• Աղոթքը հավատքի դեղն է

    «Աղոթքը հավատքի դեղամիջոցն է, որը վերականգնում է հոգին»:


    Հոկտեմբերի 16-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, կոչ արեց հոգ տանել Աստծո և մերձավորի հանդեպ սիրո մասին և միշտ աղոթել, որպեսզի մեր հավատքը ամուր մնա։

     

    Խորհրդածելով օրվա ավետարանական ընթերցման շուրջ՝ Նորին Սրբությունը հիշեցրեց հետևյալ հարցը, որ տվել էր Հիսուս և որը մենք կարող ենք ինքներս մեզ տալ. «Արդյո՞ք Մարդու Որդին երկրի վրա հավատ կգտնի, երբ գա» (Ղկ. 18, 8):

     

    «Ենթադրենք, որ Տերն այսօր աշխարհ է եկել. Նա, ցավոք, կտեսներ բազմաթիվ պատերազմներ, աղքատություն և անհավասարություն, բայց նաև կտեսներ անհավատալի տեխնոլոգիական առաջընթաց, երբ մարդիկ անընդհատ շտապում են և զբաղված են», – ասաց Սրբազան Քահանայապետը: Սակայն ամենակարևորը հետևյալն է, թե արդյո՞ք Տերը կգտնի մարդկանց, ովքեր Աստծուն դնում են իրենց կյանքի կենտրոնում: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. ի՞նչ կգտներ Տերը մեր մեջ, եթե Նա գար այսօր, ի՞նչ առաջնահերթություններ կտեսներ մեր կյանքում:

     

    Մենք հաճախ հոգում և անհանգստանում ենք շատ բաների համար՝ մոռանալով գլխավորի մասին և չնկատելով, որ Աստծո հանդեպ մեր սերն աստիճանաբար սառչում է, շարունակեց Նորին Սրբությունը. «Այսօր Հիսուս մեզ առաջարկում է դեղամիջոց, որը կջերմացնի մեր սառած հավատքը: Իսկ ո՞րն է այդ դեղամիջոցը: Դա աղոթքն է: Աղոթքը հավատքի դեղամիջոցն է, որը վերականգնում է հոգին»:

     

    Սակայն դա պետք է լինի մշտական ​​աղոթք, ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու պարզաբանեց. առողջացման համար անհրաժեշտ է հետևել բուժման որոշակի մեթոդի, ուստի պետք է հետևողականությամբ և կանոնավորությամբ ճիշտ ժամանակին ընդունել դեղերը: Իսկ կանոնավոր աղոթքը մեր հոգին առողջ պահելու բանալին է: Ինչպես սենյակային բույսին է ջուր անհրաժեշտ, այնպես էլ մեր հոգիները աղոթքի կարիք ունեն, – ասաց Նորին Սրբությունը. – չես կարող ջրել բույսը և հետո երկար ժամանակ առանց ջրի թողնել, քանզի այն կարող է չորանալ: Նույնը վերաբերում է աղոթքին. մենք չենք կարող ժամանակ առ ժամանակ ապրել միայն հուզական պոռթկումներով կամ ուժեղ տպավորություններով, իսկ հետո «քուն մտնել»՝ այդպես մեր հավատքը կչորանա: Մեզ անհրաժեշտ է ամենօրյա աղոթքի ջուր, մեզ անհրաժեշտ է Աստծուն նվիրված ժամանակ, որպեսզի Նա կարողանա մտնել մեր ժամանակի, մեր պատմության մեջ: Մենք պետք է սրտաբաց լինենք Աստծո հանդեպ, որպեսզի Նա ամեն օր մեզ լիացնի սիրով, խաղաղությամբ, խնդությամբ, զորությամբ, հույսով, սնուցի մեր հավատքը:

     

    Կարելի է առարկել, որ դժվար է ժամանակ գտնել աղոթքի համար՝ հաշվի առնելով ներկայիս կյանքի խելահեղ տեմպերը, խոստովանեց Սրբազան Քահանայապետը, սակայն մենք «վանքում ապրելու» կարիք չունենք, որպեսզի աղոթքի համար անհրաժեշտ ժամանակ հատկացնեն։ Նորին Սրբությունն առաջարկեց անցյալում տարածված տարեցների իմաստուն հոգևոր պրակտիկան, որը մենք կարող ենք հիմա կիրառել: Այն բաղկացած է պարզ, կարճ աղոթքներից, որոնք մենք կարող ենք հեշտությամբ հիշել և ամբողջ օրվա ընթացքում կրկնել, որտեղ էլ որ լինենք՝ Տիրոջը մոտ մնալու և մեր կյանքում խաղաղություն գտնելու համար:

     

    «Արթնանալով քնից՝ մենք կարող ենք ասել. «Տե՛ր, ես շնորհակալ եմ Քեզ և այս օրը վստահում եմ Քեզ»: Այնուհետև ցանկացած գործ սկսելուց առաջ կարող ենք կրկնել՝ «Ե՛կ, Սուրբ Հոգի»։ Եվ առհասարակ, մենք կարող ենք այսպես աղոթել «Հիսո՛ւս, ես ապավինում և սիրում եմ քեզ»»:

     

    Սրբազան Քահանայապետն այս կարճ աղոթքները համեմատեց Տիրոջը հաղորդագրություններ փոխանցելու հետ, ինչպես մենք ամեն օր ուղարկում ենք այն մարդկանց, ում սիրում ենք: Այսպես մենք կկարողանանք մեր սրտերը կապված պահել Նրա հետ:

     

    Սակայն, հավելեց Նորին Սրբությունը, անհրաժեշտ է հիշել, որ մենք պետք է «կարդանք Նրա պատասխանները», որոնք կգտնենք Աստվածաշնչում. այն պետք է միշտ մեր մոտ լինի, որպեսզի ամեն օր կարդանք և ընկալենք մեզ ուղղված Կյանքի Խոսքը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց