• Զգոնությունը հոգևոր ճանաչողության պտուղների պաշտպանն է

    «Եթե ​​քրիստոնյան մտացրիվ է, ապա ամեն ինչ կորցնելու լուրջ հոգևոր վտանգ է սպառնում նրան»


    Դեկտեմբերի 14-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Պողոս VI սրահում՝ դիմելով ուխտավորներին, շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր ճանաչողության վերջնական փուլի կարևորությունը, երբ արդեն իսկ հաստատվում է կատարված ընտրության ճշտությունը: Սակայն, նույնիսկ այդ դեպքում ձեռք բերածը կորցնելու վտանգ կա, եթե հավատացյալը դադարի զգոն լինել: Ավետարանում Հիսուս հաճախ է ասում, որ խոհեմ աշակերտը, երբ իր գործերը լավ են ընթանում, չի հանգստանում, այլ արթուն է մնում՝ իր պարտականությունները կատարելու պատրաստակամությամբ: Ղուկասի Ավետարանում Հիսուս ասում է. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված: Եվ դուք նմանվեցե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի, երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա» (12,35-37):

     

    Սա այն քրիստոնյաների մտածելակերպն է, ովքեր սպասում են Տիրոջ վերջնական գալստյանը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, սակայն դա նաև արտացոլում է «սովորական վերաբերմունքը կյանքի նկատմամբ, որպեսզի մեր ճիշտ ընտրությունը, որը սովորաբար կատարվում է երկար ու դժվար մտորումներից հետո, շարունակվի համառորեն և պտուղներ տա»։

     

    Իսկ եթե ​​քրիստոնյան մտացրիվ է, ապա ամեն ինչ կորցնելու լուրջ հոգևոր վտանգ է սպառնում նրան. «դա իսկական ծուղակ է չար ոգու համար», որը սպասում է մեզ մեր մեծագույն հաջողության և ինքնավստահության պահին։ Հիսուս Իր առակում ասում է, որ չարը, վերադառնալով իր նախկին տունը՝ «գտնում է այն դատարկ՝ մաքրված ու կարգի բերված» (տես՝ Մտթ. 12,44):

     

    «Ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ կարգին է, բայց որտե՞ղ է տանտերը։ Նա այնտեղ չէ: Չկա մեկը, ով կհսկի ու կպահպանի տունը։ Հենց դա է խնդիրը: Տնատերը տանը չէ, դուրս է եկել, կամ էլ տանն է, բայց քնած է, այնպես որ թվում է, թե նա այնտեղ չէ։ Նա կորցրել է իր զգոնությունը, ուշադրությունը, քանի որ չափազանց ինքնավստահ էր, նա կորցրել է իր սիրտը փրկելու խոնարհությունը»։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց Ավետարանի հետևյալ խոսքերը. չարը միայնակ չի վերադառնում, այլ «իրենից ավելի չար յոթը ոգիների հետ միասին» (տես՝ Մտթ. 12,45): Շատ տարօրինակ է, որ տնատերը չի նկատում չարագործների մի ամբողջ հանցախմբի ներխուժումը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մի՞թե նա այդքան խորաթափանց չէր։ Մի՞թե նա ընկերներից ու հարևաններից հաճոյախոսություններ չէր ստացել իր այդքան գեղեցիկ, կոկիկ ու մաքուր տան համար: Այո, բայց երևի հենց դա էր պատճառը, որ նա չափից շատ սիրեց իր տունը, այսինքն՝ ինքն իրեն, և դադարեց սպասել Տիրոջը, սպասել Փեսայի գալուն: Երևի այդ կարգը խախտելու վախի պատճառով էլ նա այլևս ոչ ոքի չի ընդունում, չի հրավիրում աղքատներին, անօթևաններին, անսպասելի հյուրերին… Մի բան հաստատ է. այստեղ կա արատավոր հպարտություն, սեփական արդարության, բարության և բարեկեցության նկատմամբ վստահություն»:

    Երբ մենք ապավինում ինքներս մեզ, այլ ոչ թե Աստծո շնորհին, ապա չարը գտնում է մեր դուռը բաց, արշավանք կազմակերպում և տիրանում տանը. «այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր» (տես՝ Մտթ. 12,45):

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ընդգծեց, որ բավական չէ խորաթափանց լինել և ճիշտ ընտրություն կատարել, քանզի պետք է միշտ զգոն լինել: «Զգոնությունն իմաստության և խոնարհության նշան է, որը քրիստոնեական կյանքի գլխավոր ճանապարհն է»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց