• Սրբազան Քահանայապետը սրբադասեց երկու Ճգնավորների

    «Մենք բոլորս ապաքինման, ներման կարիք ունենք և կանչված ենք «ուրիշների թուլությունները» կիսելու՝ որևէ մեկից մեզ բարձր չդասելով»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հոկտեմբերի 9-ին Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորեց Սուրբ Պատարագը և սրբադասեց երկու երանելիների՝ իտալացի եպիսկոպոս Ջովաննի Բատիստա Սկալաբրինիին և արգենտինացի բուժեղբայր Արտեմիդե Զատտիին:

     

    Իր խորհրդածությունում Նորին Սրբությունը մեկնաբանեց տասը բորոտների բժշկման հրաշքը, ովքեր միաձայն կանչեցին Հիսուսին իրենց ողորմելու համար: Բժշկվելուց հետո՝ նրանցից ինը գնացին, և միայն մեկը՝ սամարացին, վերադարձավ Տիրոջ մոտ և շնորհակալություն հայտնեց այդ չլսված հրաշքի համար: Սրբազան Քահանայապետն անդրադարձավ այս պատմության երկու կարևոր կողմերին. «միասին քայլել» և «երախտապարտ լինել»։

     

    Սկզբում ոչ մի տարբերություն չկա սամարացու և մյուս իննի միջև, քանի որ դժբախտները միասին են ընդառաջ գնում Հիսուսին: Այդ ժամանակներում բորոտությունը նաև «սոցիալական հիվանդություն» էր և վարակվածները պարտավոր էին մեկուսանալ բոլորից: Նրանք տեղ չունեին հասարակական և կրոնական կյանքում։ Օտարական և «հերետիկոս» սամարացին միավորվում է իր դժբախտակից ընկերների հետ, քանզի «ընդհանուր հիվանդությունն ու տկարությունը քանդում են պատնեշները և հաղթահարում բոլոր խոչընդոտները»: Սա գեղեցիկ կերպար է նաև մեզ համար, ընդգծեց Նորին Սրբությունը, քանի որ մենք բոլորս մեղավոր ենք և ունենք Հոր ողորմածության խիստ կարիքը։ Երբ մենք դադարում ենք իրարից հեռանալ արտաքին հանգամանքների պատճառով, ընդունում ենք ճշմարտությունը և պատվում խոնարհությամբ, ապա այդ ժամանակ անհետանում են ներքին պատերն ու նախապաշարմունքները: Քրիստոնեական հավատքը միշտ խրախուսում է «սինոդականությունը». քայլել ուրիշների հետ, ընդառաջ գնալ Աստծուն և մերձավորին, երբեք չպարփակվել: Մենք բոլորս ապաքինման, ներման կարիք ունենք և կանչված ենք «ուրիշների թուլությունները կիսելու՝ որևէ մեկից մեզ բարձր չդասելով», ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես են քրիստոնեական համայնքները աշխարհը բաժանում բարու և չարի, սրբերի և մեղավորների միջև. արդյունքում մենք մեզ ավելի լավ ենք զգում, քան մյուսները և դուրս ենք մղում շատերին, ում Աստված ցանկանում է ընդունել: Խնդրում եմ, և՛ Եկեղեցում, և՛ հասարակությունում միշտ ընդունեք այն ամենը, ինչը դեռ մատնանշված է անհավասարության և մարգինալացման բազմաթիվ դրսևորումներով»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց սրտաբաց լինել գաղթականների նկատմամաբ, քանզի նրանց մերժումը նողկալի հանցագործություն է։

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, ավետարանական պատմության երկրորդ կողմը երախտագիտությունն է, քանի որ տասից միայն մեկը վերադարձավ, որպեսզի փառաբանի Աստծուն և շնորհակալություն հայտնի Հիսուսին: Սամարացին ոչ միայն երախտագիտություն է հայտնում, այլև երեսի վրա ընկնում է Քրիստոսի ոտքերի առաջ (տես՝ Ղկ. 17,16), որը նաև երկրպագություն էր. «Նա ընդունում է, որ Հիսուսը Տերն է, և դա շատ ավելի կարևոր է, քան իր ստացած բժշկությունը», ասաց Նորին Սրբությունը:

     

    «Սա մեծ դաս է նաև մեզ համար. մենք ամեն օր օգտագործում ենք Աստծո պարգևները, սակայն հաճախ գնում ենք մեր ճանապարհով՝ մոռանալով Նրա հետ կենդանի, իրական հարաբերություններ զարգացնել: Սա հոգևոր տգեղ հիվանդություն է. ամեն ինչ ընդունել այնպես, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, նույնիսկ հավատն ու Աստծո հետ մեր կապը, վերածվելով անշնորհակալ քրիստոնյաների, որոնք չեն կարողանում զարմանալ ու «շնորհակալություն» ասել և ոչ էլ նկատում են Տիրոջ հրաշքները»:

     

    Ուստի շատ կարևոր է շնորհակալություն հայտնել իմանալ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ Ամեն օր շնորհակալություն հայտնել Տիրոջը և միմյանց. «ընտանիքում՝ ամեն մի փոքր բաների համար, որոնք մենք ստանում ենք, երբեմն նույնիսկ չմտածելով, թե որտեղից են դրանք գալիս», բազմաթիվ ծառայությունների համար, որոնցից մենք օգտվում ենք, և նրանց, ովքեր օգնում են մեզ, քրիստոնեական համայնքներում՝ Աստծո սիրո համար, որը մենք զգում ենք մեր եղբայրների և քույրերի մոտիկության միջոցով: «Խնդրում եմ, եկե՛ք չմոռանանք այդքան կարևոր շնորհակալություն բառը»։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ նոր սրբադասված երկու սրբերը հիշեցնում են ընդհանուր ճանապարհի և շնորհակալ լինելու կարևորության մասին: Եպիսկոպոս Սկալաբրինին պնդում էր, որ գաղթականների մեջ չպետք է տեսնել միայն խնդիրներ, այլ նաև նախախնամության ծրագրեր, քանզի հենց հալածանքների հետևանքով առաջացած գաղթի շնորհիվ էր, որ երիտասարդ Եկեղեցին դուրս եկավ Երուսաղեմի սահմաններից և դարձավ ընդհանրական, իսկ ներկայիս գաղթի շնորհիվ Եկեղեցին դառնում է ժողովուրդների խաղաղության և հաղորդակցության գործիք:

     

    «Այս պահին այստեղ՝ Եվրոպայում, տեղի է ունենում գաղթ, որը մեզ շատ է տանջում և խրախուսում սրտաբաց լինել, դա պատերազմից փախչող ուկրաինացիների գաղթն է: Չմոռանանք բազմաչարչար Ուկրաինայի մասին»։

     

    Իսկ մյուս նոր սրբադասված եղբայր Արտեմիդե Զատտիին երախտագիտության կենդանի օրինակ էր. «բուժվելով տուբերկուլոզից՝ նա իր ողջ կյանքը նվիրեց ուրիշներին երջանկացնելուն, հիվանդներին սիրով և քնքշությամբ խնամելուն»։ Լի երախտագիտությամբ ստացած բարիքների համար, նա «շնորհակալություն» էր ասում՝ ուրիշների վերքերն իր վրա վերցնելով:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին աղոթել, որպեսզի «մեր այս սուրբ եղբայրները օգնեն մեզ քայլել միասին, առանց բաժանման պատերի, և զորացնեն Աստծուն այնքան հաճելի հոգու վեհությունը՝ երախտագիտությունը»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց