• «Մի՛ վախեցէք. ես հարութիւն եմ առել».Ֆրանցիսկոս Քահանայապետի զատկական Urbi et Orbi ուղերձը

    «Մի՛ վախեցէք. ես հարութիւն եմ առել».Ֆրանցիսկոս Քահանայապետի զատկական Urbi et Orbi ուղերձը


    Սբ. Հարութեան տօնին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում աշխարհին հղեց իր աւանդական «Urbi et Orbi` Քաղաքին եւ աշխարհին» ուղերձը: «Սէրը հաղթել է ատելութեանը, կեանքը նուաճել է մահը, եւ լոյսը ցրել է խաւարը».այսպէս է սկսւում ուղերձը: Քահանայապետը յիշեցնում է Պողոս առաքեալի՝ փիլիպպեցիներին ուղղուած նամակի տողերը (2:5-8). մեր հանդէպ սիրուց դրդուած՝ Յիսուս Քրիստոս մերկացաւ աստուածային փառքից, ունայնացրեց Ինքն Իրեն, ծառայի կերպարանք ընդունեց եւ խոնարհվեց՝ մինչեւ մահ Խաչի վրայ: Այս պատճառով Աստուած բարձրացրեց Նրան եւ դարձրեց Տէրը տիեզերքի: Իր մահով եւ կեանքով Յիսուս բոլորին ցոյց է տալիս ճանապարհը դէպի կեանք եւ երջանկութիւն.այդ ճամփան խոնարհութիւ՛նն է: Միայն խոնարհուողները կարող են բարձրանալ առ Աստուած: Հպարտները նայում են վէրից դէպի վար, իսկ խոնարհները՝ ներքեւից դէպի վէր: Միայն խոնարհնե՛րը կարող են հասկանալ Յիսուսի փառաբանուելը եւ կարող են յետեւել նրան այդ ճանապարհին: Աշխարհի տրամաբանութիւնը սեփական «ես»-ն ամէն գնով առաջ մղելն է, մրցելը, առաւելութեան հասնելը, իսկ քրիստոնեաները այլ մտածողութեան, «այլ մարդկութեան սերմերն են», մարդիկ, ովքեր ձգտում են ծառայել միմեանց, չլինել ամբարտաւան, այլ՝ հարգալից եւ պատրաստ օգնելու: Դա թուլութիւն չէ, այլ՝ ճշմարիտ ուժ, վստահ է Քահանայապետը: Քրիստոնեան, ով կրողն է Աստուծոյ զօրութեան եւ սիրոյ, բռնութիւն գործադրելու կարիք չունի:

     Հարուցեալ Քրիստոսից շնորհ ենք խնդրում՝ տեղի չտալու հպարտութեանը, որը խթանում է բռնութիւնը եւ պատերազմը, այլ շնորհ ենք հայցում ունենալու խոնարհ քաջութիւնը՝ ներելու եւ խաղաղ ապրելու:

     Քահանայապետն յականէ յանուանէ աղօթում է բոլոր այն երկրների համար, որտեղ կան զինուած հակամարտութիւններ, շահագործում եւ բռնութիւններ, սոցիալական անարդարութիւններ, իրաւունքների ոտնահարում:

    «Արհամարհուածները,  բանտարկեալները, աղքատներն ու գաղթականները, ովքեր մերժուած են ու լքուած, հիւանդներն ու տառապեալները, երեխաները, յատկապէս նրանք, ովքեր բռնութիւնների զոհ են դառնում՝ բոլոր նրանք, ովքեր սգում են եւ բարի կամքով բոլոր մարդիկ, թող բոլո՛րը լսեն Տէր Յիսուսի մխիթարական ձայնը.«Խաղաղութիւ՛ն ձեզ», «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես հարութիւն եմ առել եւ միշտ ձեզ հետ կլինեմ»»:

Օրացույց

Օրացույց