«Մենք՝ մարդիկս, գոյություն ունենք ոչ այնքան մեր երկրային կարիքները բավարարելու և զուտ տնտեսական բնույթի հարաբերություններ հաստատելու համար, այլ՝ մեր հայացքը դեպի Երկինք ուղղած այս կյանքում միասին թափառելու համար»:
Սեպտեմբերի 14-ին՝ Ղազախստան կատարած առաքելական այցի երկրորդ օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մասնակցեց «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համաժողովի» բացման արարողությանը և լիագումար նիստին։ Նուր-Սուլթանի Անկախության պալատում միջազգային կոնգրեսն սկսվեց ընդհանուր աղոթքով:
Այս տարի համաժողովի կենտրոնական թեման էր՝ «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների դերը մարդկության հոգևոր և սոցիալական զարգացման գործում հետհամավարակային շրջանում»։ Հանդիպմանը մասնակցում էին գերագույն իմամ Ալ-Ազհարի Ահմադ Ալ-Թայիբը, Իսրայելի գլխավոր Աշկենազի ռաբբի Դավիթ Լաուն, Իսրայելի գլխավոր սեֆարդական ռաբբի Իցհակ Իոսիֆը, Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ միտրոպոլիտ Վոլոկոլամսկի Անտոնը, Երուսաղեմի Պատրիարք Ֆեոֆիլ III և աշխարհի 50 երկրների այլ ականավոր կրոնական գործիչներ։
Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Նորին Սրբությունն ասաց.
«Եղբայրնե՜ր եւ քույրե՜ր,
Թույլ տվեք ձեզ դիմել անկեղծության և բարեկամության խոսքերով՝ եղբայրներ և քույրեր։ Հենց այսպես եմ ցանկանում ողջունել ձեզ՝ կրոնների առաջնորդներ և պետական պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների անդամներ, ակադեմիական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ հանուն մեզ կապող եղբայրության, քանի որ մենք նույն Երկնքի որդիներն ու դուստրերն ենք:
Անսահմանության առեղծվածի առջև, որը գերազանցում և գրավում է մեզ, կրոնները մեզ հիշեցնում են, որ մենք արարածներ ենք. մենք ամենազոր չենք, այլ կանայք ու տղամարդիկ ենք, ովքեր շարժվում են դեպի նույն երկնային նպատակը: Մենք բոլորս միավորված ենք որպես արարածներ, որի շնորհիվ էլ հաստատվում է ընդհանրություն, իսկական եղբայրություն։ Այն հիշեցնում է մեզ, որ կյանքի իմաստը չի կարող սահմանափակվել միայն մեր անձնական շահերով, քանի որ այն գրված է եղբայրության մեջ, որը մեզ բնորոշ հատկանիշն է: Մենք կատարելագործվում ենք միայն ուրիշների հետ միասին և ուրիշների շնորհիվ։ Համաշխարհային ու ավանդական կրոնների հարգելի առաջնորդներ և ներկայացուցիչներ, մենք գտնվում ենք մի երկրում, որտեղով դարեր շարունակ երկար քարավաններ են անցել, իհրակե նաև հնագույն մետաքսի ճանապարհի շնորհիվ, և միահյուսվել են բազմաթիվ պատմություններ, գաղափարներ, հավատալիքներ ու ձգտումներ: Թո՛ղ Ղազախստանը կրկին դառնա միմյանցից հեռու գտնվող երկրների հանդիպման վայր։ Թո՛ղ դա նոր ճանապարհ բացի մարդկային հարաբերությունների վրա հիմնված հանդիպման համար. հարգանք, անկեղծ երկխոսություն, ամեն մի մարդու անխախտելի արժանապատվություն, համագործակցություն։ Եղբայրության նոր ճանապարհ, որով մենք գնալու ենք խաղաղության։
Ղազախստանի ժամանակակից գրականության հայր Աբային ևս հետաքրքրել է հետևյալ դարավոր հարցը. ««Ո՞րն է կյանքի գեղեցկությունը, արդյո՞ք դեպի նրա խորքերը սուզվելը չէ» (Բանաստեղծություններ 1898): Մեկ այլ բանաստեղծ նույնպես ասիական այս անսահման տափաստանների հովվի շուրթերով խոսել է կյանքի իմաստի մասին. «Ո՞ւր է տանում իմ կարճ ճանապարհը»։ (Ջ. Լեոպարդի, Ասիայում թափառող հովվի գիշերային երգ): Այս հարցերն ընդգծում են կրոնի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով մեզ, որ մենք՝ մարդիկս, գոյություն ունենք ոչ այնքան մեր երկրային կարիքները բավարարելու և զուտ տնտեսական բնույթի հարաբերություններ հաստատելու համար, այլ՝ մեր հայացքը դեպի Երկինք ուղղած այս կյանքում միասին թափառելու համար:
Եղբայրներ և քույրեր, աշխարհը մեզանից ակնկալում է արթուն հոգիների և մաքուր, պարզ մտքերի օրինակներ, սպասում է իսկական կրոնականության: Եկել է ցանկացած հավատքն այլասերող ու կործանող ֆունդամենտալիզմից արթնանալու ժամը, հիմա պարզ ու կարեկից սիրտ ունենալու ժամանակն է: Եկել է նաև պատմության գրքերը մի կողմ դնելու և բոլոր խոսակցություններն ետևում թողնելու ժամանակը, որոնք չափազանց երկար, ինչպես այստեղ, այնպես էլ այլ վայրերում, կասկածներ և արհամարհանք են ներշնչել կրոնի նկատմամբ, իբր թե այն նպաստում է ժամանակակից հասարակության ապակայունացմանը: Այստեղ լավ հայտնի է, թե որն է տասնամյակների ընթացքում ներդրված պետական աթեիզմի ճնշող ու խեղդող մտածելակերպի ժառանգությունը, երբ «կրոն» ասված բառն արդեն կարող էր խնդիրների պատճառ դառնալ։ Իրականում կրոնը խնդիր չէ, ընդհակառակը, այն նպաստում է հասարակության մեջ առավել ներդաշնակ կյանքով ապրելուն: Անդրանցականության որոնումները և եղբայրության սուրբ արժեքը իսկապես կարող են ոգեշնչել և լուսավորել որոշումները, որոնք կայացվում են աշխարհաքաղաքական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական ճգնաժամի պայմաններում, սակայն իրականում սա հոգևոր ճգնաժամ է, որն այսօր վերապրում են բազմաթիվ ինստիտուտներ, ներառյալ ժողովրդավարական երկրները, վտանգելով ժողովուրդների անվտանգությունն ու համերաշխությունը:
Ուստի մարդկային իրական և ամբողջական զարգացման հիմնական պայմանը կրոնական ազատությունն է։ Եղբայրներ, քույրեր, մենք ազատ արարածներ ենք։ Մեր Արարիչը «մի կողմ քաշվեց մեզ համար», եթե այդպես կարելի է ասել, «սահմանափակեց» Իր բացարձակ ազատությունը, որպեսզի մենք նույնպես դառնանք ազատ: Այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք սահմանափակել մեր եղբայրների ազատությունը հանուն Նրա անվան: «Ինքներս հավատալով և երկրպագելով», – ուսուցանում է Աբայը, – «մենք իրավունք չունենք ասելու, որ կարող ենք ստիպել ուրիշներին հավատալ և երկրպագել» (Խոսք 45): Կրոնական ազատությունը հիմնարար, գերակա և անքակտելի իրավունք է, որը պետք է ամենուր պաշտպանել: Իսկապես յուրաքանչյուր մարդու իրավունքն է հրապարակայնորեն խոստովանել իր հավատքը, առաջարկել այն ուրիշներին, բայց երբեք այն չպարտադրել: Հիանալի միջոց է հռչակելը՝ հեռու դավանափոխությունից և գաղափարախոսության ուսուցումից, որից մենք բոլորս պետք է փորձենք հնարավորինս հեռու մնալ։ Կյանքում հավատքն ամենակարևորը համարելն իհարկե յուրաքանչյուրի անձնական գործն է, սակայն նման մոտեցումը կարող է հասարակությանը զրկել մեծ հարստությունից, քանզի ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ տարբեր կրոններ, էթնիկ և մշակութային խմբեր ապրում են փոխադարձ հարգանքով:
Համավարակը, խոցելիության և մտահոգության հետ մեկտեղ, համաշխարհային չորս խնդիրներից գլխավորն է, որը բոլորից, և հատկապես կրոններից պահանջում է առավելագույն միասնություն: COVID-19 հավասարեցրել է մեզ բոլորիս։ Նա ստիպեց մեզ հասկանալ, որ, ինչպես գրում է Աբայը, «մենք արարիչներ չենք, այլ մահկանացուներ ենք» (ibid.): Հետևաբար, մենք հիմա չենք կարող մոռանալ համերաշխության անհրաժեշտությունը, որը մենք խորապես զգացել ենք և առաջ շարժվենք այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել՝ անտեսելով այն հանգամանքը, որ մենք պետք է միասին աշխատենք մեզ բոլորիս վերաբերվող հրատապ խնդիրները լուծելու համար: Շատ կարևոր է, որ կրոններն անտարբեր չմնան, քանզի նրանց կոչումն է առաջ գնալ, պահպանել միասնությունը՝ հաղթահարելով փորձությունները, որոնք կարող են ավելի պառակտել մարդկային ընտանիքը:
Մենք՝ Աստվածայինին հավատացողներս, պետք է օգնենք մեր եղբայրներին և քույրերին չմոռանալ, որ մարդու բնորոշ հատկանիշներից է խոցելիությունը, և թույլ չտանք, որ ընկնեն տեխնիկական ու տնտեսական առաջընթացի արդյունքում առաջացած ամենակարողության հավակնությունների ցանցի մեջ, սակայն միայն այս քայլերը բավարար չեն: Մենք չպետք է խճճվենք շահույթի և փողի ցանցերում, կարծես դրանք կարող են ձերբազատել ցանկացած չարիքից, չնպաստենք անկայուն առաջընթացին, թույլ չտանք, որ սպառողականությունը վերածվի անհոգի էակի, քանի որ բարեկեցությունը մարդու համար է, այլ ոչ թե մարդը՝ բարեկեցության համար։ Մի խոսքով, համավարակի ժամանակ բացահայտված մեր ընդհանուր խոցելիությունը պետք է խրախուսի մեզ առաջ գնալ ոչ թե նախկինի պես, այլ ավելի մեծ խոնարհությամբ և հեռատեսությամբ։
Հետհամավարակային դարաշրջանի հավատացյալները կանչված են ոչ միայն մտածելու մարդկային գոյության պատասխանատվության և անկատարելիության, այլև հոգատարության մասին. հոգատարություն մարդկության նկատմամբ իր բոլոր դրսևորումներով՝ ստեղծելով հաղորդակցություն մարդկանց միջև ու դառնալով այնպիսի համագործակցության վկաներ, որոնք հաղթահարում են համայնքային, էթնիկական, ազգային և կրոնական պատկանելության սահմանները: Սակայն ինչպե՞ս և ինչի՞ց սկսել այդ դժվար առաքելությունը:
Նախ պետք է լսել ամենաթույլերին, ձայնի իրավունք տալ ամենախոցելիներին, խթանել համընդհանուր համերաշխությունը, որն ամենից առաջ պետք է վերաբերի աղքատներին, կարիքավորներին, նրանց, ովքեր ամենաշատն են տուժել համավարակից, որը ցույց տվեց մեր մոլորակի անհավասարության ողջ անարդարությունը։ Այսօր մեծաթիվ են այն մարդիկ, ում համար պատվաստում ստանալը դեռևս դժվար է: Եկե՛ք լինենք մարգարե ու խիզախ մեր խղճով, մոտ լինենք բոլորին, սակայն հատկապես լքյալներին, հասարակության ամենաթույլ ու աղքատ շերտերին, լուռ ու ծածուկ տառապողներին։ Այն, ինչ ես առաջարկում եմ ձեզ, ոչ միայն ավելի զգայուն և կարեկից դառնալու միջոց է, այլ նաև մեր հասարակությանը բժշկելու ուղի է: Այո, հենց աղքատությունն է համավարակների ու այլ մեծամեծ դժբախտությունների պատճառը, որոնք շատանում են զրկանքների և անհավասարության պայմաններում: Սակայն այսօր ամենամեծ ռիսկի գործոնը շարունակում է մնալ աղքատությունը: Այս առիթով Աբայը իմաստուն կերպով նշել է. «Կարո՞ղ են նրանք, ովքեր սոված են, պարզ միտք ունենալ և ջերմեռանդություն ցուցաբերել իրենց ուսման մեջ։ Աղքատությունն ու վեճերը ծնում են բռնություն և ագահություն» (Խոսք 25): Քանի դեռ մոլեգնում են անհավասարությունն ու անարդարությունը, անհնար է կանգնեցնել COVID ավելի վատ վիրուսների տարածումը, որոնք են ատելությունը, բռնությունը, ահաբեկչությունը:
Սա մեզ կանգնեցնում է մեկ այլ համամոլորակային խնդրի առջև, որն հատկապես շատ է հուզում հավատացյալներին: Վերջին տասնամյակներում դա եղել է կրոնական առաջնորդների երկխոսության հիմնական թեման։ Եվ այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ նույնիսկ մեր օրերում դեռ կա պատերազմի ժանտախտ, անհույս հակամարտությունների մթնոլորտ, հետքայլ անելու և մյուսին ձեռք մեկնելու անկարողություն: Հրու՛մ է պետք, և եղբայրնե՜ր և քույրե՜ր: Անհրաժեշտ են հրատապ քայլեր, եղբայրնե՛ր և քույրե՛ր, և դա մենք պետք է անենք: Ինչպե՞ս կարող ենք մենք՝ հավատացյալներս, թույլ տալ, որ այս կյանքը կործանվի։ Ինչպե՞ս կարող ենք պատկերացնել, որ ներկայիս մարդիկ, որոնցից շատերն ապրում են այնպես, կարծես Աստված գոյություն չունի, հետաքրքրված լինեն հարգանքի և պատասխանատվության վրա հիմնված երկխոսությամբ, եթե նույնիսկ կրոնները, որոնք ներկայացնում են բազմաթիվ մշակույթների և ավանդույթների հոգին, ակտիվորեն չեն նպաստում խաղաղությանը:
Հիշելով անցյալի սարսափներն ու սխալները՝ համախմբենք մեր ջանքերը, որպեսզի Ամենակարողն այլևս չդառնա երկրային զորության կամքի պատանդը։ Աբայը հիշեցնում է. «Նա, ով թույլ է տալիս չարիք՝ առանց այն կանխելու, չի կարող իսկական հավատացյալ համարվել։ Կամ նա կիսով չափ է հավատացյալ» (տես Խոսք 38): Եղբայրներ, քույրեր, բոլորը և յուրաքանչյուրը պետք է մաքրվեն չարից: Սա է համառորեն պնդում ղազախ մեծ բանաստեղծը։ Նա գրում է. «Եթե որևէ մեկը, առանց ուսումը ավարտելու, թողնում է այն, նա զրկում է իրեն օրհնությունից» և «ով անփույթ է, կարգ ու կանոն չի պահում, չգիտի կարեկցել, չի կարող հավատացյալ համարվել» (Խոսք 12): Ուստի, եղբայրներ և քույրեր, եկե՛ք մաքրվենք մեզ արդար զգալու ցանկությունից և չդառնանք այնպիսիք, ովքեր սովորելու բան չունեն ուրիշներից: Եկե՛ք ձերբազատվենք Աստծո անունը վիրավորող սահմանափակ ու կործանարար պատկերացումներից, որոնք են դաժանությունը, ծայրահեղականությունը և ֆունդամենտալիզմը, ու Նրա անունը արատավորող ատելությունից, մոլեռանդությունից, ահաբեկչությունից, որոնք նաև խեղաթյուրում են մարդու կերպարը: Դա իսկապես այդպես է: Աբայը հիշեցնում է. «Մարդկության սկիզբը սերն ու արդարությունն է, […] սա Բարձրյալի արարման պսակն է» (Խոսք 45): Ոչ մի դեպքում չպետք է արդարացնել բռնությունը: Մենք թույլ չենք տա, որպեսզի աշխարհիկն օգտագործի սուրբը իր եսասիրական նպատակների համար: Սրբությունը չպետք է ծառայի որպես իշխանության հենարան, իսկ իշխանությունն էլ չպետք է հույսը դնի սրբության վրա:
Աստված խաղաղություն է, Նա միշտ տանում է դեպի խաղաղություն և ոչ երբեք պատերազմի: Հետևաբար, պետք է ավելի ուժգին կերպով խթանել և ամրապնդել այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հակամարտությունները չեն լուծի անիմաստ ուժային փաստարկներով, զենքերով և սպառնալիքներով, այլ միայն այն միջոցներով, որոնք օրհնում է Երկինքը և մարդկային է. հանդիպումներ, երկխոսություն, բանակցություններ, որոնք իրականացվում են երեխաների և երիտասարդ սերունդների մասին հատուկ հոգատարությամբ։ Նրանց մեջ ապրում է հույսը, որ խաղաղությունը ցավոտ բանակցությունների փխրուն արդյունք չէ, այլ մշտական ջերմեռանդ դաստիարակության պտուղ, որն էլ ավելի իրականանալի է դարձնում առաջընթացի և ապագայի մասին իրենց երազանքները: Աբայն այս առումով կոչ է արել ընդլայնել գիտելիքները, դուրս գալ սեփական մշակույթի սահմաններից, ընդունել ուրիշների իմացությունը, պատմությունը և գրականությունը: Խնդրու՜մ եմ, եկե՛ք ներդրումներ կատարենք կրթության մեջ, այլ ոչ թե սպառազինության:
Համավարակի և խախաղության հիմնախնդիրներից բացի, կա երրորդ խնդիրը, որն իրար եղբայրաբար ընդունելն է։ Այսօր մարդուն մեծ դժվարությամբ են ընդունում։ Ամեն օր մերժվում են դեռ չծնված երեխաներ, ներգաղթյալ երեխաներ և տարեցներ: Գոյություն ունի թափոնների մշակույթ: Քանի՜ եղբայրներ ու քույրեր են զոհաբերվում շահույթի զոհասեղանի վրա՝ անտարբերության հայհոյական խունկ թափելով։ Սակայն ամեն մարդ սուրբ է։ «Homo sacra res homini», ասում էին հնում (Seneca, Epistulae morales ad Lucilium, 95,33). հենց կրոնները պետք է հիշեցնեն աշխարհին այս մասին: Պատերազմի պատճառով երբևէ չի եղել մարդկանց այնպիսի տեղաշարժ, ինչպիսին կա այսօր, այսպիսի աղքատություն, կլիմայական նման փոփոխություններ, և այս ամենը բարեկեցության ձգտման արդյունք է, որի մասին գլոբալացված աշխարհը թույլ է տալիս իմանալ, սակայն որին հաճախ դժվար է մոտենալ: Այն տարածաշրջաններից, որտեղ աղետ է ու տագնապ, անընդհատ արտագաղթ է լինում դեպի առավել բարեկեցիկ շրջաններ: Մենք դա տեսնում ենք ամեն օր՝ աշխարհի տարբեր միգրացիոն հոսքերում։ Սրանք խրոնիկական տվյալներ չեն, այլ պատմական փաստեր, որոնք պահանջում է համատեղ ու հեռատես որոշումներ։ Իհարկե, մենք բնազդաբար պաշտպանում եք մեր դժվարությամբ ձեռք բերված բարեկեցությունը, և վախից փակում ենք դռներն աղքատության առջև: Շատ ավելի հեշտ է կասկածել, դատապարտել ու մեղադրել անծանոթին, քան փորձել իմանալ և հասկանալ իրավիճակը: Սակայն մեր պարտքն է հիշեցնել, որ Արարիչը, Ով հոգ է տանում Իր արարածների յուրաքանչյուր քայլի մասին, կոչ է անում մեզ տեսնել ճիշտ այնպես, ինչպես Ինքն է տեսնում. յուրաքանչյուր մարդու մեջ եղբայր տեսնել: Ներգաղթյալ եղբորը պետք է ընդունել, ուղեկցել, աջակցել և ինտեգրել:
Հենց ղազախերեն լեզվում դիմացինին սիրալիր նայելու կոչ կա։ Նրանում «սիրել» բառացի նշանակում է «ինչ-որ մեկին լավ հայացքով նայել»: Այս շրջանի ավանդական մշակույթը դա հաստատում է ժողովրդական մի հրաշալի ասացվածքով. «Եթե հանդիպես որևէ մեկին, փորձիր ուրախացնել նրան, գուցե վերջին անգամ ես տեսնում նրան»: Աբայն իր իսկ խոսքերով հաստատում է սա. «մարդը մարդու ընկերն է», և որ նման բարեկամությունը հիմնված է համընդհանուր հաղորդակցության վրա, քանի որ կյանքում և դրանից հետո կարևորագույն իրողությունները ընդհանուր են։ Ուստի նա հաստատում է նաև հետևյալը՝ «բոլոր մարդիկ միմյանց հյուր են» և «մարդն ինքը հյուր է այս կյանքում» (Խոսք 34)։ Եկե՛ք նորից սովորենք հյուրասիրության, սրտացավության, կարեկցանքի արվեստը: Եկե՛ք նաև ամաչել սովորենք, այո հենց ամաչել, սովորե՛նք առողջ ամոթխածություն զգալ, որը ծնվում է տառապող մարդու հանդեպ կարեկցանքից, այն հուզմունքից ու զարմանքից, որ ապրում ես, երբ տեսնում ես նրա վիճակն ու ճակատագիրը, և որը դու կիսում ես նրա հետ քո զգացմունքներով։ Կարեկցանքը մեզ ավելի մարդկային ու հավատավոր է դարձնում:
Մենք ևս մի խնդիր ունենք, որը մեր ընդհանուր տան պաշտպանությունն է: Հաշվի առնելով կլիմայական լուրջ փոփոխությունները՝ մենք պետք է պաշտպանենք մեր ընդհանուր տունը, որպեսզի այնտեղ չգերակայի շահույթի տրամաբանությունը, մենք այն պետք է պահպանենք ապագա սերունդների համար՝ ի փառս Արարչի։ Աբայը գրում է. «Սիրալիր հոգատարությամբ Արարիչը զարդարել է Երկիրը։ Լույս է տալիս՝ մեր ջերմ սրտերի շնորհը: Մայր Երկիր, երբ մարդիկ ծծում են քո կուրծքը, ապա նրանց քնքշությամբ նայում է Երկինքը» («Գարուն» բանաստեղծությունից): Մենք, որ դավանում ենք Նրան, ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ այն աղտոտվի, ոչնչացվի և վատ վերաբերվեն նրան։ Եկե՛ք միասին լուծենք այս խնդիրը։ Սա կարևորությամբ վերջին խնդիր չէ, քանի որ իրականում այն ուղիղ կապ ունի համավարակի հետ: COVID-19 նման վիրուսները չափերով շատ փոքր են, մանրադիտակային, սակայն կարող են ոչնչացնել առաջընթացի մեծագույն հավակնությունները, և դրանց տարածումը հաճախ կապված է բնության անհավասարակշռության հետ, որը շատ դեպքերում խախտվել է մեր մեղքով: Մեզ պետք է մտահոգի անխնա անտառահատումը, կենդանիների ապօրինի վաճառքը, ինտենսիվ անասնապահությունը… Շահագործական մտածողությունը կործանում է մեր ընդհանուր տունը: Այն ստվերում է նաև Արարչին հաճելի աշխարհի հարգալից և կրոնական տեսլականը: Ուստի մեր անվիճելի պարտքն է նպաստել ու աջակցել կյանքի պաշտպանությանն իր բոլոր ձևերով:
Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, եկե՛ք միասին առաջ ընթանանք, որպեսզի կրոնների ճանապարհը միշտ ավելի բարեկամական դառնա: Աբայն ասում է. «Վատ ընկերը նման է ստվերի, երբ արևը գլխավերևում է, չես կարող ազատվել նրանից, երբ ամպերը թանձրանում են, չես գտնի» (Խոսք 37): Թո՛ղ երբեք նման բան մեզ հետ չպատահի: Թո՛ղ Ամենակարող Աստվածը մեզ ազատի կասկածի ու կեղծիքի ստվերից, մեզ ուղարկի արևային և եղբայրական բարեկամությունը պահպանելու կարողություն՝ հաճախակի երկխոսության և անկեղծ մտադրությունների շնորհիվ: Միայն այսպես այս ճանապարհին և այն խավար ժամանակներում, որում ապրում ենք, մենք կկարողանանք ճառագել մեր Արարչի լույսը: Շնորհակալություն բոլորին»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը