«Յիսուս իսպա՛ռ սիրեց նրանց».Քահանայապետը լուաց բանտարկեալների ոտքերը
Ոնտլուայի արարողութիւնը Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կատարեց Հռոմի Ռեբբիբիայի բանտում, Սբ. Պատարագից յետոյ: Բանտարկեալները մեծ խանդավառութեամբ դիմաւորեցին Քահանայապետին եւ գրկախառնուեցին նրա հետ: Նրանցից մէկը խնդրեց Քահանայապետին օրհնել իր վախճանուած սիրեցեալին պատկանող մի իր եւ, օրհնութիւնը ստանալով, համբուրեց նրան: 12 բանտարկեալների բախտ վիճակուեց լինել Յիսուսի աշակերտների տեղում եւ թոյլ տալու, որ Քահանայապետը լուայ ու համբուրի իրենց ոտքերը: Նրանց կէսը կանայք էին, մէկը՝ երեխայի հետ, եւ շատ յուզուած էին:
Սբ. Պատարագը մատուցուեց բանտի «Հայր մեր» եկեղեցում: Քահանայապետն իր քարոզը սկսեց Յիսուսի յետեւեալ խօսքով.«Սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց» (Յվհ.,13:2): Սա՛ է Յիսուսի արած գործի առանցքը: Յիսուս սիրեց եւ սիրում է մեզ, առանց սահմանների, միշտ իսպա՛ռ, բացատրեց Նորին Սրբութիւնը: Նա երբեք չի յոգնում մէկին սիրելուց: Յիսուս սիրեց մեզ՝ իր կեանքը զոհելու աստիճան: Նա իր կեանքը տուեց իւրաքանչիւրիս համար, եւ իրաքանչիւրը կարող է ասել.«Նա ի՛նձ համար տուեց իր կեանքը»: Քահանայապետը բանտարկեալներից իրաքանչիւրին ուղղեց այդ խօսքը.«Յիսուս իր կեանքը տուեց քե՛զ համար, եւ քե՛զ համար եւ քե՛զ…»: Յիսուսի սէրը երբեք չի յոգնում ներելուց եւ չի խաբում:
Երբ Յիսուս լուաց իր աշակերտների ոտքերը, նրանք չհասկացան, որովհետեւ, ըստ սովորութեան, դա ստրուկների գործն էր: Յիսուս նրանց ոտքերը լուաց ստրուկի պէս: Յիսուս ասաց Պետրոսին, որ յետոյ կհասկանա, թէ ինչ արեց ինքը: Յիսուս մեզ ծառայելու համար ստրուկ դարձաւ, նա լուանում է մեր ոտքերը նաեւ այսօր, մաքրում է մեզ, որպէսզի նորից զգանք իր սէրը մեր հանդէպ:
Նորին Սրբութիւնը յիշեցրեց Եսայու մարգարէութեան հետեւալ տողը.«Կարո՞ղ է արդեօք մայրը մոռանալ իր զաւակին: Թէկուզ մայրը մոռանայ իր զաւակին, ես չե՛մ մոռանայ քեզ» (Ես., 49:15): Այսպիսին է Աստուծոյ սէրը մեր հանդէպ:
Իսկ ոտլուայի արարողութիւնը սկսելուց առաջ Քահանայապետն ասաց բանտարկեալներին.«Ես կլուամ ձեզնից 12-ի ոտքերը, բայց այս մեր եղբայրների ու քոյրերի մէջ բոլո՛րդ էք՝ իւրաքանչիւրդ…Բայց ե՛ս էլ կարիք ունեմ մաքրուելու Տիրոջից: Ուրեմն, աղօթեցէ՛ք, որպէսզի Աստուած էլ մաքրի ի՛մ կեղտը, որ դառնամ ձեր ստրուկը՝ ստրուկի նման ժողովրդին ծառայելու համար, ինչպէս Յիսուս ծառայեց»: