• Աստուածաշնչի 11 մէջբերումները, որոնք «հաստատում են» Քաւարանի գոյութիւնը

    Ի՞նչ է ասում Աստուածաշունչը Քաւարանի գոյութեան, ծագման և առաքելութեան մասին՝ հոգիների փրկութեան Աստծոյ ծրագրում։


    Եկէք միասին փորձենք բացայայտել Կաթողիկէ Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը՝ հիմնուած սուրբգրային աղբիւրների վրայ։

     

    Քաւարանը (լատ. Purgatorium), ըստ Կաթողիկէ Վարդապետութեան՝ մի վիճակ է, որտեղ հայտնւում են այն մարդկանց հոգիները, որոնք մահացել են Աստծոյ հետ խաղաղութեամբ, բայց պէտք է մաքրուեն կեանքի ընթացքում գործած մեղքերից:

     

    Կաթողիկէ աշխարհում Քաւարանի մասին դոգման աստիճանաբար ձեւաւորուել է 13-15րդ դարերում, մասնաւորապէս՝ Սուրբ Թովմա Աքուինացու աշխատութիւններում։

     

    Քաւարանի դաւանաբանական ծնունդը՝ որպես տեղ, արձանագրել է Իննովկենտիոս Չորրորդ Պապը 1254 թուականին։

     

    Քաւարանի մասին եկեղեցական ուսմունքը ձեւակերպուել է 1274 թուականին՝ Լիոնի Երկրորդ Ժողովի ժամանակ, սակայն Ժողովի վերջնական որոշումներում «քաւարան» բառը չկար և միայն 1439 թուականի Ֆերրարա-Ֆլորենցիայի ժողովում է տրուել քաւարանի դոգմատիկ ամրագրումը կաթողիկէ աստուածաբանութեան մէջ։ Քաւարանի մասին վարդապետութիւնը վերջնականապէս հաստատուել է 1563 թուականին՝ Տրենտոյի Ժողովում:

     

    14-րդ դարի առաջին տասնամեակում, երբ քաւարանը դարձաւ կաթողիկէութեան դոգման, իտալացի գերագոյն Բանաստեղծը՝ Դանթե Ալիգիերին (1265-1321), իր «Աստուածային Կատակերգութիւն» աշխատութեան մէջ (իտալերէն՝ Divina Commedia) մանրամասն նկարագրել է Քաւարանի կառուցուածքը։

     

    Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնէականն ուսուցանում է․ «Նրանք, ովքեր վախճանւում են շնորհի եւ Աստծոյ հետ մտերմութեան մէջ, բայց առանց կատարեալ կերպով մաքրագործուած լինելու, նրանք, թէպէտեւ ապահովել են իրենց յաւիտենական փրկութիւնը, սակայն իրենց մահից յետոյ կրելու են մաքրագործման տառապանքը, որպէսզի ընդունեն երկնքի ուրախութեան մէջ մտնելու համար անհրաժեշտ սրբութիւնը» (ԿԵՔ, 1030)։

     

    Ուստի, Կաթողիկէ Սուրբ Եկեղեցին Քաւարանը սահմանում է հետեւեալ բանաձեւով․ «Եկեղեցին Քաւարան է կոչում ընտրեալների այս վերջնական մաքրագործումը, որը բոլորովին տարբերւում է դատապարտուածների պատժից։ Քաւարանի մասին հաւատքի իր վարդապետութիւնը Եկեղեցին բանաձեւել է յատկապէս Ֆլորենցիայի եւ Տրիդենտեան ժողովներում։ Եկեղեցու աւանդութիւնը, ներկայացնելով Աստուածաշնչի մի շարք հատուածներ, խօսում է մի մաքրիչ կրակի մասին» (ԿԵՔ, 1031)։

     

    Կաթողիկէ հեղինակ Դէյվ Արմսթրոնգը (ծն. 1958) ամերիկացի ջատագով է եւ բլոգեր, աւելի քան 2.500 յօդուածների հեղինակ, որոնցով պաշտպանում է քրիստոնէական հաւատքի ճշմարտութիւնները։ «National Catholic Register»-ում հրապարակուած իր յօդուածում նա նշել է, որ դարերի ընթացքում Սրբերն ու աստուածաբանները – ինչպիսիք են Որոգինեսը, Սուրբ Իրենեուսը, Սուրբ Ամբրոսիուսը, Սուրբ Օգոստինոսն ու Սուրբ Հերոնիմոսը – Աստուածաշնչում գտել են Քաւարանի նկարագրութիւնները։

     

    Ահա՛ Աստուածաշնչի 11 մէջբերումները, որոնք հաստատում են Քաւարանի գոյութիւնը.

    1. Սաղմոս 66, 12

    «Մարդկանց թոյլ տուեցիր, որ հեծնեն մեր գլխին։ Կրակի ու ջրի մէջ մտանք, և Դու հանեցիր մեզ առատութեան տեղ»։

    Արմսթրոնգը նշել է, որ Որոգինեսն ու Սուրբ Ամբրոսիուսը այս սաղմոսը հասկանում էին «մկրտութեան սուրբ ջրի և քաւարանի կրակի» իմաստով։

     

    1. Եսայի 4, 4

    «Քանի որ Տէ­րը Սի­ո­նի եւ Երու­սա­ղէ­մի տղա­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի աղ­տե­ղու­թիւ­նը պի­տի լուա­նայ, դա­տաս­տա­նի հո­գով եւ այր­ման հո­գով արիւ­նը սր­բի նրանց մի­ջից»:

    Նոյն հեղինակը յիշեցնում է, որ Սուրբ Օգոստինոսն իր «Աստծոյ քաղաքի մասին» աշխատութեան 20-րդ գլխի 25-րդ մասում այս հատուածը մեկնաբանում է որպէս Քաւարանի նկարագրութիւն, եւ ընդգծում է, որ նախորդ համարը վերաբերւում է փրկուած մարդկանց։

     

    1. Միքէա 7, 9

    «Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ Նրա բարկութիւնը, մինչեւ որ Նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը եւ ես տեսնեմ Նրա արդարութիւնը»։

    Արմսթրոնգը նկատել է տալիս, որ Սուրբ Հերոնիմոսն այս համարը համարում է Քաւարանի գոյութեան բացայայտ ապացոյց։

     

    1. Մաղաքիա 3, 3

    «Նա կը նստի ձուլելու եւ մաքրելու՝ որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կը մաքրի Ղեւիի որդիներին, կը հալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս։ Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կը մատուցեն Տիրոջը»։

    Հեղինակը նշում է, որ Որոգինեսը, Սուրբ Իրենեուսը, Սուրբ Ամբրոսիուսը, Սուրբ Օգոստինոսն ու Սուրբ Հերոնիմոսը կարծում էին, որ սա Քաւարանի նկարագրութիւնն է։

     

    1. Մակաբայեցիների Երկրորդ 12, 44-45

    «Եթէ պատերազմում ընկածների յարութեան ակնկալութիւն չունենար, զուր կը լինէր մեռելների համար աղօթք մատուցելը։ Նա ճիշտ էր հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են արժանանում»։

    «Հրեաները յաճախ քաւութեան աղօթք էին նուիրում իրենց մահացած եղբայրների համար, որոնք ակնյայտօրէն խախտել էին Մովսիսական Օրէնքը։ Նման գործելակերպը ենթադրում է Քաւարանի գոյութիւնը, քանի որ դրախտում գտնուողներն օգնութեան կարիք չունեն, իսկ դժոխքում գտնուողներին այլևս հնարաւոր չէ օգնել», ասում է Արմսթրոնգը։

     

    1. Մատթէոս 5, 22

    «Իսկ ես ձեզ ասում եմ, թէ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, պարտական կը լինի դատաստանին, եւ ով որ իր եղբօրն ասի յիմար, պարտական կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի ապուշ, պարտական կը լինի գեհենի կրակին»։

    Հեղինակը յիշեցնում է, որ Սուրբ Ֆրանցիսկոս Սալեզացին մեկնաբանել է այս հատուածը․ «Միայն երրորդ տեսակի յանցագործութիւնն է, որ պատժւում է դժոխքով. հետեւաբար, Աստծոյ դատաստանում այս կեանքից յետոյ կան ա՛յլ ցաւեր եւս, որ յաւերժական չեն, եւ ո՛չ էլ՝ դժոխային. սրանք Քաւարանի ցաւերն են»։

     

    1. Մատթէոս 5, 26

    «Ճշմարիտ եմ ասում քեզ. դուրս չես գայ այնտեղից, մինչեւ որ վերջին նաքարակիտը չվճարես»։ Արմսթրոնգը նշում է, որ Տերտուղիանոսը, Սուրբ Կիպրիանոսը, Որոգինեսը, Սուրբ Ամբրոսիուսը և Սուրբ Հերոնիմոսը բոլորն էլ համաձայն են, որ այս հատուածում յիշատակուած «բանտը» Քաւարանն է, իսկ «մանրադրամը» (նաքարակիտ) պատկերում է ամենափոքր մեղքերը, որոնք մարդը գործում է։

     

    1. Մատթէոս 12, 32

    «Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսի, նրան պիտի ներուի, բայց ով Սուրբ Հոգու դէմ խօսի, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում»: Հեղինակը նշում է, որ եթէ Սուրբ Հոգու դէմ մեղքը «չի կարող ներում ստանալ մահից յետոյ, սա ուրեմն նշանակում է, որ կան ուրիշ մեղքեր, որ կարող են ներում ստանալ մահից յետոյ», այսինքն՝ որ մաքրւում են Քաւարանում:

     

    1. Պօղոս Առաքեալի Առաջին Նամակը Կորնթացիներին 3, 11-15

    «Որովհետեւ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է: Եթէ մէկն այս հիմքի վրայ կառուցի ոսկիով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրն այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէ՛ս որ է, կրա՛կը պիտի փորձի. եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ. իսկ եթէ մէկի գործն այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինի»:

    Արմսթրոնգը յիշեցնում է, որ Սուրբ Օգոստինոսն իր «Սաղմոսների Մեկնութիւն» աշխատութեան մէջ նշում է, որ մարդիկ «անկասկած, փորձութիւնից յետոյ կրակով կը փրկուեն, բայց այդ փորձութիւնը սարսափելի կը լինի, այդ տանջանքն աւելի անտանելի կը լինի, քան այս աշխարհի բոլոր ամենաանտանելի տառապանքները»։

     

    1. Նամակ Եբրայեցիներին 12, 14

    «Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի»։

    «Եթէ ​​նոյնիսկ ենթադրենք, որ մեղքի կեանք ապրած մարդուն թոյլ տրուի մտնել դրախտ, նա այնտեղ երջանիկ չի լինի։ Այնպես որ, ողորմած չէր լինի նրան ներս թողնելը:

    Կայ բարոյական հիւանդութիւն, որ խաթարում է ներքին տեսողութիւնը եւ ճաշակը. եւ ոչ մի մարդ, ով աշխատում է նրա ներքոյ, չի կարող վայելել այն, ինչը որ Սուրբ Գրութիւններն անուանում են ուրախութեան լիութիւն Աստծոյ ներկայութեան մեջ», նշում է Սուրբ Ջոն Հենրի Նիւմանը:

     

    1. Յայտնութիւն 21, 27

    «Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախօս մարդ, այլ՝ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրուած են Գառան կեանքի գրքում»։

    Հեղինակը նշում է, որ բողոքական եկեղեցու պատմաբան Ֆիլիպ Շաֆֆը (1819-1893), ով ծնունդով շվեյցարացի, գերմանական կրթութիւն ստացած բողոքական աստուածաբան եւ եկեղեցական պատմաբան է եղել, գրել է, որ «միջին վիճակի այս տեսլականները՝ կապուած մահացածների համար աղօթքների հետ, ցոյց են տալիս ուժեղ հակումը դէպի հռոմէական կաթողիկէ վարդապետութիւնը՝ Քաւարանի վերաբերեալ»։

     

    Գառնիկ Ճգնաւոր

     

     

Օրացույց

Օրացույց