«Արդյո՞ք մեզանից շատերն են ապրում ուրախ հավատքով ՝ առանց տրտնջալու և քննադատության»:
Շուրջ վեց հազար հավատացյալներ մասնակցեցին Վատիկանի բազիլիկայում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գլխավորությամբ մատուցված հանդիսավոր Սուրբ Պատարագին՝ Վատիկանի Երկրորդ ժողովի բացման 60-ամյակի և այն գումարած Սուրբ Հովհաննես XXIII Պապի հիշատակին։ Նորին Սրբությունը պատարագը մատուցեց 35 կարդինալների, 55 եպիսկոպոսների և 400 քահանաների առընթերականությամբ:
Սրբազան Քահանայապետը սկսեց խորհրդածել ավետարանական երկու արտահայտությունների շուրջ (Հովհ. 21:17). «Արդյո՞ք սիրում ես Ինձ» և «արածացրու՛ Իմ ոչխարներին»: Մենք զգում ենք, որ Տիրոջ այս խոսքերն այսօր ուղղված են մեզ՝ որպես Եկեղեցի: Հիսուսի ոճը բնութագրվում է ոչ այնքան պատասխաններով, որքան հարցերով։ «Արդյո՞ք սիրում ես Ինձ». Եկեղեցուն՝ իր հարսնացուին ուղղված այս հարցի պատասխանը հենց Վատիկանի Երկրորդ ժողովն էր, քանզի առաջին անգամ էր, որ տիեզերական ժողովը նվիրվում էր սեփական անձի, սեփական էության և առաքելության մասին խորհրդածությանը: Ժողովի շնորհիվ Եկեղեցին կրկին գիտակցեց իր Աստծո ժողովուրդ, Քրիստոսի Մարմին և Սուրբ Հոգու կենդանի տաճար լինելու փաստը: Այս ամենը տեսնելու համար հարկավոր է նայել վերևից. «Եկեղեցին, ամենից առաջ, պետք է մտահայել վերևից՝ Աստծո սիրառատ աչքերով», – պարզաբանեց Նորին Սրբությունը և կոչ արեց հարցնել ինքներս մեզ, թե արդյո՞ք որպես Եկեղեցի մենք առաջնորդվում ենք Աստծով, Նրա հայացքով, թե՞ առաջնորդվում ենք մեր սեփական օրակարգով՝ ենթարկվելով աշխարհիկ քամհարումներին: «Եկե՛ք զգույշ լինենք, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Քանի որ և՛ առաջադիմությունը, որը կառչում է աշխարհին, և՛ ավանդապաշտությունը, որը սգում է անցյալը և նահանջում՝ հետընթաց ապրելով, ոչ թե սիրո, այլ անհավատարմության ապացույցներ են»:
Նորին Սրբությունը կոչ արեց վերագտնել և կրկին բացահայտել Տիեզերական Ժողովը, որպեսզի առաջին տեղում լինի «Եկեղեցին, որը շատ է սիրում իր Տիրոջը և բոլոր այն մարդկանց, ում Նա սիրել է, լինենք Հիսուսով հարուստ և միջոցներով աղքատ Եկեղեցի, ազատ և ազատագրող Եկեղեցի»։ Պետք է վերադառնալ «սիրո սկզբնաղբյուրին» և բոլորին հորդորել վերադառնալու «իրենց Գալիլեա»։
«Թո՛ղ ուրախությունն ու բերկրանքն ապրեն Եկեղեցում… Սակայն արդյո՞ք մեզանից շատերն են ապրում ուրախ հավատքով ՝ առանց տրտնջալու և քննադատության: Հիսուսին սիրահար Եկեղցեին ժամանակ չունի վեճերի, թույնի և հակասությունների համար: Թո՛ղ Աստված մեզ ազատի քննադատությունից ու անհանդուրժողականությունից, կոպտությունից ու դյուրագրգռությունից։ Սա ոչ միայն ոճի, այլև սիրո խնդիր է, որովհետև ով սիրում է, ինչպես սովորեցնում է Պողոս առաքյալը, ամեն ինչ անում է «առանց տրտնջալու»»։
Այնուհետև Հիսուս ասում է Պետրոսին. «Արածացրու՛ Իմ ոչխարներին»: «Հովիվ» բառն այստեղ արտահայտում է այն սերը, որը Տերն ակնկալում է առաքյալից, քանի որ նա ձկնորս էր, ոչ թե հովիվ։ Ի տարբերություն ձկնորսի, ով որսում է իր համար, հովիվը հոգ է տանում ուրիշների՝ ոչխարների մասին՝ լինելով ոչ թե «վերևում», այլ հենց նրանց մեջտեղում: Սա երկրորդ հայեցակետն է, որը մեզ սովորեցնում է Վատիկանի Երկրորդ Ժողովը. հայացք ներսից, երբ հովիվը կիսում է հոտի ուրախություններն ու հույսերը: Ժողովի արդիականությունը դրսևորվում է նրանով, որ օգնում է մերժել մեր հարմարավետության և համոզմունքների շրջանակներում պարփակված լինելու գայթակղությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանի որ Ժողովի սուրբ տոնակատարության նպատակը ոչ թե ինքնահիացումն էր, այլ անձնուրացությունը: Ասելով «արածացրու՛ Իմ ոչխարներին», Հիսուս նկատի չունի միայն մի քանի ոչխարների, այլ բոլորին, քանի որ «Բարի Հովիվը իր հոտին տեսնում ու ընկալում է որպես մեկ ամբողջություն և ցանկանում է, որ հենց այդպիսին էլ լինի»: Սա երրորդ հայեցակետն է. «միասնականություն», քանզի Ժողովը հիշեցնում է մեզ, որ Սուրբ Երրորդության պատկերով Եկեղեցին հաղորդակցություն է, սակայն սատանան երկպառակություն է սերմանում: «Շատերը ուզում են լինել «սեփական խմբի երկրպագուները», այլ ոչ թե ծառայել բոլորին, լինել առաջադեմ և ավանդապաշտ, այլ ոչ թե «աջի» և «ձախի» եղբայրներ և քույրեր, լինել ոչ թե Քրիստոսինը, այլ «նորարարությունների մենակատարներ»: Նրանք չեն ուզում լինել Սուրբ Մայր Եկեղեցու խոնարհ և երախտապարտ զավակները», – ընդգծեց Նորին Սրբությունը՝ շնորհակալություն հայտնելով պատարագին մասնակցած եղբայրական Եկեղեցիների ներկայացուցիչներին։
Սրբազան Քահանայապետը խորհրդածությունն ավարտեց աղոթքով.
«Շնորհակա՜լ ենք Քեզ, Տե՛ր, Ժողովի պարգևի համար: Դու՛, որ սիրեցիր մեզ և ազատեցիր ինքնաբավության նկրտումներից և քննադատության աշխարհիկ ոգուց: Դու՜, որ հովվում ես մեզ քնքշությամբ, թույլ մի՛ տուր մեզ դուրս գալ միասնականության շրջանակից: Դու՜, որ ցանկանում ես, որպեսզի մենք լինենք մեկ հոտ, ազատի՛ր մեզ սատանայի լարած բևեռացման թակարդներից: Չէ որ մենք Քո Եկեղեցին ենք, Պետրոսի հետ և Պետրոսի նման ասում ենք Քեզ. Տե՜ր, Դու գիտես ամեն ինչ, Դու գիտես, որ մենք սիրում ենք քեզ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը