«Աւելի երանելի է տալը, քան առնելը» (Գործք 20:35)
4 Դեկտեմբեր, 2022թ․, Յիսնակաց շրջանի երրորդ Կիրակի. Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:
Իր քարոզի ընթացքում Գերյարգելի Հայր Սուրբը հաւատացեալներին տուեց հետեւեալ պատգամը.
«Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,
Եկեղեցին մեզ հրաւիրում է վերադարձի, ինքնզննման, խղճի քննութեան, եկէ՛ք լինենք համերաշխ մեր հասարակութեան մէջ եւ ապրենք այս շրջանը ըստ Աստուծոյ պատուիրանների, որպէսզի կարողանանք ապրել մեր քրիստոնէական կեանքը անարատ եւ սուրբ սրտով:
Այս շրջանը հրաւեր է բոլորիս ապրելու սիրով, խաղաղութեամբ ու եղբայրսիրութեամբ:
Աւետարանի այսօրուայ ընթերցուածում կարդում ենք հետեւեալ պատգամը. «Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13:5), որը կոչ է ապաշխարութեան, յորդոր խոստովանութեան եւ խնդրանք մեղքերի թողութեան, որպէսզի կարողանանք մեղքերից մաքրագործուած սրտով դիմաւորել Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը»:
Պատարագից անմիջապէս յետոյ, Փանիկի եկեղեցու օրաթորեայի շէնքում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան և ամանորեայ տօնավաճառի պաշտօնական բացումը՝ գլխաւորութեամբ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Փանիկի վարչական ղեկավար Գեւորգ Սալնազարեանի, մասնակցութեամբ՝ հաւատաւոր ժողովրդի:
Այս տարի բարեգործական տօնավաճառի շրջանակներում իր կտաւների ցուցադրութիւն-վաճառքով մասնակցում էր նաեւ նկարչուհի՝ Լիլիթ Տօնականեանը: Տօնավաճառի ողջ հասոյթը տրամադրուելու է Փանիկ համայնքի կարիքաւոր ընտանիքներին։
Տօնավաճառը բաց է լինելու մինչեւ 2023թ․-ի յունուարի 8-ը։
Բոլորիդ սիրով սպասում ենք…
Գառնիկ Ճգնաւոր