկնօրինակմամբ:

     

    Հակիրճ կենսագրական տեղեկութիւններ Սիրանուշ Յովակիմի Բոյաջեանի մասին.

     

    Ծնուել է 2011 թուականի նոյեմբերի 21-ին՝ Փանիկում։ Սովորում է տեղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում՝ գերազանց առաջադիմութեամբ։

     

    2020 թուականից յաճախում է Փանիկի Արուեստի դպրոցի նկարչական խմբակ: Մասնակցել է տարբեր ցուցահանդէս-մրցոյթների, ունեցել բազմաթիւ յաջողութիւններ: Մասնակցել է «Հին յունական դիցաբանութիւնը՝ մանկան աչքերով» խորագիրը կրող ցուցահանդէս-մրցոյթին, որտեղ ներկայացուած 80 նկարներից ընտրուած լավագոյնների շարքում եղել է նաեւ նրա հեղինակած նկարը: «Տուֆաշխարհի ձմեռ 2021» միջոցառմանը գրաւել է առաջին հորիզոնականը, իսկ 2022 թուականին՝ «Կանաչ եւ թուային զարգացում յանուն էներգետիկ անցման» խորագրով մրցոյթին նոյնպէս ճանաչուել է յաղթող։

     

    «Տիրամայր Ֆաթիմայի, բարեխօսեա՛ վասն մեր»:

Օրացույց

Օրացույց