Աւագ ուրբաթը Սուրբ Աթոռում. Խաչի երկրպագութիւն եւ Խաչի ճանապարհ Կոլիզեումի մօտ (նաեւ՝ video)
Աւագ ուրբաթ օրուայ արարողութիւնները Հռոմում սկսուեցին Սբ. Պետրոսի տաճարում, ժամը 17:00-ին, մեծագոյն հանդիսաւորութեամբ եւ խորհրդաւորութեամբ: Երբ Սրբազան Քահանայապետը մտաւ տաճար, բերանքսիվայր պառկեց հատակին՝ ի նշան զղջման եւ ապաշխարութեան եւ մի քանի րոպէ լուռ աղօթեց: Ապա օրուայ խորհրդի շուրջ խօսեց քահանայապետական պալատի քարոզիչ Հ. Ռանիերո Քանթալամեսսան:
21:15-ին Հռոմի Կոլիզեումի հարեւանութեամբ, բազմահազար հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ «Խաչի ճանապարհ» արարողութիւնը: Յիսուսի չարչարանքների 14 կայանների շուրջ խորհրդածութիւններն այս տարի հեղինակել էր Նովարայի վաստակեալ եպիսկոպոս Ռենատո Քորտին եւ վերնագրել.«Խաչը՝Աստուծոյ Կատարեալ Սիրոյ փայլատակող գագաթնակէտը»: Խորհրդածութիւնները ուշադրութիւն են հրաւիրել աշխարհում ցաւի ու տառապանքի տարբեր դրսեւորումներին՝ մանկապղծութիւն, մարդավաճառութիւն, հալածանքներ՝ քրիստոնեաների դէմ: Խաչի ծանրութեան տակ կքուած Յիսուսի մէջ կարելի է տեսնել բանտարկեալների, շահագործուած, հալածուած հաւատացեալների, հիւանդների, արհամարուածների:
Խաչը թափորով կրում էին տարբեր ազգութիւնների ընտանիքներ՝ Իրաքից, Քենիայից, Չինաստանից, Նիգերիայից, Եգիպտոսից եւ այլ երկրներից, որտեղ կան հալածանքներ տեղի քրիստոնեայ բնակչութեան նկատմամբ: Խաչի ճանապարհի վերջում Քահանայապետը ասաց, որ Խաչի ճանապարհը Յիսուսի կեանքի եւ խոնարհութեան պատկերի ներդաշնակութիւնն է: Քահանայապետն այսպէս աղօթեց.
«Հօր կամքին Քո հնազանդութեան մէջ մենք զգում ենք մե՛ր անհնազանդութիւնը: Քո հանդէպ դաւաճանութեան մէջ տեսնում ենք մեր ամենօրեայ դաւաճանութիւններն ու սովորութիւն դարձած անհաւատարմութիւնը: Քո Ամենամաքուր Գառան անմեղութեան մէջ տեսնում ենք մեր ողջ մեղքը: Քո ծեծուած, թքաշաղախ, այլանդակուած դէմքին տեսնում ենք մեր մեղքերի ամբողջ դաժանութիւնը: Քո չարչարանքների դաժանութեան մէջ տեսնում ենք մեր սրտի եւ գործերի ողջ անգթութիւնը: Լքուածութեան քո զգացումի մէջ տեսնում ենք բոլոր նրանց, ովքեր լքուած են իրենց ընտանիքների կողմից, զրկուած են ուշադրութիւնից եւ համերաշխութիւնից: Քո զոհաբերուած, մեխերով ծակուած եւ պատառոտուած մարմնում տեսնում ենք մարմինները մեր եղբայրների…Քո ծարաւի մէջ, Տէ՛ր, տեսնում ենք ծարաւը Քո Հօր, ով կամեցաւ Քո մէջ գրկել, ներել ու փրկել ամբողջ մարդկութեանը…
Տէ՛ր Աստուած, մեր սրտերը լցրու՛ հաւատով, հոյսով եւ սիրով, տխրութեամբ՝ մեր մեղքերի համար…որոնք քեզ խաչը հանեցին: Օգնի՛ր մեզ մեր դարձը խօսքով վերածենք դարձի՝ մեր կեանքով: Օգնի՛ր մեզ…որ չմոռանանք այն սարսափելի գինը, որ դու վճարեցիր մեզ փրկագնելու համար…Պահպանի՛ր մեր մէջ սէրը, որպէսզի այն չենթարկուի այլասիրութեան եւ աշխարհիկացման: Սովորեցրու՛ մեզ, որ խաչը ճանապարհն է դէպի Հարութիւն»: