«Հայ ժողովուրդը լավապես ճանաչում է Խաչը և այն կրում է իր սրտի մեջ: Այն ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքերից հետո ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Հովհաննես Պողոս Բ ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներին, 14 սեպտեմբեր 2000 թ.):
Հոկտեմբերի 25-ին ժամը 3:30-ին, Հռոմի Տիրամորը նվիրված Սանթա Մարիա Մաջորե բազիլիկայի Սալուս Փոփուլի Ռոմանի հրաշագործ սրբապատկերի մատուռում տեղի ունեցավ Հայաստանի Խաղաղությանը նվիրված սուրբ պատարագ, որը մատուցեց Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը, որին ներկա էին Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքը, ՀՀ Արտաքին Գործերի նախարար` Արարատ Միրզոյանը, Սուրբ Աթոռի մոտ հավատարմագրված դիվանագիտական մարմնի անդամները, եկեղեցական բարձրաստիճան անձնավորություններ, քաղաքական ներկայացուցիչներ և հայ ու օտար ազգի պատկան հավատացյալներ։
Երեսուն ամյա դիվանագիտական կապեր
Ներկայ էին անշուշտ Սուրբ Աթոռի մոտ Հ.Հ. դեսպան Տիար Կարեն Նազարյանը, ում նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր պատարագը և Իտալիայի մոտ Հ.Հ. դեսպան Ծովինար Համբարձումյանը և երկու դեսպանատների անձնակազմը։
Պատարագը մատուցվեց Հայաստանի խաղաղության համար՝ Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման երեսուն ամյակի նշման շրջանակներում:
Սրբազան արարողությունը կատարվեց անգլերեն լեզվով, որի ընթացքում, սակայն, լսելի եղան նաև հայկական մեղեդիներ ու շարականներ՝ Լևոնյան Քահանայապետական հայ Կաթողիկէ Վարժարանի սաների կատարմամբ, արարողության բացումը սկսվեց Հրաշափառի կատարումով:
Արարողության համար պատրաստված գրքույկը
Բոլոր ներկաները կարողացան արարողությանը հետևել այս առթիվ պատրաստված երկլեզու (անգլերեն – Հայերեն) գրքույկի միջոցով, որի մեջ բացի աղոթքներից տեղադրված էին նաև Հայաստանի ու Տիեզերական Կաթողիկէ Եկեղեցիներն իրար կապող որոշ խորհրդանշական պատկերներ. Օրինակ Գրիգոր Նարեկացու պատկերը, ով Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակվեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից, կամ Սուրբ Պետրոս Բազիլիկայի աջ կողմի գավիթում զետեղված Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հսկայական արձանը, հուսկ երկկողմ հարաբերությունների մասին որոշ տեղեկություններ, 1992թ. մինչ օրս միջպետական մակարդակով փոխանակված այցելությունները և 2022թ. մայիսի 23-ին Հայաստանի արտգործ նախարար Տիար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի Պետությունների ու Միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների Քարտուղար` Գերապայծառ Փոլ Ռիչըրտ Կալլալկէրի միջև փոխանակված նամակների պարունակությունը` երեսուն տարվա դիվանագիտական փոխհարաբերությունների կապակցությամբ։
Աղոթքներ
Սուրբ Զոհի ընթացքում առ Աստված բարձրացած աղոթքների շարքում հավատացյալները աղոթեցին «բարեկամության և համագոյակցության պարգևի համար։
«Մինչ մենք նշում ենք Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների երեսուն տարիները, թող Աստված օրհնի երկու պետությունների առաքելությունը, որպեսզի նրանք շարունակեն աշխարհին տանել խաղաղություն և բարություն»:
«Հավերժական Աստվա՜ծ, մենք աղոթում ենք, որ քաջություն ունենանք աշխատելու ամեն մի մարդու իրավունքների համար: Թող որ մենք միասին աշխատենք և արդար աշխարհ կառուցենք, ուր կհանգրվանեն Աստծո կողմից բոլորին շնորհված իրավունքները»:
Ամեն բարիքների Աստված, Դու աղբյուրն ես ամեն բարի բաների։ Այս աշխարհի բռնությունների ու ողբերգությունների դիմաց, աղոթենք Հայաստանի և համայն աշխարհի մեջ խաղաղության համար։ Թող մեր կառավարիչներին և մեզ պարգևի համբերություն` հասկացող լինելու համար, ուժ՝ ներելու համար և շնորհք՝ ընդունելու մեր սխալները:
Բոլոր ընտանիքների համար, որոնք զոհ են պատերազմի ողբերգություններին, բոլոր մայրերի համար, որոնք կորցրեցին իրենց ամուսիններին ու զավակներին, և առաջնագծում կանգնած զինվորների համար, թող Աստված բոլորին շնորհի հույս, հավատք և սեր, որպեսզի գտնեն խաղաղություն և ուժ։
Կարդինալ Փարոլինի քարոզը
Սուրբ Զոհի ընթացքում արտասանած իր քարոզում Կարդինալ Փարոլինը նախ նշեց, որ «Այսօրվա Սուրբ Պատարագի ժամանակ Հավիտենական Իմաստության Աստծուն վստահենք Հայ ազգը, ով նշում է Սուրբ Աթոռի հետ իր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը», ապա ասաց, որ «Սուրբ Պատարագը ամենակատարյալ գոհաբանությունն է» և առիթից օգտվելով նա շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռի մոտ Հայաստանի դեսպանությանը՝ միասնաբար աղոթելու այս նախաձեռնության համար»։
Երկար պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններ
«Իմ ամենաջերմ ողջույններն եմ հղում բոլոր ներկաներին՝ հաստատելով Սուրբ Աթոռի խորին աջակցությունն ու համակրանքը Հայաստանի հանդեպ», ասաց Կարդինալ Փարոլինը, հավաստիացնելով Սուրբ Աթոռի գնահատանքը Հայաստանի հետ երկկողմ դրական հարաբերություններում, որոնք բնութագրված են ջերմությամբ և հարգանքով, և որոնք իրենց պերճախոս արտահայտությունն են գտնում բարձր մակարդակի այցելությունների և տարբեր այլ նախաձեռնությունների ժամանակ»:
«Մեր բարեկամական հարաբերությունները երկար պատմություն ունեն», հաստատեց Ծիրանավորը ընդգծելով, որ դրանք գոյություն են ունեցել նույնիսկ 1992թ. մայիսի պաշտոնականացումից առաջ։
Երևանում Սուրբ Աթոռի նոր դեսպանատունը
Այնուհետև նա հիշեց անցյալ տարի Երևանում բացված Առաքելական Նվիրակությունր, այն համարելով կարևոր նշան` Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև շարունակաբար զարգացած բարեկամական հարաբերությունների համար:
Եկեղեցական ջերմ հարաբերություններ
Սուրբ Աթոռի Պետական քարտուղարը խոսեց նաև Կաթողիկէ Եկեղեցու և Առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեցող հարգալից երկխոսության մասին՝ ակնարկելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի միջև տեղի ունեցած հանդիպումները, ինչպես նաև Քահանայապետի Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին՝ Տանն Կիլիկիոյ Հայոց պատրիարքին, շնորհած եկեղեցական հաղորդությունը։
Սուրբ Գրիգոր Նարեկացի
«Այսօրվա մեր աղոթքում մեզ առաջնորդում է Հայ Եկեղեցու մեծ սուրբը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին, ում հիշատակը ներառված է Հռոմեական Ընդհանուր Օրացույցի մեջ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից», ասաց Կարդինալ Փարոլինը մատնանշելով, որ սուրբ պատարագն ու աղոթքները նվիրված են «հատկապես Հայաստանի խաղաղությանը, ու նաև Ուկրանիայի և համայն աշխարհի խաղաղության համար են»։
Նորոգել խաղաղության գործիքներ լինելու հանձնառումը
«Մենք բոլորս կոչված ենք նորոգելու խաղաղության գործիքներ լինլելու մեր ամենօրյա հանձնառությունը», ասաց Ծիրանավորը, ակնարկելով Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. Հայաստան կատարած այցելության և այդ այցելության ընթացքում Երևանում կատարված խաղաղության համամիութենական աղոթքի ու այդ առթիվ արտասանած խոսքերի մասին:
Ֆաթիմայի Տիրամոր ուխտագնացությունը
Պետական Քարտուղարը հիշեց նաև, որ Մատուռը, որտեղ մատուցվում է պատարագը, նվիրված է «Խաղաղության Թագուհուն», Ով մեծարված է Սալուս Փոփուլի Ռոմանի սրբապատկերում, և հավալեց, որ «Մինչ ինքը խոսում է, տեղի է ունենում Ֆաթիմայի Տիրամոր պատկառելի պատկերի դեպի Կովկաս աննախադեպ ուխտագնացությունը, որն հույսի աղբյուր է տարածաշրջանում խաղաղության քամիներ խթանելու համար:
Վսեմաշուք կարդինալն ընդգծեց, որ «հարաբերությունները ուրիշների հետ, նույնիսկ դժվար ու ցավոտ, պետք է մշակվեն այնպես, որ նպաստավոր լինեն խաղաղության համար և, հետևաբար, Աստծո իմաստության ներումի վրա հիմնված», ապա մեկնաբանեց օրվա ավետարանական հատվածը, որտեղ խոսվում է երկու մարդու մասին՝ «մեկը իմաստուն, մյուսը՝ հիմար, որոնք ծրագրում են կառուցել իրենց տները»։
Իմաստուն լինել նշանակում է լսել և կիրառել Աստծո խոսքը
Նրանցից մեկն ընտրեց կայուն հողը, որն ամուր հիմք է շինարարության համար, իսկ մյուսն ընտրում է ավազոտ հողը՝ թույլ, անկայուն պայմաններով։ Երկու տները նոյն տեսքը ունեին։ Բայց երբ դրանք ենթարկվում են ժամանակի ու կյանքի անկանխատեսելի իրադարձությունների փորձությանը, կանգուն է մնում միայն այն տունը, որը կառուցված էր ամուր քարի վրա:
«Իմաստությունը, ամենից թանկ բանն է, որ մենք կարող ենք ունենալ», ասաց Կարդինալը ընդգծելով, որ «Իմաստուն լինել նշանակում է լսել և կիրառել Աստծո խոսքը»:
Հայաստանն իր ինքնությամբ հիմնված է քարե ամուր հիմքի՝ Խաչքարի վրա
«Հայաստանն իր ինքնությամբ հիմնված է քարե ամուր հիմքի՝ Խաչքարի վրա», շարունակեց Ծիրանավորը ակնարկելով Սուրբ Հովհաննես Պողոս Բ խոսքերը, երբ նա հայերին անվանել է «խաչի ժողովուրդ», քանի որ խաչի մեջ է, որ հայ ժողովուրդն ինքն իրեն ճանաչում է։
«Հայ ժողովուրդը լավապես ճանաչում է Խաչը և այն կրում է իր սրտի մեջ: Այն ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքերից հետո ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Հովհաննես Պողոս Բ ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներին, 14 սեպտեմբեր 2000 թ.):
«Ուստի զարմանալի չէ, որ հայերը խորը հավատքի ժողովուրդ են», հավելեց հուսկ Կարդինալ Փարոլինը ընդգծելով, որ «դարերի ընթացքում քրիստոնեական հավատքը սատարեց այս մեծ ժողովրդին, հատկապես նրա պատմության դժվարին ժամանակների ընթացքում»։
Աստվածաշնչական երկիր Հայաստանը
Կարդինալ Փարոլինը հուսկ նշեց. «չենք կարող մոռանալ, որ ըստ աստվածաշնչական ավանդության, Հայաստանն այն երկիրն է, որտեղ Ջրհեղեղից հետո ծնվեց առաջին քաղաքակրթությունը, և ավանդույթը հիշեցնում է աստվածաշնչյան Եդեմի պարտեզը»։
Նա քարոզն ավարտեց աղոթքով` խնդրելով, որ «Թող Տերը Հայաստանը դարձնի Աստվածային Իմաստության ժայռի վրա հիմնված տուն»։
«Թող ձեր վեհ ազգը վայելի ձեր ցանկացած խաղաղությունը, և թող այն շարունակի օգուտ քաղել ձեր մարդկային, մշակութային և հոգևոր հարստություններից, որպեսզի Ազգերի Ընտանիքը բաժնեկից լինի նրանցից յուրաքանչյուրին», ասաց Կարդինալ Փիերթրօ Փարլինը, ապա հայցեց Հայաստանի սուրբ հովանավորների և հատկապես Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխոսությունն ու մաղթեց, որ «Տերն առատ շնորհներ պարգի հայ ժողովրդին»։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը