«Վերելքն արտահայտում է գորշ կյանքից կտրվելու և դեպի Տերը գնալու սրտի պահանջմունքը»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց փարիսեցու և մաքսավորի առակը, ովքեր տաճար էին եկել աղոթելու (Ղկ. 18, 9-14): Մաքսավորը գիտակցում է իր մեղավորությունը և կանգնում Աստծո առաջ այնպիսին, ինչպիսին կա, իր բոլոր թերություններով հանդերձ, առանց չափազանցումների, պարզաբանեց Նորին Սրբությունը և ընդգծեց, որ այս առակը ցույց է տալիս երկու շարժում՝ վերելք և վայրէջք։
Առաջին շարժումը վերելքն է, որը հաճախ է հանդիպում Աստվածաշնչում, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը. Աբրահամը բարձրանում է լեռը, որպեսզի զոհ մատուցի Աստծուն, Մովսեսը բարձրանում է Սինայ լեռը, որպեսզի ստանա Պատվիրանները, Հիսուս բարձրանում է լեռը, որպեսզի կերպարանափոխվի։
«Վերելքն արտահայտում է գորշ կյանքից կտրվելու և դեպի Տերը գնալու սրտի պահանջմունքը. մեր «ես»-ի ցածրավայրերից վեր բարձրանալ առ Աստված, հավաքել այն ամենը, ինչով մենք ապրում ենք մեր հովտային աշխարհում և բերել Տիրոջը: Հենց սա է վերելքը, երբ մենք աղոթում ենք, վեր ենք բարձրանում»:
Սակայն Աստծու մոտ բարձրանալու և աղոթքով կերպարանափոխվելու համար անհրաժեշտ է խոնարհվել, պարզաբանեց Նորին Սրբությունը, իսկ դա նշանակում է անկեղծ լինել ինքդ քեզ հետ, ընդունել սեփական թուլությունները, մեղքերն ու վերքերը, որոնք ծանրաբեռնում են մեզ: Հենց այսպես էլ մենք մեր մեջ սերմանում ենք սրտի անկեղծություն և խոնարհություն, որպեսզի խոնարհաբար դիմենք Աստծո ողորմածությանը, որը կարող է մեզ բժշկել, վերականգնել և հարություն տալ: «Որքան մենք խոնարհաբար հնազանդվում ենք, այնքան Աստված բարձրացնում է մեզ»։
Առակում մաքսավորն իրեն հենց այդպես է պահում. նա խոնարհաբար կանգ է առնում հեռվում, ներում խնդրում, և Տերը բարձրացնում է նրան։ Սակայն փարիսեցին հոգևոր հպարտություն է դրսևորում, գովաբանում է իրեն և իր գործերը, արհամարհում է ուրիշներին: Խորհրդածելով այս առակի հերոսների մասին՝ եկե՛ք հայացք գցենք ինքներս մեր վրա և մտածենք, թե արդյո՞ք մեր մեջ փարիսեցիություն չկա, երբ վստահ ենք մեր արդարության մեջ, քննադատում ենք ուրրիշներին և գայթակղվում մեր «ես»-ով: «Որտեղ շատ է «ես» կա, այնտեղ քիչ Աստված կա», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Խորհրդածության ավարտին՝ Նորին Սրբությունն աղոթեց Սուրբ Կույս Մարիամի՝ Տիրոջ խոնարհ ծառայի բարեխոսության համար, Ով կենդանի օրինակ է այն բանի, թե ինչ է անում Տերը. հզորներին գահից տապալեց և խոնարհներին բարձրացրեց (տես՝ Ղկ. 1, 52):
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը