«Համերաշխության կամավոր լինելն ընտրություն է»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2022թ դեկտեմբեր ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել «կամավորական կազմակերպությունների համար»:
«Աշխարհը կամավորական կազմակերպությունների կարիք ունի, որոնք պատրաստ են անձնվիրաբար ծառայել համընդհանուր բարօրությանը: Պարտավորությունը մի բառ է, որից այսօր շատերը կցանկանային ազատվել: Սակայն աշխարհին պետք են կամավորներ, ովքեր գործում են համընդհանուր բարօրության համար: Համերաշխության կամավոր լինելն ընտրություն է, որը մեզ դարձնում է ազատ, սրտաբաց ուրիշների կարիքների, արդարության պահանջների, աղքատների պաշտպանության, արարչագործության հոգածության համար: Դա նշանակում է լինել ողորմածության արհեստավոր՝ սեփական ձեռքերով, աչքերով, ուշադրությամբ, մոտիկությամբ: Կամավոր լինել նշանակում է աշխատել մարդկանց հետ, ում ծառայում ենք: Ոչ միայն հանուն մարդկանց, այլ նաև մարդկանց հետ։ Կամավորական կազմակերպությունների աշխատանքն ավելի արդյունավետ է, երբ նրանք աշխատում են միմյանց և պետությունների հետ միասին։ Համակարգված աշխատանքով, որքան էլ սահմանափակ լինեն իրենց միջոցները, ներդնում են իրենց ողջ ներուժը և կատարում հույսի բազմապատկության հրաշքը: Մենք իսկապես հույսի բազմապատկության կարիք շատ ունենք: Աղոթենք, որպեսզի կամավորական և հումանիտար կազմակերպությունները գտնեն մարդկանց, ովքեր պատրաստ են անձնվիրաբար ծառայել համընդհանուր բարօրությանը և համագործակցության նոր ուղիներ որոնել միջազգային մակարդակում»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը