«Լսել միմյանց մեր բազմազանության մեջ և բացել դռները Եկեղեցուց դուրս գտնվողների համար»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2022թ. հոկտեմբեր ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել «Եկեղեցու համար, որը բաց է բոլորի համար»:
Սրբազան Քահանայապետը հարցնում է ինքն իրեն. «Ի՞նչ է նշանակում սինոդ անցկացնել» և պատասխանում է. «նշանակում է քայլել միասին»: Հունարենից թարգմանաբար «սինոդ» բառը նշանակում է ճանապարհորդություն մեկ ուղղությամբ: Հենց դա է Աստված սպասում երրորդ հազարամյակի Եկեղեցուց։ Կաթողիկէ Եկեղեցին կոչված է նորովի գիտակցելու, որ ինքը ճամփորդող ժողովուրդ է, և որ պետք է բոլորի հետ միասին քայլի այդ ճանապարհով, – ընդգծում է Նորին Սրբությունը.
«Նման սինոդական ոճով եկեղեցին ուշադրության եկեղեցի է, որը գիտակցում է, որ ունկնդրելն ավելին է, քան լսելը։ Դա նշանակում է լսել միմյանց մեր բազմազանության մեջ և բացել դռները Եկեղեցուց դուրս գտնվողների համար: Խոսքը կարծիքներ հավաքելու և խորհրդարան ստեղծելու մասին չէ։ Սինոդն ամենևին էլ հարցում չէ, պետք է միայն լսել գործող գլխավոր անձին՝ Սուրբ Հոգուն, դա աղոթքն է: Առանց աղոթքի սինոդ չի կարող լինել: Օգտվենք այս հնարավորությունից մոտիկության Եկեղեցի դառնալու համար: Եկե՛ք շնորհակալություն հայտնենք համայն Աստծո ժողովրդին, որ ուշադիր ունկնդրելով, գնում են սինոդական ճանապարհով: Աղոթե՛նք, որ Ավետարանին հավատարիմ և նրա հռչակման մեջ համարձակ Եկեղեցին ավելի ու ավելի ապրի սինոդականության մեջ և լինի համերաշխության, եղբայրության ու հյուրընկալության վայր»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը